Քաղաքականություն

ՀԺԿ-ն կմասնակցի մարտի 1-ի երթին՝ անկախ վարչապետի հայտարարությունից

ՀԺԿ-ն կմասնակցի մարտի 1-ի երթին՝ անկախ վարչապետի հայտարարությունից

2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո, ամեն տարի, մարտի 1-ին, ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին կամ անջատ-անջատ երթ են կատարել դեպի Մյասնիկյանի արձան, ծաղկեպսակներ դրել եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել 10 անմեղ զոհերի հիշատակին։ Տասնմեկ տարի անց, արդեն թավշյա հեղափոխությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժողովրդին մասնակցել Երեւանի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյան արձան մարտի 1-ի երթին, նաեւ՝ հայտարարել, որ այդ օրն ուղերձով դիմելու է ժողովրդին։ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 11-րդ տարելիցի առթիվ հայտարարություն են տարածել նաեւ 10 զոհերի հարազատները։

Ինչպե՞ս են արձագանքելու վարչապետի կոչին ընդդիմադիր այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարում էին Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ, իսկ անցյալ տարի ապրիլին էլ ողջունել եւ աջակցել թավշյա հեղափոխությանը։ «Սասնա ծռեր» կուսակցությունից տեղեկացրեցին, որ կիրակի օրը նիստ են հրավիրելու եւ միայն դրանից հետո կպատասխանեն մեր հարցին։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ փետրվարի 27-ին հրավիրելու են քաղխորհրդի նիստ, որից հետո կպատասխանեն մեր հարցին։

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, լսելով մեր հարցը, արձագանքեց․ «Անկախ այն բանից՝ վարչապետը ինչ է հայտարարել, մենք ամեն տարի մասնակցել ենք երթին, այս տարի էլ անպայման մասնակցելու ենք։ Այդտեղ այլ կարծիք լինել չի կարող»։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել է՝ երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին։ «Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի է, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու ընդհանրապես քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին, և այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարվա կապակցությամբ։ Այդ օրը ես նաև մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image