Հասարակություն

Ի՞նչ գին պետք է վճարել «Ռոսիա»-ի հեռարձակումը սահմանափակելու համար

Ի՞նչ գին պետք է վճարել «Ռոսիա»-ի հեռարձակումը սահմանափակելու համար

«2019թ․ ապրիլի 10-ի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ այդ հեռուստաալիքն աչքի է ընկնում սուր հակահայկական բնույթի պարբերական տեղեկատվության հեռարձակմամբ: Տիգրան Հակոբյանը համաձայնել է, այդ խնդիրը կա, այն որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, սակայն այդ հեռուստաալիքը սահմանափակելու համար բարձր գին պետք է վճարել։ Պարոն Հակոբյանը բերել է Ուկրաինայի և Վրաստանի օրինակները, նշելով որ այդ երկրները ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու, սահմանափակելու հետևանքով տարածքներ են կորցրել։ Եվ պարոն Հակոբյանը հարց է բարձրացրել, թե արդյո՞ք պատրաստ ենք վճարելու այդ գինը»։

Պահպանողական կուսակցության փոխնախագահ Սոս Հարությունյանը ապրիլի 11-ին իր հերթին Տիգրան Հակոբյանին էր հղել հետեւյալ հարցերը։

1․ Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է դաշնակցայի՞ն, թե՞ պատերազմի, հակամարտության, սառեցված հակամարտության վիճակում

2․ Ո՞ր տարածքների կորստի գնով է ենթադրվում վճարել ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ալիքի հեռարձակումը դադարեցնելու, սահմանափակելու գինը։

3․Ո՞ր փաստաթղթին հղվելով է ենթադրվում, որ Հայաստանի տարածքում ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ռուսական հեռուստաալիքի դադարեցման, սահմանափակման դեպքում պետք է տարածք կորցնել։

4․Կա՞ իրական սպառնալիք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների կդիմի, եթե սահմանափակվի, դադարեցվի ՀՀ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանում։

5․Ո՞ր ավելի նպաստավոր կարգավիճակը թույլ կտա ազատորեն կարգավորել Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրը՝ դադարեցնել, սահմանափակել հակահայկական բովանդակություն ունեցող հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում։

Hraparak.am-ը Պահպանողական կուսակցությունից հետաքրքրվեց՝ Տիգրան Հակոբյանը սպառիչ պատասխան է տվել Նարինե Թուխիկյանին, բերել Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակները։

Որքանո՞վ են տեղին Ձեր հարցադրումները, երբ այսօր էլ Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, եւ մեր երկրին սպառնում է պատերազմի,  տարածքներ կորցնելու վտանգը, ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտություն։

«Միանգամայն տեղին է Պահպանողական կուսակցության փոխնախագահի հարցադրումն ուղղված ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին: Եվ այն կապված է մեր ազգային անվտանգության և իմունոհամակարգի հետ: Ցավոք սրտի,  այսօր դա քչերի կողմից է գիտակցվում: Եվ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյանին այդ կարևորագույն հարցը բարձրացնելու համար»,- արձագանքեց Պահպանողական կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image