Քաղաքականություն

Ընդունենք, որ ապագա կա, եւ փակենք այս հարցը

Ընդունենք, որ ապագա կա, եւ փակենք այս հարցը

ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը, վստահ եմ, դեռ երկար է զբաղեցնելու միջազգային հանրության եւ առաջավոր մարդկության միտքը: Մարդ արարածն անցյալում արդեն ոչինչ չի կարող փոխել, ներկայում շատ բան չի հասցնի անել, բայց դեռ կա ապագան՝ «Ապագա կա, կա ապագա»: Ռեբո՞ւս… Օ՜, ոչ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Բավական է մարդկությունը հետեւի ՔՊ-ի (դա կուսակցություն է Հայաստանում) կարգախոսին, եւ ամեն ինչ կստացվի ինքնաբերաբար, այսինքն՝ ապագան կգա իր ոտքով: «Հեղնար աղբյուրի» հերոսը կասեր՝ հբը կյանքս իզո՞ւր անցավ… Խեղճ մարդկություն, այդքան զոռ տուր ուղեղիդ, փիլիսոփայական դպրոցներ բացիր, փորձիր ճանաչել ինքդ քեզ ու քեզ շրջապատող աշխարհը, ամուսնացիր, երեխաներ ունեցիր, մտածիր ապագայի մասին, ու մեկ էլ պարզվի, որ կարելի էր ոչինչ չանել, այլ ընդամենը սպասել Փաշինյանի հայտնությանը, որը մի օր կգար ու կասեր՝ ապագա կա, կա ապագա: Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե մարդկությանն այդ լավ լուրը հաղորդելուց հետո չգցեր նոր մտատանջության մեջ: Թե բա՝ «Ապագա կա»-ն թեորեմ է: Դե եկ ու հիմա էլ մտածիր, թե ինչու է «Ապագան» թեորեմ: Մի քիչ առաջ «Ապագա կա»-ն պոստուլատ էր՝ աքսիոմ, ինչի ճշմարտացիության մեջ համոզված էին ՔՊ-ն եւ ՔՊ ընտրած հայերը, եւ հանկարծ Փաշինյանն ասաց՝ ոչ, դա թեորեմ է, այսինքն՝ պնդում, որ դեռ պետք է ապացուցել: Կարճ ասած՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթից հետո միջազգային հանրությունն ու առաջավոր մարդկությունը ք.քի մեջ է՝ անցյալը հետ չի բերի, ներկայում շատ բան փոխել չի կարող, ապագան էլ կատարյալ թեորեմ է, որ չգիտես՝ կգա, թե չէ, կապացուցես, թե չես ապացուցի:

Իսկ ինչպիսի՞ն կլինի ապագան: Փաշինյանն այս հարցին, թվում էր, սպառիչ պատասխան տվեց՝ ասելով, որ այն լավը կլինի, եթե սկսենք լավ խոսքերից: Բայց այդտեղ Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչն այլեւս չհամբերեց, հարց տվեց Փաշինյանին՝ Ձերդ գերազանցություն, Դուք, օրինակ, ինչպիսի՞ լավ, աստվածային խոսքեր եք օգտագործում հեռավոր Հայաստանում, որ ապագան արդեն չի համբերում եւ ուզում է մտնել ձեր երկիր: Հարցը, անշուշտ, անսպասելի էր Փաշինյանի համար: Նա հո չէ՞ր կարող ամբողջ աշխարհից այդտեղ հավաքված դեգեներատներին, ներողություն, դելեգատներին ներկայացնել իր ոսկեղենիկ բառապաշարը, որով փայլել է հայ իրականության մեջ (ծեփեմ պատերին, փռեմ ասֆալտին, բռնեմ շինեմ, բորդյուր լիզել տամ): Եվ, խոհեմություն ցուցաբերելով, Փաշինյանը կարճ կապեց ելույթը՝ հարց տվողին հորդորելով աշխատել «ապագա կա» կարգախոսի ապացուցման ուղղությամբ:

Մինչ Փաշինյանն այս տվայտանքների մեջ էր ՄԱԿ-ի ապագայի գագաթնաժողովում, Հայաստանի սահմանադրական դատարանը քննում էր սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգը եւ փորձում հասկանալ՝ այն համապատասխանո՞ւմ է մեր սահմանադրությանը, թե՞ չի համապատասխանում: Ըստ էության, ՍԴ-ն շատ դժվարին իրավիճակում էր հայտնվել: Նրա պրակտիկայում դեռ այդպիսի բան չէր պատահել, որ նստեր ու քններ ՀՀ վարչապետի եւ փոխվարչապետի մոգոնած «նոու-հաու»-ն՝ ձեռքի տակ չունենալով ո՛չ քարտեզ, ո՛չ էլ որեւէ փաստաթուղթ, որ հիմք կտար մտածելու՝ համապատասխանո՞ւմ է, արդյոք, կանոնակարգը սահմանադրությանը, թե չի համապատասխանում: Ու մինչ ՍԴ-ն մտմտում էր այս հարցի շուրջ, Նյու Յորքից լուր հասավ, որ «Ապագա կա, կա ապագա», եւ պետք է այն ապացուցել: ՍԴ-ում էլ, դե, դատավոր մարդիկ են… Նախ՝ զգուշացան, ապա որոշեցին ըմբռնումով մոտենալ կատարյալ հակասահմանադրական փաստաթղթին եւ… եւ սպասել, մինչեւ Նիկոլը գա: Ի՞նչ իմանաս, թե ինչ տրամադրությամբ կգա Նիկոլը, ինչ է ասել Էրդողանին, Էրդողանն ինչ է ասել, կարող է՝ որոշել են, որ ապագա կա, բայց այդ ապագան Թուրքիայում է, ոչ թե Ադրբեջանում: Աշխարհը հիմա այնքան խառն է, որ չես հասկանում՝ ով ում բարեկամն է: Հողերը տանք Ադրբեջանին, բա Թուրքիայի՞ն ինչ տանք: Չէ, ավելի լավ է ոտքներս կախ գցենք՝ մտածեցին Սահմանադրականի ՔՊ-շնիկ դատավորները:

Փաշինյանի որեւէ այցելությունից կամ նրա կազմակերպած որեւէ միջոցառումից, ձեւ չի, որ մի զավեշտալի բան չլինի: Ոչինչ չես կարող անել, դա նրա էությունից է գալիս: Ահավասիկ, արդեն քանի օր է՝ գագաթնաժողովների մեջ է՝ մե՛կ համաշխարհային հայկական գագաթնաժողով, մե՛կ ՄԱԿ-ի՝ ապագայի գագաթնաժողով… Խնդիրն այստեղ «գագաթնաժողով» բառի մեջ «ն»-ի առկայությունն է: Պե՞տք է գրել «ն»-ն, թե՞ չպետք է գրել: Փաշինյանն իր ելույթում երկու ձեւն էլ գործածում է՝ ե՛ւ «ն»-ով, ե՛ւ առանց «ն»-ի: Ես առաջարկում եմ պարզություն մտցնել այս հարցում՝ այն գագաթնաժողովները, որոնց մասնակցում է Նիկոլը, պետք է գրել «ն»-ով, իսկ որոնց չի մասնակցում՝ առանց «ն»-ի՝ գագաթաժողով: Կառավարության կայք, սա էլ ձեզ համար եմ ասում, այլապես ճիշտը «գագաթնաժողովն» է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image