Քաղաքականություն

Եթե իմանամ՝ Մադուրոյի չափ կդիմադրեք, կասեմ՝ հա…

Եթե իմանամ՝ Մադուրոյի չափ կդիմադրեք, կասեմ՝ հա…

Ի դեպ՝ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությանը, թե՝ «Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա», արձագանքել են նաև ադրբեջանական լրատվամիջոցներն ու մի շարք քաղաքական գործիչներ: Այո, շատ խիստ են արձագանքել, բայց չափի մեջ, առանց հակառուսական հիստերիայի, այսինքն՝ մարդավարի, կայացած պետության լրատվամիջոցներին ու քաղաքական գործիչներին վայել տոնով:

Ի վերջո, իրենք էլ էին նեղված, որովհետև Սոլովյովը այդ հայտարարությունն արել էր «կուժ, քեզ ասեմ, կուլա դու լսիր» տրամաբանության մեջ և Ադրբեջանի անունն էլ հատուկ չէր գործածել՝ մտածելով, որ Բաքվում դա առանց իր «օգնության» էլ կհասկանան: Ավելին ասեմ՝ Բաքուն վերջին տարիներին մի քանի անգամ արդեն զգացել է ռուսական հատուկ գործողությունների համը (հիշենք, թեկուզ Արցախ՝ խաղաղապահներ մտցնելը), ու նաև դա էր պատճառը, որ Սոլովյովին Բաքվի արձագանքը շատ ավելի սթափ էր ու քաղաքական: Այսպես ասեմ՝ մտահոգություն էին հայտնել և միայն այդքանը: Եվ էլի մի բան՝ Բաքվում ավելի շատ մտահոգված էին Հայաստանի և Հայաստանի ղեկավարների համար, ինչը միանգամայն նոր բան է հայ-ադրբեջանական «մերձեցման» պրոցեսում: Տպավորություն ստեղծվեց, որ Բաքուն Սոլովյովի հետ համաձայն չէ հենց այն հարցում, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է: Սոլովյովը, փաստորեն, Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներին ու հավակնություններին է դիպել՝ այդկերպ ստվերելով Ալիևին և Էրդողանին: Նա ասել է՝ տղերք, ձեր ՆԱՏՕ-ական խաղերին վերջ տվեք, այլապես հատուկ ռազմական գործողություն կիրականացնենք նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու մյուս տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»:

Այո, թուրքերը հրաշալի են սերտել «դուզ խոսքն էշին կասեն» արտահայտության բուն իմաստը, իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա մենք հայ ենք ու Սոլովյովին պետք է արձագանքեինք հայավարի: Երևանում խուճապ է Սոլովյովի հայտարարության կապակցությամբ: Այսպիսի խուճապ չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ Կարմիր բանակը Իջևանի կողմից մտել է Հայաստան ու շարժվել դեպի Հայաստանի Հանրապետության խորքը՝ ճանապարհին «կարմրեցնելով» ամեն ինչ: Հայ բոլշևիկների ականջը կանչի… Ո՜նց էին պայքարում Հայաստանի անկախության համար, ո՜նց էին պայքարում: Այսօրվա Հայաստանի նեոբոլշևիկյան կառավարությունը, սակայն, որ ՌԴ գրեթե բոլոր քաղաքներում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Նիժնի Նովգորդ) խոնարհվել է Պուտինի առաջ և հավատարմության երդումներ շռայլել, հանկարծ, պարզվում է՝ ուրախ չէ, որ Ռուսաստանը կարող է հատուկ գործողություն իրականացնել Հարավային Կովկասում, որտեղ իրավիճակը, նաև հայ նեոբոլշևիկների վարած քաղաքականության արդյունքում, շատ մոտ է ուկրաինական իրավիճակին:

Եվ ուրեմն ո՞րն է Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկների պանիկայի պատճառը: Քանի կար՝ Սոլովյովը քննադատում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու նրա ռազմատենչ հայտարարությունները՝ չմոռանալով նշել, որ Ադրբեջանը բոլշևիկյան Ռուսաստանի անվան պետություն է, իսկ հայերն Արցախում և ողջ հայկական բարձրավանդակում հազարամյակներ առաջ են բնիբնակվել, պետություն ունեցել: Այդ ժամանակ, բնականաբար, Սոլովյովը լավն էր: Բայց հենց սկսեց քննադատել ՀՀ նեոբոլշևիկյան կառավարությանն ու հատկապես հայ նեոբոլշևիկների միանձնյա առաջնորդի պարտվողական քաղաքականությունը, դարձավ ՀՀ իշխանությունների աչքի գրողը… Եվ շատ սուր էին Սոլովյովի քննադատությունները՝ երկչոտ, վախկոտ, դավաճան, ապիկար… Մինչդեռ մեր կողմից նույն պանիկան էր՝ փակեք ռուսական ալիքները, հանեք Սոլովյովի հաղորդումները, նա այդ ինչե՞ր է իրեն թույլ տալիս մեր ինքնիշխանի հասցեին…

