Ապրիլի 2-ին լրացավ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը: Այդ օրը ՀՀ գլխավոր դատախազության առջև ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կազմակերպեց բողոքի ցույց` պահանջելով վերսկսել Հրաչ Մուրադյանի սպանության քրեական գործի վարույթը. «Բողոքի ակցիայից 10 օր հետո հանդիպել ենք գլխավոր դատախազի հետ: Մեր հիմնական պահանջն է, որ որ գործի վարույթը վերսկսվի:
Պահանջը բարավարվել է, գործի վարույթը սկսվելու համար նոր հանգամանքներ կան: Թե ի՞նչ մանրամասները են, ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել նախաքննություն գաղնիքից ելնելով մենք շատ տեղեկացված չենք:
Այն ինչից էլ, որ տեղյակ ենք, ճիշտ չի, որ այդ մասին հիմա խոսենք»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Սաղաթելյանի՝ այս 6 տարիների ընթացքում տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպել, դժգոհել են քննության ընթացքից, եւ կլինի դատախազի անմիջական ուշադրության կենտրոնում. «Սպանության նախորդել են ինչ-որ իրադարձություններ, եւ պետք է քննություն իրականացվի ամբողջ շղթայով: Հարցն է այն, է որ որ մինչեւ հիմա չի բացահայտվել օրը ցերեկով կատաված սպանությունը: Այս պահին զերծ կմնանք այլ մեկնաբանություններ անելուց, կհետեւենք քննությանը, եւ համապատասխան հայտարարություններով հանդես կգանք»,-նշեց Սաղաթելյանը: Դիտարկմանը՝ եթե նոր իշխանության օրոք էլ սպանությունը չբացահայտվի, ի՞նչ կձեռնարկեն. «Մենք բարձրաձայնելու ենք, բացահայտման հետեւից գնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտված չի: Էս սպանությունը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Թե ի՞նչ կանենք ժամանակը ցույց կտա, տեսնենք հիմա ինչ արդյունքներ են լինում, ըստ դրա կկորմորոշվենք »:
Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 2-ին տեղեկություն էր ստացվել, որ Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Հաջորդ օրը Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվեց` այս անգամ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Նրա նկատմամբ ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Այս գործով Արտակը դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց: Իսկ ինչ վերաբերում է Արայիկին, նա շուրջ 10 ամիս գտնվեց կալանքի տակ:
Այդ ընթացքում Արայիկի հարազատները, ինչպես նաև պաշտպանները տասնյակ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, դիմումներ ուղարկեցին ոստիկանապետին և դատախազին` հայտնելով, որ նա որևէ առնչություն չունի հանցագործության հետ և ապօրինի է պահվում անազատության մեջ, սակայն` ապարդյուն: Միայն ամիսներ առաջ` դեկտեմբերի 25-ին, Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրության, իսկ Հրաչ Մուրադյանի գործն այդպես էլ չբացահայտվեց: