Փետրվարի 9-ին ռուսական Առաջին ալիքով կկայանա «Բեռլինյան տապ» լրտեսական նոր սերիալի պրեմիերան։ Սերիալում գործողությունները ծավալվում են 1943-ի ամռանը։ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկություններ է ստանում, որ ֆաշիստական վարչակարգի ենթակայությամբ գործող ֆիզիկոսները սկսել են միջուկային ռումբի ստեղծման աշխատանքներ։ Խորհրդային գործակալ Ֆրանց Խարթմանը, որի կերպարը մարմնավորել է Գելա Մեսխին, հանձնարարություն է ստանում՝ տեղեկություններ հավաքել այդ մասին։ Գործակալ Խարթմանն աշխատում է Բեռլինում՝ քողարկմամբ։ Նա սկսում է առաջադրանքի կատարումը։ Մշակում է բազմաքայլ օպերացիա՝ ներառելով գերմանական հետախուզության ղեկավար Վալտեր Շելենբերգին, որի կերպարը մարմնավորել է Ալեքսեյ Ֆիլիմոնովը։ Տեսադաշտում հայտնվում է գերմանացի ֆիզիկոս Վերներ Գեյզենբերգը (Կյարո)։
Առաջադրանքն իրականացնելիս Խարթմանը ծանոթանում է գերմանական ԱԳ նախարարության աշխատակից Դորիի հետ, ինչը ճակատագրական է լինում եւ փոխում է գործակալի կյանքի ընթացքը։ Այդ ընթացքում Մոսկվայում Իգոր Կուրչատովի ղեկավարությամբ արագանում են խորհրդային միջուկային ռումբի մշակման աշխատանքները։ Մոսկվայի համար կարեւոր էր ոչ միայն թշնամուն հաղթելը, այլ նաեւ թույլ չտալը, որ որեւէ մեկը կարողանա խորհրդային պետությանը միջուկային շանտաժի ենթարկել։ Այս խնդիրն իրականացնելու համար խորհրդային գիտնականները պետք է հիմնարար հետազոտություններ կատարեին ու պրակտիկ արդյունքներ ստանային ամենակարճ ժամկետներում։ Սերիալը նկարահանվել է Դմիտրի Պոլյակով-Կատինի համանուն վեպի հիմքով եւ հանդիսանում է պատմական իրական դեպքերի վերաիմաստավորումն ու կինոմեկնաբանությունը։