«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոշոր գործարար է` ցեմենտի եւ կրի գործարան ունի, միաժամանակ զբաղվում է քաղաքականությամբ. նմաններին ընդունված է անվանել օլիգարխ, քանի որ նրանք քաղաքականության մեջ ներգրավվածությունն օգտագործում են հանուն իրենց տնտեսական շահերի: Բայց Արամ Սարգսյանը յուրօրինակ գործարար է, նա իր բիզնես շահերը ստորադասում է քաղաքական շահերին, որովհետեւ համոզված է, որ քաղաքականությունն ավելի մեծ շահույթ է ապահովում, քան գործարարությունը:
Ցեմենտ արտադրելով փող կարող ես աշխատել, նույնիսկ՝ լավ փող, բայց երկրի տերը դառնալ չես կարող, իսկ Արամ Սարգսյանի ամբիցիաները հենց այդպիսին են: Նա մի անգամ եղել է այդ կարգավիճակում, գիտի շարքային գործարարի եւ երկրի տիրոջ տարբերությունը: Չի կարողանում մոռանալ 2000 թվականը, երբ Հայաստանի վարչապետն էր եւ մի ինչ-որ պահի նույնիսկ ավելի մեծ իշխանություն ուներ, քան Սահմանադրությամբ առաջին մարդը` նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ուներ խորհրդարանական մեծամասնության, բանակի եւ «Երկրապահի» զինված ջոկատների աջակցությունը: Բայց այն ժամանակ իշխանության համար պայքարում պարտություն կրեց Քոչարյանից. Քոչարյանն իր տակից տարավ ե՛ւ խորհրդարանական մեծամասնությունը, ե՛ւ բանակը, ե՛ւ «Երկրապահին», իրեն էլ ազատեց վարչապետի պաշտոնից: Այդ ժամանակից սկսած, մինչեւ մեր օրերը Սարգսյանը պայքարում է իշխանությունը հետ վերադարձնելու` իշխանության ղեկին հայտնվելու համար՝ ամեն անգամ մտածելով, որ երկրի հաջորդ ղեկավարը հենց ինքն է լինելու: Հիմա էլ իր շրջապատին համոզում է, որ Փաշինյանին փոխարինողն ինքն է, իրենց արեւմտամետների թիմն է գալու իշխանության, որովհետեւ Արեւմուտքը հոգնել է Փաշինյանի՝ Ռուսաստան-Արեւմուտք երկդիմի խաղերից եւ, ի վերջո, իշխանությունը հանձնելու է հենց իրենց՝ արեւմտյան արժեքների երդվյալ կողմնակիցներին, բնականաբար՝ իր գլխավորությամբ: Բայց մենք վերադառնանք բիզնեսի քաղաքականության հակադրությանը:
Ինչպես հայտնի է, մարդիկ առաջնորդվում են շահերով. Արամ Սարգսյանը բացառություն չէ: Նա մարդկանց քարոզում է միանալ «Եվրաքվեին», ստորագրել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու օգտին: Մի պահ պատկերացնենք, որ այդ ստորագրահավաքի հաջողության դեպքում Հայաստանը միանգամից կդառնա ԵՄ անդամ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ այդ հետեւանքներից մեկն էլ այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ այդ երկու կառույցներն իրար փոխբացառող են: ԵԱՏՄ-ից դուրս գալն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է առեւտուր անի ոչ թե արտոնյալ ռեժիմով, այլ՝ ընդհանուր հիմունքներով, օրինակ, ռուսական գազը Հայաստանը պետք է գնի միջազգային գներով, Հայաստանում գազի գինն առնվազն երկու անգամ կթանկանա, արդյունքում կթանկանա նաեւ էլեկտրաէներգիան: Մտածել, որ եթե Ռուսաստանը դադարի մեզ արտոնյալ գնով գազ վաճառել, դրա փոխարեն Ադրբեջանը կամ Իրանը կվազեն Հայաստան եւ մեզ կառաջարկեն արտոնյալ գներով գազ, ոչ թե միամտություն է, այլ պարզապես էշություն, որովհետեւ Ադրբեջանն իր գազը միջազգային գներով վաճառում է Եվրոպա, ինչո՞ւ պետք է մեզ համար արտոնություն սահմանի։ Եթե էժան գազ էլ տա, ապա միայն ինչ-որ բանի դիմաց, որն արդյունքում մեզ վրա ավելի թանկ է նստելու:
