Քաղաքականություն

Դադարեք լինել կարիկատուրա

Դադարեք լինել կարիկատուրա

Սկզբում երկու խոսք այն մասին, թե ինչու այս հոդվածը չվերնագրեցի «Էշի երկիր»: Ուրեմն, նախ՝ վստահ էի, որ գլխավոր խմբագիրս կփոխեր այն, եւ ապա՝ մեր հայրենասեր ուժերին դուր չէր գա: Կասեին՝ էշի երկիրը ո՞րն ա, այ ընկեր, մի՞թե դու այդ երկրի քաղաքացի չես: Դե արի ու այդ մարդկանց երկար-բարակ բացատրիր, որ դու բացառապես իշխանություններին նկատի ունենալով ես ասել «էշի երկիր»: Եվ, որպեսզի ավելորդ էքսցեսներ չառաջացնեմ հանրության շրջանում, ընտրեցի համեմատաբար մեղմ բնորոշում՝ «Կարիկատուրաներ»: Հիմա էլ կարող եք հարցնել՝ ինչո՞ւ կարիկատուրա եւ ոչ՝ ծաղրանկար: Այո, կարիկատուրան բառարանում հենց այդպես էլ թարգմանված է՝ ծաղրանկար, բայց ես իմ հոդվածի վերնագրի համար ընտրեցի հենց «կարիկատուրան», որովհետեւ դրա հոգնակին՝ «կարիկատուրաներ», միանգամայն այլ իմաստ ու նրբերանգ ունի եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չես կարող համեմատել «ծաղրանկարներ» եզրույթի հետ: 

Ծաղրանկարները հումորի, գրոտեսկի, սատիրայի ժանրերով արված թեմատիկ նկարներ են, մինչդեռ գոնե ես, կարիկատուրա եւ կարիկատուրաներ ասելով նկատի ունեմ բացառապես մարդ արարածին, որ, բախտի բերմամբ կամ պատահմամբ, հայտնվել է հակացուցված միջավայրում, մի տեղ, որտեղ ինքը չպետք է լիներ, բայց կա: Որո՞նք են այդ միջավայրերը: Դրանք ինչ-որ արտառոց բաներ չեն, օրինակ՝ կառավարություն, Ազգային ժողով, քաղաքապետարան, նախարարություն… Է՞լ ինչ կա այնտեղ, հա՝ գերատեսչություն, վարչություն, աշխատակազմ, ֆուտբոլի եւ ծանրամարտի ֆեդերացիաներ, հակակոռուպցիոն մարմին, ՊԵԿ, դատախազություն… Վերջապես՝ դպրոց, մանկապարտեզ, հեռուստացույց եւ լվացքի մեքենա արտադրող գործարաններ, սոցապբաժիններ, տրանսպորտ: Քաղաքականության մեջ հայտնված կարիկատուրաների մասին էլ չասեմ: Ինչքան մեծ է քաղաքականությունը, այնքան խղճուկ է տվյալ կարիկատուրան, որ հայտնվել է այդ միջավայրում: Հասկացա՞նք: Այսինքն, հակադարձ համեմատականության օրենքն է գործում: Դիցուք՝ մեր ԱԳ նախարարն ավելի խղճուկ է, քան նրա հայտնի տեղակալը: Պատճառն էլ այն է, որ ԱԳ նախարարը մի քիչ ավելի մեծ քաղաքականության մեջ է հայտնվել, քան իր տեղակալը: Եվ դա չի խանգարում ասելու, որ նրանց պարագայում մենք գործ ունենք իսկական կարիկատուրաների հետ: Կարող ենք ավելի վերեւ բարձրանալ, հասնել քաղաքականության ավելի բարձր մակարդակի, որտեղ ԱԳ նախարարի շեֆը՝ վարչապետն է հայտնվել: Մենք այստեղ գործ ունենք իրենից բացարձակ արժեք չներկայացնող մի անձնավորության հետ, որի կարիկատուրիկ որակները, ցավոք սրտի, տեսանելի են ոչ միայն տվյալ հասարակության անդամներին, այլեւ ողջ միջազգային հանրությանը:

