Քաղաքականություն

Նա տասնամյակներով ներքին կանոնակարգեր է խախտել, բայց այսօր լրագրողներին հարց տալու իրավունք չի տալիս

Նա տասնամյակներով ներքին կանոնակարգեր է խախտել, բայց այսօր լրագրողներին հարց տալու իրավունք չի տալիս

Նիկոլ Փաշինյանը դեռ համառորեն խոսում է ժողովրդավարությունից, սակայն գրեթե ամեն օր անում է քայլեր, որոնք դեմ են ժողովրդավարական մոդելի պետություններին։ Հունվարի 15-ին վարչապետ Փաշինյանը լրագրող Անի Գևորգյանին սպառնաց, որ եթե նա ձայն հանի, ապա կառավարության շենք այլևս չի մտնի, այսինքն՝ կդադարեցվի նրա հավատարմագրումը: Վարչապետը բացահայտ ցույց է տալիս, թե որքան է ատում ազատ լրագրողներին, ովքեր չեն քծնում իրեն, անտեղի և շռայլ գովեստի խոսքեր չեն ասում իր ձախողված իշխանության մասին։ Այսօր էլ ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից: Լրագրողները, որ ավելի վաղ զրկվել էին ԱԺ հավատարմագրումից` Հայկ Կոնջորյանին տհաճ հարց տալու համար, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին էին մասնակցում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, ով ԱԺ նախագահի ապօրինի հրահանգներն է կատարում, հայտարարեց, որ նրանք իրավունք չունեն ներկա գտնվել այդ տարածքում և լուսաբանել նիստը: Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը նշեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է անցագիր տրամադրել իրենց, և իրենք այստեղ լուսաբանում են պատգամավորի գործունեությունը: Նրանք նաև ասացին, որ դիմել են դատարան, և առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ չեղարկվել է ԱԺ-ի որոշումը իրենց չհավատարմագրելու վերաբերյալ: Առաքելյանն արձագանքեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ հաղթանակ չէ, և այն դեռևս ուժի մեջ չի մտել: Ըստ ամենայնի, հույս ունեն, որ հաջորդ ատյաններն իրենց հրահանգը կկատարեն և կչեղարկեն այդ որոշումը: Շենքից հեռացնելու ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ, որ իրենք անցագրով թույլատրելի հատվածներում են միայն եղել, քաշքշուկ սկսվեց: Լրագրողներին կոպտորեն հեռացրին շենքից: 

«Ազգ» թերթի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանին «Հրապարակը» հարցրեց՝ ի՞նչ գնահատական կտաք լրագրողների դեմ այս անհարգալից ու սանձարձակ վերաբերմունքին, սպառնալիքներին։ Ավետիքյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով լրագրողների դեմ իրականացվող ոտնձգություններին, նկատեց․ «Նիկոլ Փաշինյանն իր դերում է, այդ ամենը շատ բնորոշ է իրեն, նա կրկնում է իրեն, բայց ես չեմ զարմանում, որովհետև իրենից ամեն բան սպասելի է վաղուց։ Բնականաբար որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի լրագրողի հետ այդպես վարվելու, այո, պաշտոնատար անձինք կարող են չպատասխանել լրագրողների հարցերին, կարող են ուղղակի մերժել, չմեկնաբանել, ի վերջո՝ դա էլ իրենց ազատությունն է, սակայն լրագրողի հետ վարվել այդպես` քաշքշել, սպառնալ, վիրավորել, արհամարհել, խիստ անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ՝ տասնամյակներով ներքին կանոնակարգեր է խախտել, բայց փաստորեն այսօր լրագրողներին անգամ հարց տալու իրավունք չի տալիս։ Այսպիսի անարգանք՝ լրագրողների հանդեպ ես դժվարանում եմ հիշել։ Մնում է հարց տալու համար լրագրողներին բանտարկեն։ Այս տղան ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ։ Նման նախադեպ չեմ հիշում։ Օրինակ՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ նեղացավ լրագրող-խմբագիր Հակոբ Ասատրյանից, որը մեր լավագույն լրագրողներից է։ Դրանից հետո առաջին նախագահը հրաժարվում էր Ասատրյանի հարցերին պատասխանելուց, սակայն այսպես բռնկվել, վիրավորել լրագրողներին, ես չեմ հիշում նման դեպք։ Պետական հաստատությունները Փաշինյանի սեփականությունը չեն, այնտեղ լրագրողը ունի նույնքան իրավունքներ, որքան կառավարության ներկայացուցիչները, պատգամավորները։ Արդեն ամեն ինչ չափից դուրս է։ Քանի որ խոսեցի առաջին նախագահի մասին, կուզեի խոսել նաև երկրորդ և երրորդ նախագահների մասին։ Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահ էր, տեսնելով, թե որքան խիստ են մեր լրագրողները, որ հակված են սուր հարցեր տալու և այլն, իր նախագահ դառնալուց մի քանի ամիս անց ինձ հետ զրույցում ասաց, որ ինքը սովորել է, որ չպետք է երբեք հակադրվել լրագրողներին, այլ պետք է նույն ալիքին համընթաց լողալ․․․․ նա, որ իբրև հեռու էր ժողովրդավարությունից, շատ արագ սովորեց, որ լրագրողների հետ չի կարելի վատ վարվել։ Սերժ Սարգսյանը ևս ոչ մի անգամ իրեն թույլ չի տվել լրագրողների հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Նա համբերատար պատասխանում էր բոլոր լրագրողների հարցերին, առանց ավելորդությունների, սակայն մենք այսօր տեսնում ենք ամեն ինչ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image