Հարցազրույց

«Հրապարակ». Ես չեմ հիշում 8 տարում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` իշխանության դեմ

«Հրապարակ». Ես չեմ հիշում 8 տարում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` իշխանության դեմ

Հարցազրույց արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:

- ՀՀ-ում ՌԴ դեսպանն օրերս կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ ՀՀ ղեկավարության քայլերի վերաբերյալ կոնսուլտացիաների։ Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ Ռուսաստանն այս քայլով դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանին:

- Ես այս հարցի վերաբերյալ ունեմ օրիգինալ կարծիք: Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բավականին լավ հարաբերություններ ունեն, եւ մի տեսակ արհեստածին է այս ամբողջ աժիոտաժը` հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Հայաստանը, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ՌԴ-ից կախված երկիր է թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով: Ռուսաստանն ունի բոլոր լծակները՝ Հայաստանում ցանկացած փոփոխություն մտցնելու համար, եթե ունենա այդպիսի ցանկություն, եւ քանի որ նման փոփոխություններ տեղի չեն ունենում, մենք պետք է եզրակացնենք, որ ՌԴ-ն ցանկություն չունի փոփոխություններ անելու:

- Այդ դեպքում Պուտինի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի եւ կողմնորոշվի` ԵԱՏՄ, թե ԵՄ, ինչի՞ համար են:

- Հայաստանը չպետք է կողմնորոշվի այդ հարցում, որովհետեւ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնում, անգամ ԵՄ թեկնածուի հայտ չի ներկայացրել, ի դեպ, դա նույնպես կարգավիճակ է, եւ Հայաստանը չի դիմել ո՛չ ԵՄ անդամակցության ե՛ւ ոչ էլ անգամ թեկնածության համար: Հայաստանը չի համապատասխանում գրեթե ոչ մի չափանիշի` ԵՄ անդամ դառնալու համար, Հայաստանը եվրոպական արժեքների տեսանկյունից բավականին հեռու է, հեռու է ժողովրդավարական, իրավական պետություն լինելուց, իսկ դրանք առանցքային չափանիշներ են` Եվրոպական Միության նույնիսկ անդամի թեկնածու լինելու համար: Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանը գոնե առաջիկայում կարող է մոտենալ պահանջված չափանիշներին: Հետեւաբար, այս քննարկումներն անիմաստ են, եւ չարժե երկար-բարակ մտավարժանքներ անել դրանց մասին:

- ՌԴ նախագահը, սակայն, պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի, անկախ այն բանից, որ մենք շատ հեռու ենք ԵՄ անդամ լինելուց:

- Բայց Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից եւ առնվազն առաջիկայում չի կարող ԵՄ անդամ դառնալ, հետեւաբար, ինչի՞ մասին է լինելու այդ հանրաքվեն, այն մասին, որ մենք ԵՄ որեւէ չափանիշի չե՞նք համապատասխանում:

- Եթե հանրաքվե լինի, հանրության ոչ գրագետ զանգվածի համար կունենա՞ նշանակություն այն հանգամանքը, որ Հայաստանը միլիոնավոր մղոններով հեռու է ԵՄ անդամ դառնալուց:

- Եվրասիական տնտեսական միության անդամ ենք մենք պաշտոնապես: Ոչ գրագետ խավը չի որոշում դա, որոշողը պետությունն է: Հանրաքվեի իմաստ չկա:

- Իսկ Ռուսաստանը չի՞ կարող Հայաստանից ապահարզան պահանջել, առանց Հայաստանի կարծիքի հետ հաշվի նստելու:

- Կարող է, բայց դրա համար պետք չէ հանրաքվե: Ռուսաստանը դա կարող է անել, այո, մենք զրույցը սկսեցինք հենց այդտեղից, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավոր լծակները, բայց քանի որ ոչինչ չի անում, եզրակացությունը պետք է թողնել այդ մակարդակի վրա:

- Այդ պարագայում ինչո՞ւ են Հայաստանում ՌԴ դեսպանին կանչել խորհրդակցության:

- Դեսպան կանչելը մեծ խնդիր չէ: Անգամ ամենաբարեկամ երկրները երբեմն կարող են դեսպաններին կանչել եւ խորհրդակցություն անցկացնել: Դա ծանր խնդիր չէ:

- Ի՞նչ դրսեւորումներ են հարկավոր, որպեսզի հասկանանք` դիվանագիտական տեսանկյունից դեղին քարտ են Հայաստանին ցույց տալիս:

- Եթե խոսքը ՌԴ-ի եւ Հայաստանի օրվա իշխանությունների «հակամարտության» մասին է, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն ութ տարի է՝ իշխանություն է, եւ ես չեմ հիշում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` օրվա իշխանության դեմ: Եթե կա մեկը, որ հիշում է, թող ինձ հիշեցնի:

- Հայաստանում տեւական ժամանակ է՝ ԱՄՆ դեսպան չի նշանակվում: Սա նորմա՞լ է:

- Որեւէ լուրջ խնդիր չկա, դա ընդամենը ընթացակարգային խնդիր է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image