Մշակույթ

Փորձել ենք փոխել նավի ուղղությունը

Փորձել ենք փոխել նավի ուղղությունը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեկ 16 փոխնախարար ազատվել է զբաղեցրած պաշտոններից։ Նրանց թվում է նաեւ մշակույթի փոխնախարար, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, որի գործունեությունն ամենաշատը աղմուկ բարձրացրեց մշակույթի գործիչների շրջանում։ 

Կոնստանտին Օրբելյանին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելը «սվիններով» ընդունվեց կոլեկտիվի կողմից, որքան էլ Նազենի Ղարիբյանը իր այդ որոշումը բացատրում էր նրանով, որ միեւնույն անձը չի կարող միաժամանակ զբաղեցնել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ Կոլեկտիվն ըմբոստացավ, սակայն Նազենի Ղարիբյանը չփոխեց որոշումը։ Բողոքներ եղան նաեւ մի շարք թատրոններում՝ կապված տնօրենների փոփոխության հետ։
Քանի որ մշակույթի նախարարությունը միավորվել է կրթության եւ գիտության նախարարությանը, Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե այսուհետ նա շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես փոխնախարար։

«Առաջարկ չի եղել, չի էլ լինելու»,- արձագանքեց Նազենի Ղարիբյանը։
Հարցին, թե դա կապվա՞ծ է, արդյոք, իր շուրջը բարձրացված աղմուկի հետ, Նազենի Ղարիբյանն ասաց․ «Չեմ կարծում, թե դրա հետ է կապված։ Նոր նախարարը՝ Արայիկ Հարությունյանը,  ինքն է որոշում, թե ում հետ է ուզում աշխատել՝ որպես փոխնախարար։ Ոչ մի վատ բան չկա դրանում։ Սովորաբար նախարարն ինքն է որոշում, թե ում հետ աշխատի, այդտեղ որեւէ խնդիր չկա»։
Թե ինչ ծրագրեր ունի ապագայի հետ կապված՝ մեր զրուցակիցը մանրամասնեց․ «Դուք գիտեք, որ ես գիտնական եմ, Մատենադարանում եմ աշխատել, հիմա էլ աշխատում եմ։ Եթե քաղաքական ասպարեզում չստանամ ուրիշ առաջարկ մոտ օրերս, ապա կվերադառնամ իմ նախկին աշխատանքին, որին շատ կարոտել եմ։ Կոնկրետ հիմա ես երեք գրքի հետ կապված նախագծեր ունեմ, դրամաշնորհ եմ շահել, կաշխատեմ իմ գրքերի վրա։ Այդ դրամաշնորհը շահել եմ անցյալ տարի, մի քանի հեղինակներով ենք անում, «Զվարթնոց»-ի մասին է, լիարժեքորեն կզբաղվեմ դրանով»։

Հետաքրքրվեցինք, թե Նազենի Ղարիբյանը փորձել է հասկանալ, վերաիմաստավորել, թե ինչու իր մեկամյա գործունեության ընթացքում այդքան հախուռն դիմադրության արժանացան իր նախաձեռնությունները, ինչու ինքը հայտնվեց մշակույթի գործիչների նշանակետում։
«Որպես պատմաբան, քաղաքակրթությունների, մշակույթների մասնագետ՝ ես կարող եմ ասել, որ ցանկացած ժամանակ ցանկացած քաղաքակրթության մեջ հեղափոխությունները եւ բարեփոխումներն անցնում են ծանր ձեւով եւ ունենում են մեծ հակազդեցություն։ Ինչո՞ւ է այդ հակազդեցությունն ավելի շատ արտահայտվում մշակույթի ոլորտում, քան, ասենք, տնտեսության մեջ կամ մյուս ոլորտներում։ Մեր երկրի, այդ թվում նաեւ՝ հետխորհրդային այլ երկրների առանձնահատկությունն այն է, որ մեր երկրում մշակույթի ոլորտն ամենաքիչն է փոխվել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Իրենք ամենաշատն են պահպանել հին ավանդույթները եւ ամենաուժեղ դիմադրությունն են ցույց տալիս նոր համակարգերին, նոր գաղափարներին, փոփոխություններին, նոր ռազմավարությանն ու մտքերին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է իր մեկամյա գործունեությանը, Նազենի Ղարիբյանը նշեց․ «Բախվել ենք անցյալից մնացած ժառանգությանը, փորձել ենք որոշ ծրագրեր առաջ մղել, որոշ բաներ փոխել, շտկել, այսինքն՝ նավի ուղղությունը փորձել ենք փոխել։ Իսկ շրջադարձ կատարելը շատ բարդ է։ Մենք հիմնականում զբաղված ենք եղել շրջադարձը ապահովելով, որի հիմքում դրված են նոր քաղաքական տեսլական, նոր ռազմավարություն»։ Իսկ նոր ռազմավարության պտուղները, ըստ Նազենի Ղարիբյանի, կերեւան հետագայում։ 

