Այս տարվա ապրիլին Երեւանի պատանի հանդիսատեսի անվան թատրոնի դերասանական կազմը Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում: Դերասանները պնդում էին, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնում իրենք մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Շաբաթներ անց հայտարարվեց, որ թատրոնի տնօրեն Էմիլ Թորոսյանն ազատվել է աշխատանքից: Թորոսյանին այժմ փոխարինում է Գոռ Մարգարյանը, սակայն նրա նշանակումից ի վեր դերասանական կազմը, կարելի է ասել, չի հաղորդակցվել վերջինիս հետ:
Թատրոնի երկարամյա ու սիրված դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որը պայքարի ակտիվ շարքերում էր գարնանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թատրոնի շուրջ ստեղծված լարվածությանը, նկատեց. «Թեպետ այժմ աշխատավարձերը ստանում ենք, սակայն Երեւանի փոխքաղաքապետը մեզ խոստացավ, որ աշխատավարձերը բարձրացնելու են 30 տոկոսով, բայց այդպես էլ ոչ մի լումա չբարձրացրին, այսինքն` մեզ խաբեցին: Հունիսից արդեն պետք է բարձրացնեին, սակայն սեպտեմբերն է այժմ, ու ոչ մի տեղաշարժ: Ես մյուսների մասին չեմ կարող ասել, սակայն ես ստանում եմ 86 հազար դրամ աշխատավարձ: Պատկերացնո՞ւմ եք՝ 60 տարվա դերասանուհի եմ եւ ստանում եմ ընդամենը 86 հազար դրամ աշխատավարձ»:
Իսկ ի՞նչ մթնոլորտ է այժմ տիրում թատրոնում: Ինչպե՞ս է թատրոնի անձնակազմը հարաբերվում նոր տնօրենի` Գոռ Մարգարյանի հետ։ «Տնօրենին նշանակեցին, ու անմիջապես մեր արձակուրդը սկսվեց, դեռեւս ոչ մի առնչություն չենք ունեցել: Միայն գիտեմ, որ շնորհքով մարդ է, բայց թե որքանով է լավ տնօրեն, այդ հարցին չեմ կարող պատասխանել, տնօրեն ասվածն այլ է: Իբր թե թատրոնում վերանորոգում են սկսել, քանդել են, ու արդեն քանի ամիս է՝ թատրոնը քանդուքարափ վիճակում է: Արդեն երեք ամիս է՝ բացարձակ ոչ մի ներկայացում չի բեմադրվել, իբրեւ ամբողջ թատրոնը նորոգում են, մեկ տարի առաջ դրսի պատերից ինչ-որ բաներ պլոկեցին ու գնացին, դրանով ավարտվեց դրսի նորոգումը, հիմա էլ ներսում են ինչ-որ բաներ անում, բայց արդեն քանի ամիս է, տեղաշարժ չկա: Դերասանների զահլեն արդեն գնացել է, այնքան ենք բողոքել, որ ասելու չէ: Լրիվ խայտառակություն է, երբեմն ինձ թվում է՝ դիտավորյալ են անում: Այս մարդիկ չգիտեն, թե ինչ բան է թատրոնը: Չեմ հասկանում, թե ինչ են ուզում անել, բայց որ ամեն բան քանդում են, դա կարող եմ ասել վստահաբար: Միայն քանդում են ու քանդում: Թատրոններ են միացնում: 95 տարվա թատրոնը, որ իրենց նմաններին դաստիարակել է, այժմ ավելորդ է: Դա է սրանց մակարդակը: Երեկ մեկնարկեց ուսումնական տարին: Մենք ներկայացումներ ունենք, որոնք հենց դպրոցականների համար են: Այսօր ո՞վ է կարդում Րաֆֆի: Ո՞վ է գիրք բացում ու կարդում, հատկապես՝ հայ մեծերի գործերը, իսկ մենք ունենք, օրինակ, Րաֆֆու «Խենթը» ներկայացումը, ունենք ներկայացում, որում ընդգրկված է Նար-Դոսի հինգ-վեց ստեղծագործություն: Ափսոսում եմ, որ նման իրավիճակ է: Ես չգիտեմ, թե ինչ են անում, բայց որ ոչ մի լավ բան չեն անում, դա հաստատ է: Ամեն անգամ ասում են` տեսե՞լ եք, թե ինչպես ենք վերանորոգել Մհեր Մկրտչյան թատրոնը, այ մարդ, սպանեցիք, որ նորոգեցիք, ի՞նչ: Ո՞վ տեսել է այդ թատրոնի այժմյան ներկայացումները, ինձ կհասկանա: Փոխքաղաքապետին հարցնում եմ` ե՞րբ եք վերջին անգամ եկել Պատանի հանդիսատեսի թատրոն, պատասխանում է` ոչ մի անգամ»: