Մշակույթ

ԳԹԿ-ն բացահայտել է դիմորդների խորամանկությունները

ԳԹԿ-ն բացահայտել է դիմորդների խորամանկությունները

Հունիսի 10-ից տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Համաձայն ԳԹԿ-ի, միասնական քննությունների 2-րդ փուլում, ընդհանուր առմամբ, գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երեւանում, 29-ը՝ մարզերում։

Պարզվում է` դիմորդները դիմում են ամենատարբեր խորամանկությունների՝ իրենց հետ քննասենյակ, այսպես կոչված, «շպարգալկաներ» մտցնելու համար: Այս առիթով ԳԹԿ-ն լուսանկարներ է հրապարակել ու հորդորով դիմել բոլոր դիմորդներին.

«Սա մի փոքր, շատ փոքր մասն է այն ամենի, ինչ առգրավել են մեր քննական կենտրոնների ղեկավարները քննական 4 օրերի ընթացքում։ Առջեւում 2 քննական օր դեռ կա։ Խնդրում ենք ձեզ, հարգելի դիմորդներ, մեր սիրելի երեխաներ, մի փորձեք ավելորդ իրեր տանել քննասենյակ։ Դրանք ձեզ միայն խանգարելու են։ Հայտնաբերվելու դեպքում, նույնիսկ եթե չեք հասցրել օգտվել, միեւնույն է, ձեր քննությունը դադարեցվելու է, եւ դուք դուրս եք հրավիրվելու քննասենյակից։ Վերջին լուսանկարը տեսնում եք՝ սեղանին դրված մաթեմատիկայի լուծված թեստը եւ դրա վերեւում՝ հուշաթերթիկը կամ, որ բոլորին հասկանալի լինի՝ շպարգալկան։ Ու գիտե՞ք, այդքան աշխատանքից հետո այս հուշաթերթիկից դեռեւս չօգտված դիմորդը հեռացվել է քննությունից։ Արժե՞ ռիսկի դիմել ու նման անհեթեթ պատճառով քննություն չհանձնել, տարի կորցնել։ Ինքներդ մտածեք։ Մյուս լուսանկարներում լարեր ու ականջակալներ են, որոնց տերերը նույնպես դուրս են հրավիրվել։ ԳԹԿ-ն նորից հիշեցնում, խնդրում եւ հորդորում է վաղվա եւ ուրբաթ օրվա մեր բոլոր դիմորդներին՝ ավելորդ ամեն ինչ՝ հեռախոս, սմարթ ժամացույց, ականջակալ, այսպիսի թղթային շպարգալկաներ՝ նույնիսկ այսքան տանջված-ճմրթված, չտանել քննասենյակ։ Ձեռնպահ մնացեք լարերով հագեցած՝ «դիզայներական յուրօրինակ լուծումներով» հագուստով քննության գնալուց։ Ծնողներին եւս խնդրում ենք՝ ուշադիր լինել իրենց դիմորդ-երեխաների նկատմամբ, վերցնել նրանցից ավելորդ ամեն ինչ, ինչը կխանգարի կենտրոնանալ քննության վրա»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image