Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայից 1:2 հաշվով կրած պարտությունը՝ նշելով, որ իր թիմը չկարողացավ պահպանել խաղի ընթացքի նկատմամբ վերահսկողությունը։
Մարզիչի խոսքով՝ անգլիացիները հաջող գոլից հետո զգալիորեն նահանջեցին և նախաձեռնությունը հանձնեցին մրցակցին, ինչի հետևանքով Արգենտինան սկսեց ավելի հաճախ վտանգավոր պահեր ստեղծել։ Նա ընդգծել է, որ թիմին չէր հաջողվում վերահսկել գնդակը, դուրս գալ սեփական պաշտպանությունից և կրկին թելադրել խաղի տեմպը, ինչն էլ վճռորոշ ազդեցություն ունեցավ հանդիպման ելքի վրա։
Տուխելը նշել է, որ թեև թիմը նպատակ ուներ երկրորդ գոլը խփել, սակայն դա հնարավոր չէր անել առանց գնդակի նկատմամբ վերահսկողության։ Նրա խոսքով՝ խաղային դասավորությունը չի փոխվել, քանի որ Անգլիան շարունակել է գործել նույն մարտավարությամբ, սակայն խաղի զարգացումն ամբողջովին այլ ընթացք է ստացել, և թիմը գնալով ավելի պասիվ է դարձել։
Անդրադառնալով պարտությունից հետո սպասվող քննադատություններին՝ գերմանացի մասնագետը հանգիստ է արձագանքել՝ նշելով, որ նման իրավիճակներում տարբեր կարծիքներ ու գնահատականներ միշտ էլ լինում են, և ինքը դա բնական է համարում։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Անգլիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ։