Երեկ հայտնի դարձավ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ԺՊ-ի անունը՝ Նարեկ Ապիտոնյան, որին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է հիմնարկի աշխատակազմին:
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն ՀՀ էներգահամակարգում առանցքային դեր ունի, կարելի է ասել՝ բալանսավորում է էներգետիկ համակարգը: Այն զբաղվում է դրա օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ, սպասարկում է կապուղիներ, մալուխային և օդային կապի գծեր, ռադիո և այլ հատուկ կապի ու հեռուստամեխանիկայի սարքավորումներ, իրականացնում է էլեկտրաէներգիայի արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավարման գործառույթները, որոշումներ է կայացնում էլեկտրամատակարարման սահմանափակումների վերաբերյալ, եւ այլն:
Նարեկ Ապիտոնյանը զբաղեցրել է էներգետիկայի վարչության խորհրդականի պաշտոն, բայց արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ Խուդաթյանը նրան ներկայացրել է որպես իր խորհրդական, ինչպես օրինակ, «Բեռլինի էներգետիկ վերափոխման երկխոսություն» համաժողովի ժամանակ: Համակարգում Ապիտոնյանը համարվում է նախարարի մարդը: Նա աշխատանքի է ընդունվել անցյալ տարվա նոյեմբերին, երբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց ՏԿԵ նախարար:
Տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին շնորհակալություններով ճամփել են տուն: Նարեկ Ապիտոնյանը մինչեւ խորհրդական դառնալը երկար տարիներ՝ 2011-2024 թթ աշխատել է Հայկական ատոմակայանում՝ որպես ինժեներ: Սա նրա միակ աշխատատեղն է եղել: