Հասարակություն

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Հունիսի 19-ի ուշ երեկոյան, ժամը 22․20-ի սահմաններում մոտ 20 րոպե անձրևի ու ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց գյուղերին։ Կարկուտը Ոսկեպարում ավերել է գյուղի բանջարանոցները, պտղատու ծառերը,խաղողի վազերը, բերքը, Ոսկեպարի 3 ընտանիքներին պատկանող արևային կայանները։ Սելավները խճով փակել , անանցանելի են դարձրել գյուղի մի քանի փողոցներ, հեղեղել մի քանի տների նկուղներ, քամուց 2 բնակչի բնական գազի խողովակները՝ հաշվիչների հետ , պոկվել են։ Ուժգին քամուց Ոսկեպարի բնակիչներից մեկի խոտի դեզի մոտ 50քմ մակերեսով ծածկը պոկվել, 40 մետր տեղաշարժվել է։

Հունիսի 20-ի առավոտյան Ոսկեպարի առանձին տեղերում դեռևս առկա էին կարկուտի չհալված կույտեր, ծառերի տակ թափված էին կարկտահարված կանաչ տերևներ։ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը հայտնեց, որ հունիսի 20-ի առավոտից գյուղում աշխատում են էլցանցի, գազի հիմնարկի , Նոյեմբերյանի համայնքապետարանի կոմունալ հիմնարկության աշխատողներ, այդ հիմնարկության տրակտորը մաքրում, բարեկարգում է սելավից տուժած փողոցները։ Տեղեկություններ կան, որ այդ ժամանակ տեղի ունեցած կարկտահարությունից մեծ վնասներ են եղել Ոսկեպարի հարևան Կիրանց գյուղում, որտեղ տեղացած կարկուտն ավելի խոշոր է եղել։ Կիրանցին կից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում կայացած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներ կարկտից վնասվել են։ Տավուշի մարզում տեղադրված են 14 հակակարկտային կայաններ ,բոլորը՝ Նոյեմբերյան համայնքում, մարզի մյուս 3 համայնքներում՝Իջևանում, Դիլիջանում, Բերդում նման կայաններ առկա չեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարիներին Տավուշում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել։ Վերջին տարիներին պետությունը չի աջակցել կարկտահարությունից շատ վնասներ կրած Տավուշի բնակիչներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image