Հայերս կարիկատուրա ասելով՝ հաճախ հասկանում ենք ծաղր: Դրանք այն դեպքերն են, երբ «կարիկատուրա» բառից առաջ որեւէ պաշտոնի կամ մասնագիտության անվանում ենք գործածում: Օրինակ՝ քաղաքապետի կարիկատուրա, պատգամավորի կարիկատուրա, նախարարի կարիկատուրա, ավելի հազվադեպ՝ փականագործի կարիկատուրա, ուսուցչի կարիկատուրա, հնձվորի կարիկատուրա եւ այլն: Որքան բարձր է կարիկատուրայի զբաղեցրած դիրքը, այնքան հնչեղ է «կարիկատուրա» բառը եւ առավել բազմիմաստ: Դիցուք՝ երբ ասում ես վարչապետի կարիկատուրա, անկախ քեզնից, հասկանում ես՝ ցնդած, լաչառ, կամակոր, հակասական, դրածո, դավաճան, կապիտուլյացիայի հակումներով, հողատու, նենգ, փոքրոգի, եսապաշտ մարդ: Թքում-մրում ես, ասում է՝ անձրեւ է գալիս: Ինչի՞ց է դա: Այո, նա մեկ անգամ հայտնվել է մի միջավայրում, որն ուղղակի իրենը չէ: Նա նույնիսկ այդ պարզ իրողության ընկալումը չունի, եւ դա տեսնում է ոչ միայն տվյալ հասարակությունը, այլեւ ողջ միջազգային հանրությունը՝ Պեկինից մինչեւ Վաշինգտոն, Բրյուսելից մինչեւ Բաքու, Մոսկվայից մինչեւ Անկարա: Դատախազի, ՊԵԿ նախագահի, հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի, ԴԱՀԿ-ի եւ մնացածի կարիկատուրաներն իրենց մասշտաբով շատ ավելի փոքր են, քան վարչապետի կարիկատուրան եւ ենթարկվում են վերջինիս: Ընդհուպ կարելի է ասել՝ երբ ունես վարչապետի կարիկատուրա, ապա ինքնաբերաբար ունես նաեւ կարիկատուրա կառավարություն եւ պետական կառույցներ: Ու եթե վարչապետի կարիկատուրան վերահսկում է նաեւ տեղական կառավարման մարմինները, ապա ավելորդ է դառնում ասելը, որ կարիկատուրայի են վերածվում բոլոր համայնքապետերը՝ գյուղապետից սկսած, խոշորացված համայնքապետերով ու քաղաքապետերով վերջացրած: Սրանց, սովորաբար, անվանում են տեղական նշանակության կամ լոկալ կարիկատուրաներ: Այստեղ էլ նույն տեսակետն է գերիշխում, որ ինչքան մեծ է համայնքը, այնքան նկատելի է տվյալ համայնքի կարիկատուրան: Ենթադրենք՝ կա մի քաղաք, որն իր հարկատուների քանակով եւ արտադրական կարողություններով պետության կեսից էլ մեծ է: Հիմա՝ եթե տվյալ քաղաքապետը կարիկատուրա վարչապետի նշանակածն է, չի կարող մնացյալ համայնքապետերից շատ ավելի ակնառու կարիկատուրա չլինել: Բացի այդ էլ՝ ի՞նչ բառով, եթե ոչ կարիկատուրա, բնորոշես տվյալ խոշոր քաղաքապետ-համայնքապետին, եթե նա տրանսպորտի ոլորտում երկու էշի գարի իրարից ջոկել չի կարողանում: Հասկացա՞նք, թե խոսքն ում մասին է:

Եվ վերջում ասեմ․ առաջիկա օրերին լրագրողական հետաքննություն եմ սկսելու կարիկատուրա ղեկավարներից մեկ գիշերվա մեջ ազատված երկու կառույցի՝ ՊԵԿ-ի եւ հակակոռուպցիոն մարմնի մասին: Ուշադրությանս կենտրոնում կլինի նաեւ ԴԱՀԿ-ն, ինչպեսեւ՝ բանկերից մեկը, որ թվարկվածների պասով արգելափակել է արտերկրում գտնվող ՀՀ շարքային քաղաքացու բանկային քարտը: Հուսամ՝ այս կարիկատուրա կառույցների նորանշանակ ղեկավարները չեն նմանվի իրենց նախորդներին:

Դադարեք լինել կարիկատուրա, սիրում եմ բոլորիդ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image