Դեկտեմբերի 24֊ին կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը։ Շուրջ 10 օր շարունակ գլխավոր տոնածառի շուրջ խոսակցությունները չէին դադարում՝ ինչու են լույսերը ուշանում և ինչն է պատճառը։ Թեման ակնհայտորեն շահարկվում էր Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների կողմից՝ փորձելով այն տեղափոխել քաղաքական դաշտ։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքում տեղի կունենա մեծ տոնակատարություն՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ։ Մինչ այդ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն էր հայտնել, որ անակնկալ է սպասվում, բարեգործական կազմակերպության աջակցությամբ էլ միջոցառում է իրականացվելու։ Դժվար չէ կռահել, որ խոսքը վերաբերում է «Մեր ձևով» շարժմանը՝ «Տաշիր Գրուպ» ընկերության նախաձեռնությանը, որը ամենայն հավանականությամբ այս տարի Գյումրու տոնակատարությունների կազմակերպիչներից մեկն է լինելու։
Երեկ «Մեր ձևով» շարժման Գյումրու կառույցի ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանը հանրությանը տեղեկացրեց․ «Նշելու ենք ամանորը` շատ շուտով և ամենակարևորը` մեր ձևով»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Գյումրու օրվա տոնակատարությունների ծախսը ևս հոգացել էր «Տաշիր Գրուպ»-ը, որը տարբերվում էր նախորդ տարիների տոնակատարություններից։ Այն առանձնանում էր նրանով, որ ողջ միջոցառման ընթացքում կարմիր թելի նման ձգվում էր հայրենասիրությունը` ստեղծելով միահամուռ տոնական մթնոլորտ։
Գյումրեցիները ակնկալում են, որ ամանորյա միջոցառումները ևս կազմակերպվելու են բարձր մակարդակով: