Քաղաքականություն

«Հրապարակ»․ Փաշինյանի, Ալիեւի եւ Փաշազադեի տեղեկատվական ծաղրածուությունները

«Հրապարակ»․ Փաշինյանի, Ալիեւի եւ Փաշազադեի տեղեկատվական ծաղրածուությունները

Այս օրերին Հարավային Կովկասում գլխավոր իրադարձությունն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն էր Հայաստան եւ Ադրբեջան։ Հայաստանում, ինչպեսեւ սպասելի էր, բանակցություններ-հայտարարությունների թեմատիկան 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ստորագրված 3 Փոխըմբռնման հուշագրերն էին՝ 1. «Խաղաղության խաչմերուկներ» ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման վերաբերյալ (MOU on Partnership in the Field of Capacity Development of the “Crossroads of Peace” Project), 2. Արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական համագործակցության վերաբերյալ (MOU on Innovative Partnership in the Field of Artificial Intelligence and Semiconductors), 3. Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության վերաբերյալ (MOU on Partnership in the Field of Energy Security): Գոնե հասարակությանը հասանելի հատվածում ողջ խոսակցությունն այս 3 թեմայի շուրջ էր, 2025-ի օգոստոսից ի վեր դրանց ուղղությամբ արված քայլերի, ուրվագծված ծրագրերի։

Առավելապես էներգետիկ անվտանգության ոլորտը շեշտվեց, քանի որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ բանակցություններն ավարտելու մասին, ԱՄՆ փոխնախագահն էլ հումորով նկատեց, թե իրենք այնքան արագ են փոխըմբռնման եւ համաձայնության հասել, որ աշխատանքային խմբերին առանձնապես գործ չի մնացել։ Հայաստանում կիսահաղորդիչների արտադրության ուղղությամբ ներդրումների, ծրագրերի մասին խոսակցություն եղավ, մեկ-երկու անգամ էլ TRIPP-ը հիշատակվեց՝ առանց որեւէ կոնկրետության։ 

Ամփոփ տպավորությունն այն էր, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցություն է զարգանում միջուկային էներգիայի, կիսահաղորդիչների, գաղտնիության կնիք կրող եւ հազվագյուտ երկրների հասանելի արտադրությունների ու տեխնոլոգիաների ոլորտներում, եւ դա հրաշալի մանիֆեստացիա էր՝ ի գիտություն Հայաստանի հարեւանների։ Սակայն Ջեյ Դի Վենսի այցի մեծագույն արժեքը այցն էր ինքնին՝ անկախ բանակցվող թեմաներից։ ԱՄՆ փոխնախագահն ընտանյոք ժամանում է Հայաստան, այն էլ՝ պաշտոնական այցով, երբ ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, այլեւ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում էլ հազիվ 3-4 երկիր գտնվի, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Ուիթկոֆ-Քուշներից բացի ԱՄՆ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հյուրընկալած լինեն։ Վենսի այցի օպտիկան արդեն ցույց է տալիս, թե ԱՄՆ-ն որքան է կարեւորում Հայաստանում հաստատվելու օրակարգը։ 

Եվ այստեղ Փաշինյանի՝ իբր Վենսին շնորհակալություն հայտնելու կապակցությամբ իրեն մեջտեղ բերելը, հեքիաթներ պատմելը, թե անցյալ տարի Աղոթքի նախաճաշի առթիվ իր այցը Վաշինգտոն, Վենսի հետ Սպիտակ տան միջանցքում ոտքի վրա լուսանկարվելը դեր են կատարել, որ ԱՄՆ-ն զբաղվի Հայաստանով, եւ այս արդյունքները լինեն, միայն քմծիծաղ է հարուցում։ Այս՝ ամնեզիայով տառապողը երեւի մոռացել է, որ անցյալ տարի Վենսի հետ լուսանկարը միայն ինքն էր հրապարակել, Վենսն անգամ իր սոցիալական օգտահաշիվներում բառ չէր գրել Փաշինյանի հետ հանդիպում կամ խոսակցություն ունենալու մասին։ Դրանից հետո՝ մինչեւ օգոստոս, Վաշինգտոնը որեւէ անգամ ցույց էլ չի տվել, թե գիտի Փաշինյանի գոյության մասին։ Այն քայլերը, որ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը 2022-ից, հատկապես 2024-ից ի վեր կատարում են Հայաստանի առնչությամբ, հազիվ թե Փաշինյանի հասկացողության սահմաններում են, եւ Փաշինյանի էժանագին մանիպուլյացիաները, թե իբր ինքն է այդ գործընթացների կենտրոնում եւ նույնիսկ` ուղղորդում, միայն ծիծաղ են առաջացնում։ 

Նույնպիսի ձեռնածություններով է զբաղված նաեւ Ադրբեջանը, որն իրականում կցորդ է ԱՄՆ-ի՝ Հայաստանում հաստատվելու հարցում։ Պատահական չէ, որ Հայաստանի ետեւից քայլելը եւ Հայաստանից մեկ տարի հետո ԱՄՆ-ի հետ Ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելն Ալիեւը գնահատում է որպես իր մեծագույն ձեռքբերումը։ ԱՄՆ փոխնախագահն էլ Բաքվում ոչ մի ավել արժեքավոր իրողություն չգտավ՝ Ադրբեջանին դրվատելու համար, քան պատմելը, թե ինքնաթիռում իր աշխատակիցներին ասել է, որ Թրամփից բացի Իլհամ Ալիեւը երեւի միակ առաջնորդն է աշխարհում, որ իսկապես լավ հարաբերություններ ունի թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի հետ։ «Ես ասացի՝ դա երկու բացատրություն կարող է ունենալ․ կա՛մ ադրբեջանական խոհանոցն է երեւի իսկապես համեղ, կա՛մ Ալիեւն է շատ հմայիչ անձնավորություն»։ Վենսի ծիծաղն էլ եկավ իր ասածից, Ալիեւն էլ ծիծաղեց, ներկաներն էլ։ 

