Քաղաքականություն

Նըօլդո՞ւ Նապոլեոն

Նըօլդո՞ւ Նապոլեոն

Պարոն Ջոնսին մերժելուց եւ ագարակին տիրանալուց հետո կենդանիները միառժամանակ ինքնաբավարարված էին: Նրանք անարգել ելումուտ էին անում պարոն Ջոնսի առանձնատան բոլոր անկյունները, ոմանք հոտոտում էին դարակները, ոմանք՝ փորձարկում սանհանգույցը, ոմանք, հատկապես Երեքնուկը, հայելիների մեջ զմայլվում, բացում չուլանների դռները, փորձում անկողինների փափկությունը… Այս ամենը, սակայն, երկար չտեւեց: Մի գեղեցիկ օր անասունների հեղափոխության առաջնորդ Նապոլեոն խոզը տեղափոխվեց պարոն Ջոնսի ապարտամենտները, եւ ֆերմայի բնակիչների հեքիաթային առօրյան դրանով ավարտվեց: Նապոլեոնը նրանց հանդիմանում էր՝ դուք ձեր ներկայությամբ խանգարում եք իմ ուղեղի աշխատանքը, մինչդեռ իմ ուղեղն անընդհատ պետք է աշխատի, որ դուք սոված չսատկեք… Սոված մնալու հեռանկարը մեծ ազդեցություն էր գործում անասունների վրա: Պարոն Ջոնսը, մանավանդ երբ խմած էր լինում, նրանց հաճախ էր սոված թողնում: Եվ, լսելով Նապոլեոնի սպառնալիքները, անասունները խմբերով քաշվեցին գոմերն ու փարախները: Բայց նրանք շատ էլ չտխրեցին… Ինչո՞ւ տխրեին, չէ՞ որ պարոն Ջոնսի փոխարեն հիմա արդեն Նապոլեոնն էր հոգալու կերի ու տանիքի հարցերը՝ իրենցից մեկը, իրենց նման ազնիվ մի չորքոտանի: «Նապոլեոն, հուպ տուր, միստր Ջոնսին կուլ տուր»… Այսպիսի վանկարկումներով էլ քաշվեցին իրենց գոմերն ու հով լռվեցին՝ ամեն մեկն իր մսուրքի ու լափամանի մոտ:

Նապոլեոնի մոտ մուտք ուներ միայն Ձնագնդին: Չնայած այս խոզի սպիտակ լինելուն, բոլորը նրան համարում էին «գորշ կարդինալ» եւ զգուշանում էին նրանից, որ չլինի թե Նապոլեոնի ականջին ուրիշ բաներ փսփսա ու անասնաֆերմայի անդորրը փչացնի: Ձնագնդին պտտվում էր գոմերով ու փարախներով, հետեւում կերի պաշարներին, որոնք սպառվում էին ավելի արագ, քան Նապոլեոնի ուղեղն էր աշխատում: Դուք չափազանց շատակեր եք՝ զայրանում էր ձիերի ու կովերի վրա, օրինակ վերցրեք ծերուկ Բենիամինից, նա է մեր ժամանակի իսկական հերոսը, որ, չնայած իր տարիքին, դեռ ջուր ու փայտ է կրում ֆերմայի արեւ Նապոլեոնի համար ու մի բան էլ հարկեր վճարում՝ նրա սանհանգույցը մաքրելու տեսքով: Մենք էլ կաթ ենք տալիս՝ արդարանում էին կովերը, մենք հող ենք վարում՝ նեղսրտում էին հովատակները… Բայց ամեն անգամ իրավիճակը լիցքաթափում էր Մոլլին՝ թեթեւամիտ եւ աշխատանքից խուսափող զամբիկը, որի մի հայացքը բավական էր, որ Ձնագնդին հալվի ու չիմանա ինչպես թաքցնի զգացողությունները… Մի անգամ, երբ նա ու Մոլլին միայնակ էին մնացել ագարակի հետնամասում, Մոլլին այնպիսի բառերով էր նկարագրել սրա «տեմպերամենտն» ու մյուս բարեմասնությունները, որ գլուխը պտտվել էր: Դրանից հետո Մոլլիի հետ ամեն հանդիպում, Մոլլիի ամեն հայացք իսկական տոն էր դառնում Ձնագնդիի համար:

Մի օր էլ կենդանիները, կերի պակասից նեղված, բունտ են անում Ձնագնդիի դեմ եւ պահանջում, որ նա գնա եւ Նապոլեոնին զեկուցի իրավիճակը: Նրան ասեք՝ թող մի քիչ արագ մտածի, որովհետեւ ես այլեւս վար անելու ուժ չունեմ՝ ելույթ էր ունեցել Դմբուզն ու գավակը դարձրել դեպի Ձնագնդին: Վերջինս արանքը ճղել էր՝ օդ թռցնելով իր ճանապարհին պատահած հավերին: Հեղափոխությունից հետո սա առաջին դեպքն էր, որ ագարակի անասուններն ըմբոստանում էին Նապոլեոնի եւ հատկապես նրա ուղեղի աշխատանքի դեմ: Շատ չանցած՝ Ձնագնդիի ուղեկցությամբ պատշգամբ ելավ Նապոլեոնն անձամբ ու դիմեց հավաքված կենդանիներին. «Սիրելի ագարակակիցներ, դուք պետք է իմանաք, որ ես գիշերները չեմ քնել ու անընդհատ մտածել եմ ձեր մասին: Մտածել եմ, մտածել եւ ահա թե ինչ եմ մտածել… Մեր հարեւան ագարակում խոտի մի հսկայական դեզ կա: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այն մեր դեզն է, եւ վերջ…»։

Ծերուկ Բենիամինը, որ հարեւան ագարակատիրոջից ճիպոտի մի քանի հարված էր ստացել դունչն այդ դեզին մեկնելու համար, երկար ականջները թափահարելով, դիմում է Նապոլեոնին՝ Ձերդ կենդանական ուղեղների ամենապայծառակիսագունդ, արդյոք լա՞վ եք մտածել, արդյոք, այդ դեզի հետ կապված, պայմանավորվածություն ունե՞ք ագարակատեր պարոն Փիլինգթոնի հետ… 

- Դա քեզ՝ ավանակիդ, չի վերաբերում, ես ինչ պետք է, այն էլ պայմանավորվել եմ: Գնացեք եւ հենց հիմա դեզը տեղափոխեք մեր ֆերման,- ճղճղաց Նապոլեոնն ու մտավ ներս:
Կենդանիներն իրար նայեցին… Կերի հեռանկարը գերել էր բոլորին, անգամ՝ շներին ու կատուներին, որոնք խոտակեր չէին: Հարեւան ագարակի դեզը մագնիսի նման ձգում էր՝ չոր խո՜տ, բուրումնավե՜տ… Ի՞նչ իմանային, սակայն, Դմբուզն ու կովերը, որ Նապոլեոնի ճղճղոցը հասել էր հարեւան ֆերմա՝ անձամբ միստր Փիլինգթոնին, որ արդեն 30 տարի այդ դեզի շուրջ վեճ ուներ պարոն Ջոնսի հետ ու չէր ցանկանում հրաժարվել դրանից: Այս դեպքից մի քանի օր էր անցել: Մի օր էլ Ձնագնդին գլխապատառ ներս ընկավ Նապոլեոնի ննջարան ու ճղճղոցը դրեց. «Տեր իմ պայծառագլուխ, առավոտյան շրջայցին պարզեցի, որ կենդանիները չկան, գոմերը դատարկ են, ամենուր արյուն ու բուրդ է թափված, չափառները տապալված են, հավաբներում ձու չկա, միստր Փիլինգթոնն էլ, ճիպոտը ձեռքին, մտել է մեր ագարակն ու մեզ է սպասում… Կորած ենք…»:
- Ասում ես՝ վաբշե անասուն չի մնացե՞լ:
- Չէ… Վեր կաց, քանի դեռ հետնամուտքից փախչելու տեղ կա, մենք էլ հեռանանք:
Սրանց խոսակցության վրա մեկ էլ դռների մեջ միստր Փիլինգթոնն է հայտնվում.
- Էդ ո՞ւմ դեզն էիք ուզում տանել, արա… Բայց դուք մի վախեցեք, ես շնորհակալ եմ ձեզնից, իմ աչքը վաղուց ձեր ագարակի վրա էր: Ես ձեզ չեմ մորթի, դուք ինձ դեռ պետք եք: Ես իմ անասունների մի մասին կքշեմ այստեղ, իսկ դուք, ձեր լափի դիմաց, տիրություն կանեք նրանց ու կշատացնեք: Նըօլդո՞ւ Նապոլեոն…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image