Հասարակություն

«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար

«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար

Ամռան ամիսներին Հայաստանի հանգստյան գոտիներում այցելուների հոսքը զգալիորեն աճում է։ Ինչ պատկեր է հանգստավայրերում այս տարի` 2026-ի ամռանը․ կապ հաստատեցինք մի շարք հանգստյան տների հետ՝ ճշտելու ծառայությունների արժեքը, ազատ տեղերի առկայությունը, այցելուների քանակը` նախորդ տարվա համեմատ: Հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին են մարդիկ արձակուրդ վերցնում եւ հանգստի մեկնում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ արժե: Պարզվում է` Ծաղկաձորի եւ Սեւանի հանգստի մեկօրյա արժեքով կարելի է հարեւան Վրաստանում` Սեւ ծովի ափին մեկ շաբաթ հանգստանալ:

Կապ հաստատեցինք Ծաղկաձորի Marriott Armenia հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Տեղեկացանք, որ ստանդարտ համարի արժեքը 68 հազար դրամ է։ Գնի մեջ ներառված են նախաճաշը, լողավազանը, շոգեբաղնիքը եւ մարզասրահը: Հյուրանոցի աշխատակցի խոսքով՝ այս օրերին այցելուների մեծ հոսք դեռեւս չկա, սակայն ակնկալվում է, որ իրավիճակը կփոխվի հուլիսի 3-4-ին նախատեսված գինու փառատոնի օրերին, որը կայանալու է Ծաղկաձորում: Նիկոլ Փաշինյանի հայրական գյուղի` Ենոքավանի պոպուլյար դարձած «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցում հուլիսի 1-ից նկատվում է սեզոնային թանկացում։ Եթե նախկինում ստանդարտ համարը` նախաճաշով, լողավազանով եւ ջակուզիով, արժեր 35 հազար դրամ, հիմա 55 հազար է։

Դիլիջանի «Դիլի Թաուն» հյուրանոցում, ի տարբերություն Ծաղկաձորի եւ Ենոքավանի, այդ պահին ազատ տեղեր չկային, իսկ թանկացումը, ինչպես մեկնաբանեց աշխատակիցը, կախված է պահանջարկից։ «Դիլի Թաունն» առաջարկում է նաեւ առանձնացված քոթեջներ՝ նախատեսված ավելի հարմարավետ հանգստի համար։ Գնի մեջ ներառված է նաեւ նախաճաշը։ Ստանդարտ համարի արժեքը սկսվում է 58 հազարից։ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում ստանդարտ համարի արժեքը, նախաճաշը ներառյալ, կազմում է 34 հազար դրամ։ Լյուքս համարի արժեքը, օրինակ՝ չորս մեծահասակի դեպքում, 70 հազար դրամ է՝ նույնպես նախաճաշով։ Ցանկության դեպքում կարելի է պատվիրել նաեւ ընթրիք, որի արժեքը 1 անձի համար 6 հազար դրամ է։

Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում ստանդարտ համարի մեկ օրն արժե 50 հազար դրամ` ներառյալ նախաճաշը: Այսինքն, 7-օրյա հանգիստը կազմում է 350 հազար դրամ: Մենք նաեւ փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, թե ինչ գներ են Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Այն բավականին մատչելի հանգստավայր է` 7-օրյա հանգստի արժեքը սկսվում է 80 հազար դրամից:

Շուշան Սարիկյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image