Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում։
Գիտակցու՞մ են արդյոք ԿԸՀ- ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է եւ դրա համար բոլոր հիմքերը կան։
Ուստի հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։
Անհրաժեշտ է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պատգամավորության թեկնածուները (յուրաքանչյուրից մեկ հոգի) ներկա գտնվեն եւ անարգել հետեւեն ձայների վերահաշվարկին։ Առավել եւս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։
ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։
Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ- ի նախագահ Վահագն Հովակիմյանին։
Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից, կարծում եմ, նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք (նման փորձ նախկինում եղել է), օգտագործելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի եվ փաստերի հանրայնացման համար։
Այդ նախաձեռնությունը կնպաստի նաեւ հասարակության կոնսոլիդացմանը եւ այն քաղաքական կապիտալի վերածելուն։
Անգործությունը անթույլատրելի է։
Խոսրով Հարությունյան