Մշակույթ

Պահոցներից պետք է հանել փոշոտված ֆիլմերը

Պահոցներից պետք է հանել փոշոտված ֆիլմերը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին մտահոգում է հեռուստաընկերությունների լեզուն, մարզային հեռուստաընկերությունների ապագան, մի խոսքով՝ ոլորտում կուտակված մի շարք խնդիրներ, որոնց նա հասցրել է ծանոթանալ իր գործունեության ընթացքում։

««Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի եթերում հեռարձակվող ծրագրերի թվում հայրենական արտադրանքը 55 տոկոսից ոչ ցածր պետք է լինի։ Հայրենական արտադրանքը ցանկացած պրոդուկտ է, որը կամ Հայաստանում է արտադրվել, կամ թարգմանվել է։ Այսինքն՝ օրինակ ցանկացած ամերիկյան ֆիլմ, որը թարգմանված է, համարվում է հայրենական արտադրանք»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Տիգրան Հակոբյանը։ Խնդիրը, ըստ նրա, լուրջ է հատկապես մարզային հեռուստաընկերություններում, որտեղ հայրենական արտադրանքը 15 տոկոսից էլ ցածր է։ «Եթե մենք սկսենք խստորեն հետեւել օրենքին, ապա մարզային հեռուստաընկերությունների մի մասը կփակվի։ Նրանք իսկապես թարգմանություն կատարելու միջոցներ չունեն։ Մենք ուզում ենք հավաքել եւ ստեղծել հայերեն լեզվով հաղորդումների շտեմարան, կան 100-ավոր ֆիլմեր, որոնք թարգմանվել են հայերեն, եւ որոնց ցուցադրման իրավունքը այդ հեռուստաընկերություններն ունեն։ Կան տասնյակ, հարյուրավոր վավերագրական ֆիլմեր, մուլտֆիլմեր, պատմական ակնարկներ, որոնք հայերեն թարգմանված են եւ փոշոտվում են նրանց պահոցներում»,- ասաց նա։

Իսկ դա, ըստ նրա, թույլ կտա, որ ՀՌԱՀ-ն ավելի խիստ վերաբերի մարզային հեռուստաընկերություններին։ Նա կարծում է, որ երեխաների համար մուլտֆիլմերը պետք է թարգմանվեն եւ ցուցադրվեն։ «Օրինակ, մեզ մոտ թատրոններ կան, որտեղ զբաղված են եւ աշխատավարձ են ստանում դերասանները, որոնք աշխատանքի մեծ ծավալ չունեն։ Նրանք կարող են գալ, կրկնօրինակել այդ ֆիլմերը, որոնք կբարձրացնեն կրկնօրինակման ոճը։ Եթե այդ ամենը լինի, ապա մենք կունենանք հայերեն լեզվով որակյալ կոնտենտ»,- ասաց նա։ Երկրորդ խնդիրը վերաբերում է հանրօգուտ խնդիրներին, որոնք ուղղված են սոցիալական տարբեր խմբերի՝ երեխաներին, ուսանողներին, թոշակառուների։ Նրա կարծիքով՝ պետք է հեռուստաընկերություններին իջեցնել հանօգուտ հաղորդումների պետպատվեր եւ առաջարկել տենդերներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image