ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երկար սպասված Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը կկայանա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ մարտի 29-ին։
Մինչ այդ, շաբաթներ առաջ, Ստեփանակերտում, Հայաստանի եւ Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանը պնդել էր՝ Ղարաբաղը պե՛տք է ներգրավվի բանակցություններում։ Եվ իր դիրքորոշմանը հավատարիմ մնալով էլ Փաշինյանը մեկնում է Ալիեւի հետ հանդիպման։
Հանդիպմանն ընդառաջ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանը «Առավոտ» թերթում տված իր հարցազրույցում հնչեցրել է հետեւյալ հարցերը․ «Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը, որպես բանակցող, մտնում այդ բանակցային գործընթացի մեջ։ Այսինքն՝ ինչպե՞ս է լուծում բանակցային ձեւաչափի հետ կապված ճգնաժամը։ Երկրորդ՝ ինչպե՞ս է լուծվում բանակցությունների հիմքում ընկած մեթոդաբանության հարցը»։ Միաժամանակ ՀԱԿ փոխնախագահը ներկայացրել է իր առաջարկությունները, թե ինչպես վարվի Նիկոլ Փաշինյանը բանակցությունների ժամանակ, ինչ քայլեր կատարի։
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը հրաժարվեց մեկնաբանել Լեւոն Զուրաբյանի տեսակետները։
Հարցին, թե ինչ է ակնկալում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից, Թեւան Պողոսյանն արձագանքեց․ «Կողմերը դեռ առանց օրակարգի են հանդիպում։ Եվ ընդհանրապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, ինքը չի պատրաստվում Արցախյան հիմնախնդիրը քննարկել առանց Արցախի մասնակցության։ Ինձ թվում է՝ քննարկվելու են ընդհանուր անվտանգության հարցերը, ինչպես պետք է լուծել Հայաստան-Ադրբեջան անվտանգության խնդիրները, միջավայրային հարցերը, ձեւաչափի հարցը, թե ինչպես պետք է ներգրավվել Արցախին բանակցություններում։ Իսկ դրանք միտված չեն հարցի լուծմանն, այլ իրավիճակն են փորձելու հարթել։ Եվ որքան շատ խոսեն, այնքան՝ լավ, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ նստելը ընդհանուր գործընթացին նպաստում է այնքանով, որ սահմաններին կրակոցներ չեն հնչում։ Երբ այնտեղ չեն հանդիպում, սահմաններին կրակում են։ Այդ իմաստով դրական եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումը, քանի որ այդ ձեւաչափով հանդիպում չի եղել։ Այլ ակնկալիքներ չունեմ։ Կարող են լինել նաեւ հայտարարություններ»։
Վերջերս հաճախ են հնչում ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին հայտարարություններ։
«Ես այդ առթիվ ասել եմ արդեն, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները խաղաղասեր են, մե՛զ չէ, որ պետք է նախապատրաստեն խաղաղության, պետք է Ադրբեջանին նախապատրաստեն խաղաղության, Ադրբեջանի իշխանությունն է հայտարարում, որ իրենք չեն բացառում ռազմական սցենարը»,- ասաց Թեւան Պողոսյանը։
Քսան տարի անց որքանո՞վ է իրատեսական Արցախի Հանրապետությանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու գաղափարը, արդյո՞ք բարդ խնդիր չէ դա։
«Իսկ որեւէ մեկն ասե՞լ է, որ Արցախի հիմնախնդիրը բարդ խնդիր չէ։ Եթե մենք այդ խնդիրները դրել ենք մեր առջեւ, ապա պետք է շարունակական աշխատենք։ Պետք է մեր առջեւ դնենք նպատակ եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Անկախ այն բանից՝ դրա լուծումը կլինի 50, թե 100 տարի հետո»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։
Հասարակություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո նման հանդիպում չի եղել
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