Սակայն Վենսի սրամտությունից ավելի ծիծաղելի էր Ալիեւի հերթական քարոզչական փուչիկը։ Ինչպես օկուպացված Շուշիում Ադրբեջանն իբր լրագրողական միջազգային փառատոներ է կազմակերպում, որոնց Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, եւս մի երկու թյուրքալեզու երկրից բացի այլ մասնակիցներ չեն գտնվում, հիմա էլ Ալիեւի երեւակայությունը նոր ֆարսի էր բավարարել։ Քանի որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ AI-ի, կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրել, Վենսի այցի շրջանակում ԱՄՆ պաշտոնյաների, ընկերությունների մասնակցությամբ Երեւանում համաժողով էր գումարվում, Ալիեւն էլ իր կարողացածն է արել։ ԱՄՆ Առեւտրի պալատի միջազգային բաժանմունքի՝ Թուրքիա, Մերձավոր Արեւելք, Միջին Ասիայի պատասխանատուի (Kush Choksy) գլխավորությամբ, արեւմտյան ընկերությունների ներկայացուցիչների է հրավիրել Բաքու (մեծ հավանականությամբ՝ այդ ընկերությունների մերձավորարեւելյան ստորաբաժանումներից) եւ առանց անհարմար զգալու՝ լրատվամիջոցներով տարածել, թե Apple-ի, ExxonMobil-ի, JP Morgan-ի եւ այլ աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարները պատվիրակությամբ այցելել են Բաքու։ Ի սեր Աստծո... Apple, ExxonMobil, JP Morgan եւ մյուս ընկերությունների ղեկավարները միայն ԱՄՆ նախագահների ղեկավարած պատվիրակությունների կազմում են երբեմն ինչ-որ երկիր գնում։ Եվ նման մարդիկ հաստատ քաղաքակրթությունից լուսնային հեռավորության վրա գտնվող, նավթի ու ցեխի միջեւ տարուբերվող ադրբեջաններ չեն գնում։ Ներքին լսարանի համար ֆարսերը գոնե միայն ադրբեջաներեն տարածեն... 

Իսկ խեղկատակության առաջին հորիզոնականն իրավամբ պատկանում է ոչ թե Ադրբեջանի աշխարհիկ իշխանությանը, այլ հոգեւոր առաջնորդին՝ Փաշազադեին։ Այս անձն ինչ-որ տարօրինակ մտասեւեռում ունի՝ ցույց տալու, թե ինքը հանդիպում է Հռոմի պապին։ Աշնանը Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում անցկացված մի էկումենիկ միջոցառման ժամանակ, հարյուրավոր այլ մասնակիցների նման, նա մոտեցել էր Հռոմի պապին եւ դրսում ձեռքսեղմումը ներկայացրել էր որպես Պապի հետ հանդիպում։ Պարզ էր, որ Վատիկանը բառ անգամ չէր գրել նման հանդիպման մասին։

Երեկ նորից ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, Հայաստանում էլ արտատպել էին, թե փետրվարի 9-ին Փաշազադեն հանդիպել է Հռոմի Լեւոն XIV պապին։ Նայեցի թե՛ Սուրբ Աթոռի (vatican.va), թե՛ Vatican News-ի լրահոսերը, ընդ որում՝ ոչ միայն փետրվարի 9-ի, այլեւ նախորդ, հաջորդ օրերի՝ 7, 8, 9, 10. Փաշազադեի հետ Հռոմի պապի հանդիպման մասին չկա ոչ մի բառ կամ տառ։ Բնականաբար, հետաքրքրեց՝ այդ դեպքում որտեղի՞ց է լուրը։ Պարզվեց, որ գոյություն ունեն Caucasus Muslim Board կոչվող կազմակերպություն եւ կայք, որտեղ փետրվարի 10-ին հրապարակվել է մի քանի լուսանկար, որոնցում Փաշազադեն եւ մի քանի այլ հոգեւորականներ (արտահագուստից դատելով՝ տարբեր դավանանքների), նաեւ՝ աշխարհիկ անձինք, խմբակային լուսանկարվել են Պապի հետ, մի ուրիշ լուսանկարում նվերներ են հանձնում Պապին, մի երրորդ լուսանկարում՝ այլ սրահում կարդինալների հետ սեղանի շուրջ զրուցում են։ Ընդսմին, լուսանկարներին ուղեկցող ոչ մի բառ գոյություն չունի։ Թե ադրբեջանական լրատվամիջոցները որտեղից են ամբողջ տեքստ հորինել, մանրամասներ հաղորդել, Աստված գիտի...

Էականը` որ Վատիկանը, Սուրբ Աթոռը կրկին անտեսել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին եւ բառ անգամ չի հրապարակել Պապի հետ նրա հանդիպման մասին։ Եվ դա՝ այն պարագայում, երբ փետրվարի 9-ին Պապի մոտ ընդունելության եղած յոթ պատվիրակությունների եւ անձանց մասին է հաղորդվել, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենի։ Մինչդեռ Փաշազադեի եւ իր անտուրաժի մասին ոչ մի հիշատակում։ Փաշազադեին մնում է «Կրկին փորձիր» տարբերակը, ինչպես Coca-Cola-ի գովազդում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image