Հեծանիվի համաշխարհային օրվան նվիրված՝ ԿԳՄՍՆ-ն, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների եւ սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան նախաձեռնել են հեծանվաշքերթ:
Հեծանվաշքերթը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը 17:00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք:
Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին՝ միանալ տոնական շքերթին եւ ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երեւանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայի փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղեւորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) եւ հետադարձ ճանապարհով վերադառնալով Երեւան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։
Նկատենք, որ հեծանվավար վարչապետի օրինակն աշակերտների շրջանում վարակիչ դարձնելու համար, անցած տարի
ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք մրցաշարի շրջանակներում ձեռք բերվեց 6 հազար 500 հատ հեծանիվ, որոնք տրամադրվեցին ՀՀ հանրակրթական դպրոցներին։
Իսկ ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման համար այս տարի ՀՀ պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 40 մլն 013,5 հազար դրամ: