Մի խումբ հայ մտավորականներ մայիսի 16-ին հյուրընկալվել էին Մայր Աթոռում՝ Վեհափառի հետ հանդիպման: Նրանց թվում էր նաեւ պատերազմի հերոս Վարդան Ամալյանի հայրը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։ Մենք նրա հետ զրուցեցինք հանդիպման վերաբերյալ:
- Հանդիպել եք Վեհափառին․ հանդիպումն ո՞ւմ նախաձեռնությամբ էր:
- Հանդիպումը կազմակերպվել էր Վեհափառի կողքին լինելու, նրան տեսնելու համար: Հանդիպումը բոլորիս նախաձեռնությամբ եւ համաձայնությամբ տեղի ունեցավ, ուղղակի ադմինիստրատիվ մասը Ժիրայր Դադասյանն էր կազմակերպել:
- Ի՞նչը պատճառ դարձավ, որ որոշեցիք հանդիպել Վեհափառին, ի՞նչ հարցեր եք քննարկել:
- Մտերմության եւ երկրի փրկության հարցը, ուրիշ ոչ մի բան չեմ ասի, համենայնդեպս, քաղաքականություն չի քննարկվել: Այդ հարաբերության մեջ քաղաքականությունը շատ փոքր է՝ ազգային հարց լուծելը քաղաքականություն չէ:
- Այսինքն, զրույցի թեման այս իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրելն ու առաջարկե՞լն է եղել:
- Իհարկե:
- Շուտով խորհրդարանական ընտրություններ են, ու որքան էլ ասեք, թե քաղաքականության հետ կապված հարց չեք քննարկել, մարդկանց մոտ հարցեր են առաջանալու այդ առնչությամբ:
- Միանշանակ, խաղաղ լուծումների մասին է խոսքը, եւ խուսափել բախումներից:
- Ընդդիմության, Եկեղեցու հետ կապված՝ դա հասկանալի է, բայց իշխանությունը, ինչպես շատ փորձագետներ են ասում, զգալով իր խոցելի վիճակը, կարող է տանել բախումների:
- Բախումների տանելու համար իշխանության խելքն իրենը չէ, հենց այսօր չտեսա՞ք, թե առավոտվանից ինչեր է ասել, արել, տեսնում եմ, վատանում եմ:
- Իսկ դրան դիմակայելու հնարավորություն կա՞: Քննարկե՞լ եք այդ սցենարները:
- Պատկերացնո՞ւմ եք` Վեհափառի հետ քննարկել, թե ինչպես դիմակայել, ենթադրենք, ագրեսիվ տրամադրված ամբոխին: Ավելի մարդկային արժեքներից ենք խոսել, իսկ այդ ամբոխի մասին Վեհափառի մոտ․․․ ափսոս էլ է այդ ժամանակը իրենց մասին խոսել:
- Ինչպե՞ս եք գնահատում այդ քննարկումը եւ ի՞նչ առանձնահատուկ հանգամանք կնշեք:
- Քննարկումը` հրաշալի: Վեհափառի ուժն իր անհատական, իր տղայական, իր մարդկային եւ հոգեւոր ուժն է:
- Այդ հանդիպմանը մասնակցող մտավորականների մեջ կայի՞ն ապաքաղաքական, տարբեր ընդդիմադիր ուժերի համակրող մտավորականներ, զրույցի ժամանակ նկատվեցի՞ն այդ դրսեւորումները:
- Ոչ մի դրսեւորում չկար: Առավել եւս՝ մշակույթի գործչի համար իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ:
- Գոյության, ապրելու իրավունքի՞ պայքար է:
- Այո, պետության գոյության, նաեւ՝ ազգային արժեքների: