«Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ լրատվական կայքերից մեկում հրապարակված այն տեղեկությանը, որ իբր իրենք ստացել են պատվեր արտերկրի ներդրողներից եւ կատարում են կաթնամթերքի ուսումնասիրություն։
«Թող այս ընկերությունը բարի լինի եւ տեղեկացնի, թե ով է իրեն պատվեր տվել, որ այդ աշխատանքը կատարի, քանի որ այստեղ կան եւ՛ հայրենական, եւ՛ արտերկրից ներկրված թթվասերներ։ Հաջորդը՝ նա լաբորատորիաներին տվել է 12 նմուշ, որոնց մեջ կան ռուսական, բելառուսական եւ ուկրաինական արտադրության նմուշներ։ Մնացած ինը մերն է։ Եթե իրենք ստացել են առաջադրանք՝ կատարելու Հայաստանի շուկայում վերլուծություն, ապա թող բարի լինեն տալ համապատասխան երեք լաբորատորիաների փորձաքննությունը։ Եթե փորձաքննությունը կատարվում է մեկ կամ երկու լաբորատորիայում, դա չի համապատասխանում օրենսդրությանը»,- ասաց Մելիտա Հակոբյանը։ Նա, որպես բժիշկ, հետաքրքրվում է, թե ինչ պայմաններում են վերցրել այդ կոդավորված մթերքները, ինչ պայմաններում է պահպանվում ստուգողական նմուշը։
Մելիտա Հակոբյանն ասաց, որ եթե խորը սառեցման պայմաններում ես պահում սննդամթերքը, ապա դա պահպանվում է, իսկ եթե հետ է գալիս, ապա պահպանում է իր բոլոր հատկությունները, բացի մի քանի միկրոբիոլոգիական ցուցանիշներից։
«Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահը հիշեցրեց, որ քանիցս անդրադարձել են նրան, որ թթվասերի մեջ օգտագործվում է բուսական յուղ։ Սակայն, ըստ նրա, հարցն այն չէ, թե որի մեջ կա բուսական յուղ, որի մեջ՝ ոչ, այլ այն, թե ինչ ձեւով է կատարվում հետազոտությունը։
«Եթե հետազոտման համար վերցնում են տարբեր տեսակի ապրանքներ, ապա բոլոր արտադրողներից պետք է վերցնեն նույնատիպ ապրանքներ։ Եթե նախկինում ներգրավված էր «Անի» կաթը, ապա վերջերս վերցնում են «Սմետանա-Մասլովնա»-ն։ Այսինքն՝ մենք գիտենք, որ այդ արտադրանքի մեջ նրանք պետք է օգտագործեն կենդանական կաթնաթթվային ճարպեր, իսկ ուրիշ բան իրավունք չունեն։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ տարբեր ընկերություններից տարբեր ձեւի են վերցրել։ Ինչո՞ւ «Աշտարակ-կաթ»-ից եւ «Մարիաննա»-ից վերցրել են երկու նմուշ, իսկ մյուսներից՝ մեկական նմուշ»,- հարցրեց Մելիտա Հակոբյանը։
Մելիտա Հակոբյանը բացատրեց, թե ինչու պետք է նմուշները փորձաքննության հանձնել երեք լաբորատորիաների։ Այդ դեպքում, ըստ նրա, կարող են ստանալ միջինացված արդյունքը։ Նա կարծում է, որ հնարավոր չէ «Բանդիվան» կաթի մեջ օգտագործել բուսական յուղ, քանի որ Եվրոպայից բերված բարձր կաթնատվություն եւ յուղայնություն ունեցող կովերից են։
Մելիտա Հակոբյանը վրդովված է, որ ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում ստուգել սննդամթերքը եւ բնակչության մեջ անհանգստություն մտցնի։ Իրեն դիմել են «Թամարա»-ն, «Աշտարակ-կաթ»-ը եւ «Բանդիվան»-ը։
««Թամարա»-ն եւ՛ կաթի փոշի է արտադրում, եւ՛ կարագ, որի ձեռքը կրակն է ընկել, ինչո՞ւ պետք է բուսական յուղ օգտագործի»,-ասաց Մելիտա Հակոբյանը։