Հասարակություն

Քսան տարի քանդում էին, ավերում էին, ոչ մեկս ակտիվ չէր քննադատում

Քսան տարի քանդում էին, ավերում էին, ոչ մեկս ակտիվ չէր քննադատում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թավշյա հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին սատարողներից էր։ ՀԱԿ-ը հրաժարվեց առանձին մասնակցել նաեւ Երեւանի ավագանու եւ ԱԺ-ի ընտրություններին՝ հայտարարելով, որ իր աջակցությունն է հայտնում հեղափոխությունն իրականացրած ուժին։ Իսկ ահա անցած ամիսների ընթացքում մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը։

ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ին գոհացնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի իրականացրած կադրային, արտաքին քաղաքականությունը, որ լռություն են պահպանում։ -ՀԱԿ-ը վաղուց արտահայտել է իր դիրքորոշումը․ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին։ Բնական է, կան բաներ, որոնք մեզ չեն բավարարում, բայց մենք այդ մասին չենք խոսում, չենք շեշտադրում, որովհետեւ կան ավելի լուրջ խնդիրներ։ Մենք համբերատար սպասում ենք, կարեւորն այն չէ, որ մեզ ամեն ինչ բավարարի, այլ որ վերջնական արդյունքը լինի ցանկալի։ -Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ներկա խորհրդարանական մեծամասնությունը, կառավարության կազմը Ձեզ գոհացնում են։ -Ինձ գոհացնել կամ չգոհացնելը դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում կամ սխալ է անում։ Հնարավոր է, որ ինձ ինչ-որ բաներ դուր չեն գալիս, բայց Նիկոլ Փաշինյանն ունի հեռահար ծրագրեր։

Հնարավոր է, որ ես չեմ կողմնորոշվում, թե իր ծրագիրը որն է կամ դեպի ուր է առաջնորդում երկիրը։ Այնպես որ՝ պետք չէ շտապողականություն ցուցաբերել եւ պահանջել այն, ինչ մենք դեռ չենք ընկալում։ Քսան տարի քանդում էին, ավերում էին, եւ մենք բոլորս հլու-հնազանդ նայում էինք, թե ոնց է երկիրը քանդվում։ Ոչ մի ակտիվ քննադատություն չի եղել այդ ընթացքում։ Հիմա չե՞նք կարող համբերել, սպասել, տեսնել, թե ինչ է կատարվում։ -ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Գագիկ Ջհանգիրյանին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է տեսնել Գլխավոր դատախազի պաշտոնում։

Ըստ այդմ էլ՝ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգն ուզում է համալրել Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերով։ -Միակ կադրը Վլադիմիր Կարապետյանն է, դրանով եզրակացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի կադրերով է իրեն շրջապատում։ Մյուսները ՀԱԿ-ից չեն։ ՀԱԿ-ն ունի հազարավոր կադրեր, որոնք բարձրագույն որակի եւ մակարդակի են։

Իսկ նման տեղեկություն հրապարակողին հարցրեք, թե որտեղից են նման լուրեր տարածում։ -Իսկ մտավախություն չունե՞ք, որ իր այսօրվա թիմով Նիկոլ Փաշինյանը չի կարող երկարաժամկետ հեռանկարում հասնել հաջողության։

-Ես ունեմ բազմաթիվ մտավախություններ ունեմ, բայց չեմ ուզում այդ մտավախությունների մասին բարձրաձայնել։

Այդ պատճառով ես համբերությամբ սպասում եմ, որ ավելի հստակ, կոնկրետ պարզ լինի, թե ինչ է կատարվում։ Ես այս պահին որեւէ գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ համարում եմ վաղաժամկետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image