Մշակույթի նախկին փոխնախարարը էական է համարում, որ ներդրվեց դրամաշնորհային մրցութային նոր համակարգը։ 

«Պետական բյուջեն բաշխվում է համաչափ, ամբողջ դաշտին է ներգրավվում, թափանցիկ, ոչ միանձնյա, ոչ բարեկամ-ծանոթ սկզբունքով, այլ հանձնաժողովներով։ Բոլորը հավասար հիմունքներով մասնակցում են այդ մրցույթին։ Մեր ծրագրերը ներկայացվում են մրցույթի, ինչը նշանակում է, հավասարակշռված է բաշխվում բյուջեն։ Հաջորդը մեր մարզային քաղաքականության վերանայումն է։ Մենք դրել ենք հիմքը, որ մարզերում ավելի շատ ստեղծարար, տեղական կարողությունները վեր հանվեն մշակութային կյանքն աշխուժացնելու համար, քան դրսից բերված փառատոներն ու հյուրախաղերը։ Այդ առումով ուզում եմ շեշտել համայնքներում մշակութային տուն-կենտրոնների գործարկումը, խորհրդային ժամանակներից մնացած տների նորոգումը, վերակազմակերպումը, նոր հայեցակարգի մշակումը, որի համաձայն՝ մշակութային կյանքը կբաբախի մարզերում։

Մեր հանձնախումբն աշխատում է ՊՈԱԿ-ների մասին, թատրոնի մասին օրենքների փոփոխության վրա։ Կինոյի ոլորտում առաջարկել ենք միավորել Կինոկենտրոնը «Հայֆիլմ»-ի հետ, ստեղծել մեկ պետական հիմնադրամ, եւ գումարները ոչ միայն կբաշխվեն, ու կինոն կզարգանա, այլեւ կկարողանան այդ տարածքները վարձակալել եւ հավելյալ գումարները ներդնել կինոյի զարգացման ոլորտում։ Այդ ծրագիրը, ցավոք, չհասցրեցի իրականացնել։ Կարեւոր եմ համարում նաեւ մեր քաղաքականության փոփոխությունը արտասահմանյան գործուղումների հարցում։ Մենք մինչեւ հիմա որեւէ մեկին չենք մերժել՝ գնալու եւ կայանալու դրսում՝ որպես մասնագետ, որպես մշակույթի գործիչ, հատկապես՝ երիտասարդներին։ Եվ եթե շարունակվեն այդ ուղղությունները, ապա մի քանի տարի հետո մենք լուրջ արդյունք կգրանցենք»,- նշեց Նազենի Ղարիբյանը։

Մշակույթի նախկին փոխնախարարի կարծիքով՝ տնտեսական եւ քաղաքական հեղափոխությունները չեն կարող կայանալ, եթե չի կայացել մշակութային հեղափոխությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image