Ավարտվող 2025 թվականը գերհագեցած էր աշխարհաքաղաքական իրադարձություններով՝ ռազմական հակամարտություններից մինչեւ մարդածին աղետներ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ 2025-ի միջազգային օրակարգում գերիշխում էր ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, որը երկրորդ ժամկետով վերադարձավ Սպիտակ տուն։ Նա բազմաթիվ շքեղ խոստումներ տվեց, իսկ հետո հայտարարեց, որ 12 ամսվա ընթացքում կարողացել է 8 կոնֆլիկտ կանգնեցնել, այդ թվում՝ հայ-ադրբեջանականը, խոստանալով ամեն ինչ անել, որ ռուս-ուկրաինական պատերազմն էլ ավարտվի այս տարի։ Նա «առեւտրային պատերազմ» հայտարարեց մի շարք երկրների, հայտարարեց Գրենլանդիան, Կանադան եւ Պանամայի ջրանցքը Միացյալ Նահանգներին միացնելու մասին։ Բայց այդ հայտարարված ծրագրերը մնացին լոկ խոսքեր, այնպես, ինչպես նաեւ Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու խոստումները։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որը ստեղծել է Թրամփը, դանդաղ, բայց հաստատուն ծաղկում ապրեց, հատկապես այն բանից հետո, երբ նախագահը կոնֆլիկտ ունեցավ դրա ղեկավարի՝ միլիարդատեր Իլոն Մասկի հետ։ Թվում է` քչերը տեսան պետական ծախսերի կրճատման սպասվող օգուտները։ Ապրիլի սկզբին հայտարարված «Ամերիկայի ազատագրման օրը» հանգեցրեց համաշխարհային սակագնային պատերազմի, բայց նույնիսկ այս արշավը կիսատ մնաց՝ ամերիկացիներին չբերելով խոստացված հսկայական օգուտները։ Մինչդեռ ԱՄՆ քաղաքացիները դժգոհ են վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակից եւ Թրամփի քաղաքականությունից։ Բայց կա մեկ ոլորտ, որտեղ Թրամփը հետեւողականություն է ցուցաբերել` անօրինական ներգաղթի դեմ պայքարում։ Անվտանգության ուժերն արտաքսում են միգրանտներին, եւ զորքեր են տեղակայվում քաղաքներում՝ հանցագործության դեմ պայքարելու համար։
Տարվա պատերազմն ու խաղաղությունը
Գաղտնիք չէ, որ Դոնալդ Թրամփը երազում է Խաղաղության նոբելյան մրցանակի մասին: Նրան այդ պարգեւին առաջադրելու մասին Վաշինգտոնում հայտարարեցին Փաշինյանն ու Ալիեւը՝ օգոստոսյան հանդիպման ժամանակ, երբ ստորագրվում էին հայտնի համաձայնագրերը։ Խաղաղարարի դեր ստանձնած Թրամփն այժմ խոստովանում է, որ չափազանց լավատես էր ուկրաինական հակամարտությունը լուծելու իր կարողության հարցում: Եվ չնայած դեռ շարունակում է բանակցություններ վարել, երբեմն հայտարարում է, որ պատրաստ է «ձեռքերը լվանալ» այս հարցից: Իսկ ամենաարդյունավետը Թրամփի խաղաղարար ջանքերն են Գազայում, որտեղ արյունահեղությունը մեկնարկել էր 2023 թ.: Ներկայում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պաղեստինյան հատվածում ակտիվ մարտեր չկան, չնայած համաձայնագրի ստորագրումից ի վեր մի քանի հարյուր մարդ է զոհվել: Թրամփը պնդում է, որ ավարտել է Իսրայելի եւ Իրանի միջեւ պատերազմը։ Հիշենք՝ հունիսի 13-ին Իսրայելը հրթիռակոծեց Իրանը` «Ժողովուրդը՝ ինչպես առյուծ» ռազմական գործողության շրջանակներում։ 10 օր անց Միացյալ Նահանգները՝ «խաղաղարար» Թրամփի գլխավորությամբ, միացան ագրեսիային. հունիսի 22-ին ամերիկյան ռմբակոծիչները հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին։ Հաջորդ օրը Իրանը պատասխանեց՝ ռմբակոծելով Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաները։ Սա չխանգարեց Թրամփին՝ հունիսի 24-ին Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադար հայտարարելու։
Տարվա նվաստացումը
Այն, որ Թրամփը չէր պատրաստվում հետեւել իր նախորդին՝ Բայդենին, եւ նրա եվրոպական արբանյակներին՝ անվերապահորեն աջակցելով Ուկրաինային, պարզ էր դեռեւս նրա ընտրարշավի ժամանակ։ Եվ երբ Զելենսկին մեկնեց Վաշինգտոն՝ հանդիպելու Սպիտակ տուն վերադարձած Թրամփի հետ, նա, հավանաբար, վատ նախազգացում ուներ, որ այս անգամ իրեն չեն դիմավորի ռոք-աստղին վայել ընդունելությամբ։ Իրականում` ամեն ինչ շատ ավելի վատ ստացվեց։ Թրամփը եւ փոխնախագահ Վենսը հրապարակավ քննադատեցին Զելենսկուն՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու անպատրաստության համար։ Ուկրաինայի նախագահը ստիպված եղավ վաղաժամ լքել Սպիտակ տունը՝ հիասթափված։ Բրիտանական մի պարբերական դա որակեց որպես «վերջին պատմության ամենամեծ դիվանագիտական աղետներից մեկը»։
Տարվա հանդիպումը
Ուկրաինական ճգնաժամի լուծման ուղղությամբ ամենակարեւոր քայլը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր։ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հանդիպեցին առաջին անգամ` 2021-ից ի վեր (երբ Պուտինը հանդիպեց Ջո Բայդենի հետ Շվեյցարիայում)։ Չնայած խաղաղության համաձայնագրի հարցում առաջընթաց չեղավ, հանդիպման փաստն ինքնին շատ բան է ասում։ Սա ներառում է ամերիկացի նախագահի պրագմատիզմն ու հայտնի հեռատեսությունը, որը հրաժարվեց ընդօրինակել եվրոպացի առաջնորդներին, որոնք ցուցադրաբար փակեցին բոլոր դռները Մոսկվայի առաջ՝ զինված հակամարտության մեկնարկից սկսած:
Սեպտեմբերի սկզբին Չինաստանում տեղի ունեցած 2 կարեւոր իրադարձություն նույնպես հավակնում է 2025 թ. անվանակարգում առաջին տեղին: Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը: Պեկինում Հաղթանակի օրվա շքերթը, որը նշում էր միլիտարիստական Ճապոնիայի պարտության 80-ամյակը, նույնպես գրավեց քաղաքական աշխարհի ուշադրությունը. Պուտինի, Սի Ծինփինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությունը մեկ վայրում լուրջ ուղերձ էր շատերին:
Տարվա ահաբեկչական հարձակումը
Ապրիլին Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղի ունեցավ արյունալի հարձակում. ահաբեկիչները կրակ բացեցին զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 26 մարդու եւ վիրավորելով եւս 17-ի: Բացի ողբերգություն լինելուց, ահաբեկչական հարձակումն ուներ շատ ավելի ծանր հետեւանքներ. այն գրեթե հանգեցրեց 2 միջուկային տերությունների միջեւ պատերազմի։ Հարձակմանն ի պատասխան՝ Հնդկաստանը մայիսի 6-ին «Սինդուր» գործողություն ձեռնարկեց` հրթիռային հարվածներ հասցնելով Պակիստանին։ Պակիստանը մայիսի 10-ին հայտարարեց Հնդկաստանի դեմ «Պաշտպանական եզր» գործողության մեկնարկը եւ հրթիռակոծեց հարեւան երկիրը։ Թվում էր, թե իրավիճակը կարող է ցանկացած պահի շրջվել՝ տարածաշրջանը ներքաշելով լայնածավալ պատերազմի մեջ՝ անգամ միջուկային զենքի ներգրավմամբ, սակայն մայիսի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լիակատար զինադադարի մասին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, երկարատեւ բանակցություններից հետո։ Այնուամենայնիվ, պատերազմի ավարտի հիմնական վաստակը պատկանում է Նյու Դելիի եւ Իսլամաբադի առաջնորդներին, որոնք բավարար զսպվածություն եւ քաղաքական իմաստնություն դրսեւորեցին։
Տարվա աղետները
Հունիսի 12-ին Հնդկաստանում` Ահմադաբադի մոտակայքում կործանվեց Boeing 787-ը: Ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվեց հանրակացարանի շենքին: Օդանավում կար 242 մարդ: Կենդանի մնաց միայն մեկը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Վիշվաշ Կումար Ռամեշը: Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցավ 7.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Մանդալայի մոտ, որը երկրի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Այն զգալի վնասներ պատճառեց Մյանմայում եւ հարեւան Թաիլանդում: Այս երկրաշարժը Մյանմայում 1912 թվականից ի վեր ամենաուժեղն էր եւ ամենամահացուն` 2023 թ. Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից ի վեր: Երկրաշարժը խլեց առնվազն 5 հազար 300 մարդու կյանք Մյանմայում եւ 36-ի կյանք՝ Թաիլանդում, վիրավորվեց ավելի քան 7 հազար 100 մարդ: Հարյուրավոր մարդիկ առայսօր անհետ կորած են: Եվ նոյեմբերի 26-ին Հոնկոնգի բարձրահարկ բնակելի համալիրում բռնկվեց ավերիչ հրդեհ, որը խլեց առնվազն 160 մարդու կյանք։ Սա Հոնկոնգում տեղի ունեցած ամենամահացու հրդեհն էր՝ 1948 թ. պահեստի հրդեհից հետո, որը խլել էր 176 մարդու կյանք։
Տարվա սկանդալը
Հոկտեմբերին բրիտանական թագավորի կոռումպացված կրտսեր եղբայրը՝ արքայազն (այժմ՝ նախկին արքայազն) Էնդրյուն, որը մի քանի տարի շարունակ խրված էր ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի պեդոֆիլային ցանցի շուրջ սեռական սկանդալի մեջ, մեղադրվեց անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Նախկին արքայազնը փորձել է հերքել այս տեղեկությունները, բայց նույնիսկ թագավորական ընտանիքը չի հավատում նրան. հոկտեմբերի 17-ին, թագավորի հետ զրույցից հետո, Էնդրյուն հայտարարեց, որ այլեւս չի օգտագործելու մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կողմից իրեն տրված տիտղոսները: Հոկտեմբերի 30-ին թագավորը Էնդրյուին զրկեց արքայազնի տիտղոսից: Նա այժմ ստիպված է բավարարվել Մաունթբաթեն-Վինձոր ազգանունով։ Քննադատները կարծում են, որ ԱՄՆ նախագահը կնախընտրեր գաղտնի պահել սեռական հանցագործի` Էփշտեյնի հետ իր նախկին կապերի որոշ մանրամասներ։
Տարվա Պապը
Ապրիլի 21-ին, Սուրբ Զատկի օրը, 88 տարեկանում մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 2013-ից՝ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո կաթոլիկ եկեղեցու ղեկավարն էր։ Մայիսի 8-ին ամերիկացի Ռոբերտ Ֆրանցիսկոս Պրեւոստը դարձավ նոր պապ: Նա առաջին պապն է Միացյալ Նահանգներից եւ երկրորդը՝ իր նախորդ Ֆրանցիսկոսից հետո, որը եկել է արեւմտյան կիսագնդից: Չնայած ամերիկյան ծագմանը, նոր պապը հաճախ քննադատում է ԱՄՆ նախագահի գործողությունները եւ առաջարկում է Վատիկանի միջնորդական ծառայությունները՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար, միաժամանակ ողջունելով Զելենսկուն։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր առաջին արտասահմանյան շրջագայությունը կատարեց մուսուլմանական երկրներում (Թուրքիա եւ Լիբանան)։
Տարվա հեղափոխությունը
2025-ին մի շարք երկրներում տեղի ունեցավ իշխանափոխություն, որոշ վայրերում` ընտրական գործընթացի արդյունքում, մյուսներում` զինվորական հեղաշրջումների։ Որոշ վայրերում զանգվածային բողոքի ցույցերը հանգեցրին անցանկալի քաղաքական գործիչների տապալմանը։ Օրինակ, սեպտեմբերի 9-ին Նեպալում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր, ցուցարարները հրկիզեցին խորհրդարանի եւ Գերագույն դատարանի շենքերը, որի արդյունքում զոհվեց ավելի քան 20 մարդ, մի քանի հարյուրը վիրավորվեցին։ Վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին եւ կառավարության մի քանի անդամ հրաժարական տվեցին։ Հոկտեմբերի 14-ին՝ երիտասարդների կողմից կառավարության դեմ բողոքի ցույցերի ֆոնին Մադագասկարում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Անդրի Ռաջոելինան փախավ երկրից: Իշխանությունը զավթեց գնդապետ Միքայել Ռանդրիանիրինան:
Տարվա կողոպուտը
Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանը թալանեցին ոչ թե մութ գիշերով, այլ՝ ցերեկով։ Հոկտեմբերի 19-ին անհայտ անձինք գողացան մի քանի եզակի իրեր Ֆրանսիայի թագավորական զարդերի հավաքածուից։ Թանգարանի բացումից կես ժամ անց գողերը, օգտագործելով բեռնատար՝ ձգվող սանդուղքով եւ անկյունային հղկող սարքով, պատուհանից մտել են Ապոլլոն պատկերասրահ, որտեղ պահվում են թագավորական զարդերը, ինչպես նաեւ դեկորատիվ արվեստի այլ գործեր։ Կոտրել են 2 ցուցափեղկ եւ գողացել 8 զարդ՝ ընդհանուր 88 միլիոն եվրո արժողությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի, սակայն գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել (բացառությամբ Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի վնասված թագի)։