Երևի իմացաք, որ Սոլովյովի վերջին հայտարարություններից հետո ռուս դեսպան կանչեցին արտգործնախարարություն… Էլ նոտա, էլ բան, թե՝ Սոլովյովի հայտարարությունները «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»: Ավաղ, չիմացանք, ռուս դեսպանն ինչ բացատրություններ է տվել և, առհասարակ, որևէ բացատրություն տվե՞լ է, թե՞ Սոլովյովի ասածներին մի քանի բան էլ ինքն է ավելացրել ու ասել, որ Ռուսաստանի ազդեցության գոտում (այլ ձևակերպմամբ՝ հետխորհրդային տարածք) իրավիճակը լուրջ է և Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ տեղական նեոբոլշևիկ բռնապետիկները կեղծ սիրաշահեն Ռուսաստանին, իսկ տակից թուրք-արևմտյան խաղեր տան նրա դեմ: Վերջ, տղերք, անցան այդ ժամանակները, իսկ եթե շատ համը հանեք, ստիպված կլինենք մի հատուկ գործողություն էլ ձեզ մոտ իրականացնել:

Իսկ նկատեցի՞ք, որ ռուս դեսպանի՝ ՀՀ արտգործնախարարություն այցից հետո պանիկան զգալիորեն հանդարտվեց: Ես էլ նկատեցի: Մեր արևմտամեռ հանրույթը, ի դեմս բազմաթիվ իշխանական պատգամավորների ու պաշտոնյաների, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի և այլոց, ասես մի հրամանով լռեց: Ու տեսնես ո՞վ տվեց այդ հրամանը, ո՞վ ասաց՝ հոպ, արա, ք.քը ելնում է ջրի երես, մեզ արդեն մեղադրում են Ադրբեջանից հնչող վայրահաչոցներին չպատասխանելու մեջ, մեզ ասում են վախկոտ, հողատու, հայրենադավ… Քյասար՝ շատ մի բզբզեք Սոլովյավի ասածները, հիմա ուրիշ ժամանակներ են, իրավիճակ է փոխվում, այլևս միջազգային իրավունք չկա, մի հատուկ գործողություն էլ Հայաստանում կանեն ու…
Ի՞նչ է նշանակում՝ հատուկ գործողություն: Սա շատ հետաքրքիր է: Չգիտես ինչու ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկու արևմտամեռները միանշանակ պնդում են, թե դա պատերազմ է, ինչպես, ասենք՝ ռուս-ուկրաինականը: Դա շատ սխալ պնդում է, որովհետև այն ինչ կատարվում է Ուկրաինայում, իսկապես հատուկ գործողություն է: Ռուսաստանը ոչ Ուկրաինայի անկախությունն է ուզում վերացնել, ոչ էլ ոխ ունի այդ երկրի ժողովրդի դեմ: Հակառակ պարագայում Ուկրաինա վաղուց չէր լինի: Արդեն երկու տարի է՝ Թրամփը սա է բացատրում թե Ուկրաինային, թե Ֆրանսիային, թե Գերմանիային: Խնդիրը Ուկրաինան չէ, այլ հետխորհրդային Ուկրաինայի իշխանությունները, որոնք, արևմտյան հովերով տարված, անընդհատ բզբզում են Ռուսաստանի շահերը, հետևաբար նաև զինանոցը: Այդ նույն Թրամփը որևէ խնդիր չուներ Վենեսուելայի ժողովրդի և այդ երկրի ինքնիշխանության հետ, բայց տեսա՞ք, թե ինչ փայլուն հատուկ գործողություն իրականացրեց ու տարավ Վենեսուելայի առաջնորդին: Ուզում եմ ասել՝ հատուկ գործողությունները միշտ չէ, որ դառնում են պատերազմներ: Մադուրոն, ի տարբերություն Զելենսկու կամ Սահակաշվիլու, ավելի խելացի գտնվեց: Նա սուսուփուս, առանց ավելորդ էքսցեսների, տիկնոջ հետ «մեկնեց» Նյու Յորք՝ պահպանելով թե իր ժողովրդի անվտանգությունը, թե երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Հ.Գ. Թե ինչպես իրեն կպահի մեր թիվ մեկ ինքնիշխանը, երբ Հայաստանում իրականացվի առերևույթ հատուկ գործողություն, կարելի է միայն ենթադրել: Կարծում եմ՝ Մադուրոյի չափ էլ չի դիմադրի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image