Հասարակություն

Ռուբեն Հակոբյանը բանտում է «Ականջներից ժամանակին պետք ա բռնեին, դուրս շպրտեին» նախադասության համար

Ռուբեն Հակոբյանը բանտում է «Ականջներից ժամանակին պետք ա բռնեին, դուրս շպրտեին» նախադասության համար

Մի քանի օր առաջ տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի դեմ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատվելուց հետո կուղարկվի դատարան՝ քննության։

ԱԺ նախկին պատգամավորը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոսը հուլիսի 18–ին ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 1-ին Հ2-ով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։

Նրան 2 ամսով կալանավորեցին հուլիսի 19–ին։ Հուլիսի 22-ին նա կալանավայրից նամակ հղեց` հայտարարելով, որ չի զղջում հեռուստահաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականների և հայտարարությունների համար, որոնց համար էլ նրան ազատությունից զրկել են։

Հակոբյանի փաստաբան Գրիգոր Մղդեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով արագ նախաքննությունն անելու վերաբերյալ մեր հարցին՝ ասաց․ «Մենք կարծում ենք` ամբողջական նախաքննություն չի եղել, նախաքննությունն ավարտվել է, նախաքննական գաղտնիք չկա, սակայն պարադոքսը կայանում է նրանում, որ խոսելու բան էլ չկա, որովհետեւ բացառապես այդ ապացույցն է՝ զննած տեսաձայնագրությունը»։

- Ո՞ր նախադասությունն են համարել «իշխանությունը զավթելուն» ուղղված կոչ։

- Մեր համար էլ է դա գաղտնիք, մենք կալանքի նիստի ժամանակ պարզաբանում պահանջեցինք այդ մասով, մեզ հստակ պատասխան չտվեցին, այս պահի դրությամբ տեսանյութն է ու վերջ։

- Ո՞ր լրատվամիջոցին տրված հարցազրույցն է, կոնկրետ ո՞ր նախադասությունն են դիտարկել։

- «Հ2»-ին տրված հարզազրույցն է, իրենք առանձնացնում են նախադասությունների որոշակի խումբ, որոնք վերաբերել են նախորդ տարիներին տեղի ունեցած քաղաքական պրոցեսներին, որի մասին խոսում է պարոն Հակոբյանը, ու այդ վերլուծության արդյունքում եզրակացրել են, թե այդ նախադասությունը վտանգ է ներկայացնում։

- Կասե՞ք այդ նախադասությունը։

- Հենց գլխագիրն են վերլուծել՝ «Ականջներից ժամանակին պետք ա բռնեին, դուրս շպրտեին», այդպես է վերնագրված։

- Գործում միայն այդ ձայնագրությո՞ւնն է։

- Այո, մեզ համար էլ է շատ զարմանալի։

- Դատարանը ի՞նչ ռիսկ է տեսել նախկին պատգամավորին կալանավորելիս։

- Այն հիմքը, որով կալանքի տակ է պահել՝ խոչընդոտելու ռիսկն է։

- Ո՞ւմ պետք է խոչընդոտեր, եթե ոչ վկա կա, ոչ այլ մեղադրյալ:

- Մենք էլ էինք դա ասում, ենթադրում եմ՝ այդ պահին ինչ-որ մարդկանց պետք է լսեին, բայց չեն էլ լսել, հետեւաբար մենակ այդ հիմքով, մանավանդ, որ ապացույցը զուտ այդ տեսանյութն է, եւ որեւէ կերպ չես կարող տեսանյութի վրա ազդել։ Ճիշտ է` մենք կալանքի որոշումը բողոքարկել ենք, բայց առաջին ատյանում, երբ դատական լսումներ նշանակեն, վերստին քննարկելու ենք այդ հարցը, մենք մեր կարծիքը հայտնելու ենք եւս մեկ անգամ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image