Քաղաքականություն

Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու հնարավորություն կլինի․ Արշակ Աբրահամյան

 Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու հնարավորություն կլինի․ Արշակ Աբրահամյան

«Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով Հայաստանի համար  լավագույն լուծումը կլինի վերադարձ նախագահական կառավարման մոդելի»,–hraparak.am-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Արշակ Աբրահամյանը։ «Մենք տեսնում ենք, որ իշխանությունը մեկ անձի կողմից ուզուրպացվել է, տրվել են լծակներ, որպեսզի իր քմահաճույքով շարժվեն բոլոր պետական հիմնարկները, ներառյալ դատական համակարգը։

Ըստ նախկին սահմանադրության՝ անձը երկու անգամից ավել իրավունք չուներ զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը։ Բայց ներկա պահին բոլորս ականատես ենք լինում, որ Փաշինյանը անխոչընդոտ գնում է դեպի երրորդ ժամկետի վերընտրման»,֊ասում է նա։

«Ամենայն հարգանքով՝ ՀՀ-ը վարչապետական կառավարման մոդելի փոխակերպող գործիչների նկատմամբ, բայց պետք է հստակ արձանագրել, որ այս մոդելը իրեն չարդարացրեց։ Նորանկախ Հայաստանի մեծագույն սխալներից մեկը ես համարում եմ երկիրը խորհրդարանական կառավարման մոդելի և վարչապետի ինստիտուտի փոխակերպումը։ Հայաստանը այն երկիրը չէր, որպեսզի նման մոդելով կարողանար արդյունավետ գործունեություն ծավալեր»։

Վերլուծաբանի խոսքով՝ ամենաառաջնային և կարևոր պայմանը առաջիկա ընտրություններին հասարակության մասնակցության բարձր ցուցանիշն է․ «Մարդիկ պետք է հասկանան, որ ընտրության չգնալով միայն վնաս են հասցնելու։ Ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշի պարագայում աճելու է նաև ընդդիմադիր ուժերի հավաքած ձայների տոկոսները։ Այնուհետև այդ ամենը հնարավորություն կտա մանևրելու և, ըստ անհրաժեշտության, Գյումրիի սցենարով դաշինքներ կազմելու»։

Աբրահամյանը ընդգծում է․ «Արդյունքում, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, երբ արդեն ԱԺ-ում պետականամետ ուժերը կլինեն մեծամասնություն, կարող ենք այս հարցը բերել օրակարգ և մեկնարկել հանրային լայն շրջանակների հետ կոնսուլտացիաների ու քննարկումների գործընթաց։ Եթե լինի իշխանությունից դժգոհ քաղաքացիների իրական ակտիվություն՝ այո։ Բայց եթե նստեն տներում, չգնան ընտրության, մտածելով, որ «մեկ ա բան չենք կարա փոխենք», և շարունակեն միայն ֆեյսբուքում ստատուս գրելով բողոքել՝ այդ դեպքում ոչինչ էլ չի փոխվի»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image