Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ հուլիսի 11-ին կալանավորված Լիանա Հարությունյանի կալանքը նույն դատավորը հուլիսի 17-ին փոխեց վարչական հսկողության եւ չբացակայելու արգելքի։
Դատարանը կնոջը կալանավորել էր 3 ամսով, եւ նրա հետ բանտ էր գնացել նաեւ 8 ամսական փոքրիկը։
Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը թարգմանչական ծառայություններ է մատուցել Հնդկաստանի քաղաքացիների համար․ «Ի սկզբանե Լիանա Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով»։
Դատարանը հուլիսի 17֊ին խափանման միջոցը փոխելուց հետո, գործի վարույթից հեռացրեց նաեւ փաստաբան Զարուհի Փոստանջյանին` պատճառաբանելով, թե վերջինս նախորդ նիստերին դատական 6 սանկցիայի է ենթարկվել։
Փոստանջյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորի գործողություններին, նշեց` դիմելու է համապատասխան մարմիններին, որպեսզի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի եւ ի վերջո դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության ենթարկի։
Նշենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել կամ արդարադատության նախարարությունը, կամ էլ Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, երբեմն էլ դատավորների նկատմամբ վարույթ է հարուցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։