Նույնը նաեւ Իրանի պարագայում է. Իրանն իր գազը վաճառում է Թուրքիային եւ դարձյալ՝ անհամեմատ բարձր գնով, քան Հայաստանը գնում է Ռուսաստանից, բացի այդ, Հայաստանի եւ Իրանի միջեւ չկա ենթակառուցվածք` գազատար, որ Հայաստանը հավելյալ տարեկան 2 միլիարդ գազ ստանա:
Արամ Սարգսյանի ցեմենտի եւ կրի արտադրության գործարանը մեծ քանակությամբ գազ է սպառում, նաեւ՝ էլեկտրաէներգիա: Նա հասկանում է, չէ՞, որ իր գործունեության արդյունքում, այսինքն՝ ԵԱՏՄ-ից պոկելու եւ ԵՄ տանելու հետեւանքով Հայաստանը կտրվելու է ռուսական էժան գազից եւ հոսանքից, եւ դրա փոխարեն կա՛մ մենք գազ չենք ունենալու, կա՛մ ունենալու ենք շատ թանկ գազ, այնքան թանկ, որ իր գործարանն այլեւս չի դիմանալու իրանական ցեմենտի մրցակցությանը, փակվելու է: Ոչ մի նորմալ մարդ չի անի մի բան, որը վնաս է իր բիզնեսին, վտանգում է անձնական շահերը, կարող է կործանել այն հիմնարկը, որն իրեն տարիներ շարունակ ապահովել է եկամտով, այն էլ՝ շոշափելի:
Արամ Սարգսյանը կարող է ասել, որ իրեն չի հետաքրքրում իր առանձին վերցրած գործարանի շահը, իրեն չի հետաքրքրում այն հարցը, թե ինչ գնով Հայաստանը գազ կստանա, կաշխատի՞ իր գործարանը, թե՞ ոչ, ինքը մտահոգված է Հայաստանի ճակատագրով, իրեն հետաքրքիր է՝ Հայաստանը կունենա՞ ապագա, թե՞ չի ունենա, որովհետեւ, եթե Հայաստանը, կպած մնալով ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապագա չունի, այդ դեպքում իր համար որեւէ արժեք չունի՝ իր գործարա՞նը կլինի, թե՞ ոչ: Սա մաքուր դեմագոգիա է, մի պարզ պատճառով, որ եթե Արամ Սարգսյանին իսկապես չհետաքրքրեր իր գործարանի լինել-չլինելը, նա վաղուց քանդած կլիներ այդ գործարանը կամ կդադարեցներ դրա աշխատանքը: Աշխատեցնելով իր գործարանը եւ դրանում սպառելով ռուսական գազ՝ նա, ըստ էության, նպաստում է ռուսական գազի սպառմանը, դրանով ավելացնում է ռուսական բյուջե գնացող գումարի քանակը, իսկ այդ գումարն ուղղվում է նաեւ Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին:
Իրականությունն այն է, որ Արամ Սարգսյանը եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր մտածում են, որ ուր որ է Արեւմուտքն իրենց նշանակելու է Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ, շատ լավ հաշվել գիտեն, եւ նրանց հաշվարկով՝ եթե Արեւմուտքը գնահատի իրենց նվիրվածությունն ու քրտնաջան աշխատանքը եւ իրենց իշխանություն տա, ապա այդ իշխանությունից եկած եկամուտն անհամեմատ ավելին կլինի, քան մի քոսոտ ցեմենտի գործարանի տված եկամուտը: Նրանց չի մտահոգում մեկ այլ բան. որ իրենց գործունեության արդյունքում կարող են անմրցունակ դառնալ եւ փակվել տասնյակ, հարյուրավոր այլ արտադրություններ եւ գործարաններ, որոնց սեփականատերերին իշխանություն եւ իշխանությունից բխող եկամուտ բաժին չի հասնի: Բայց էս մարդիկ հո պարտավոր չե՞ն մտածել բոլորի մասին, կարեւորը՝ իրենց երազանքն ի կատար ածվի` վերադարձ 2000 թվականի սկիզբ: