Քաղաքականություն

Ամեն իշխանություն պարամետրերը հարմարեցրել է իրեն, որտեղի՞ց ձեւավորվի այդ միջին խավը

Ամեն իշխանություն պարամետրերը հարմարեցրել է իրեն, որտեղի՞ց ձեւավորվի այդ միջին խավը

«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը թավշյա հեղափոխությունից հետո վերջին մեկ տարվա ընթացքում կատարված ամենալուրջ փոփոխությունը համարում է, որ 

փոխվել են իշխանությունները, փոխվել են դեմքերը, եւ այդ փոփոխությունն ակնհայտ է։
Հարցին, թե նկատո՞ւմ է փոփոխություններ խաղի կանոններում, իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում, Գուրգեն Արսենյանն արձագանքեց․ «Շատ ավելի թեթեւ եւ լայթս են դարձել, շատ ավելի ընդունելի եւ համաչափ։ Խաղի կանոնները շատ  ավելի մեղմացել են»։
Իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցվում են քրեական գործեր։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում այսօր չկա կոռուպցիա իշխանության մեջ։

«Եթե կա որեւէ կոռուպցիոն դրսեւորում, ապա դա վերեւներում չէ, դա կարող է լինել, օրինակ, կենցաղային մակարդակով։ Վերեւներում նման բան չկա, կարծում եմ, որ դա իրենց գործունեության նպատակը չէ։ Հասարակության գործունեության համար ամենակարեւոր գործոններից կամ  պայմաններից մեկը պետք է լինի այն, որ պետության ղեկավար հատվածը՝ իշխանությունը, իր գործունեությունը չի իրականացնում իր իրավունքները սեփականության վերածելու համար։ Դա ամենակարեւոր խնդիրն է։ Այդ ժամանակ հասարակությունը կարողանում է լուծել իր խնդիրները կամ գոնե պատկերացնում է, թե ինչ խնդիրների առջեւ է կանգնած։ Մնացած բոլոր դեպքերում հասարակությունը գտնվում է թյուրիմացության մեջ»։ 

Նկատեցինք, որ այսօր մեր հասարակությունը բավականին ակտիվ է, նույնիսկ սոցցանցերում բարձրաձայնելով տարբեր խնդիրների մասին՝ կարողանում է պաշտպանել իր իրավունքները։
«Հասարակությունը պետք է պայքարի իր իրավունքների համար ցանկացած իշխանության օրոք, նույնիսկ ամենալավ իշխանության օրոք։  Հասարակությունը միշտ պետք է իշխանություններին հիշեցնի, որ իշխանությունը ժամանակավոր է, փոխվելու է, միշտ պետք է սթափ պահի իշխանություններին նույնիսկ ամենափոքր խնդիրներում»,- ասաց Գուրգեն Արսենյանը։
Ինչո՞ւ ԱԺ երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր, ՄԱԿ նախագահ  Գուրգեն Արսենյանը ձեռնպահ մնաց 2018թ․ դեկտեմբերի 9-ին մասնակցել ԱԺ ընտրություններին։
«2018թ․ ԱԺ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ ես արել եմ հայտարարություն։ Քանի որ ընտրություններին մասնակցելու պարագայում մեր քաղաքական ուժը հանդես էր գալու նույն լոզունգներով ու նույն նպատակներով, որոնցով հանդես էր գալիս այն քաղաքական ուժը, որը կոչվում է «Իմ քայլը» դաշինք, մենք նպատակահարմար չգտանք զուգահեռ իրականացնել նույն գործունեությունը»։

«Իսկ ինչո՞վ եք զբաղվում ակտիվ քաղաքականությունը թողնելուց հետո» հարցին Գուրգեն Արսենյանն արձագանքեց․ «Զբաղվում եմ ինձ հետաքրքրող թեմաներով՝ գրականությամբ, ճանապարհորդությամբ, պատմությամբ, վերլուծությամբ»։

Հետաքրքրվեցինք, թե իշխանափոխությունից հետո ավելի նպաստավո՞ր պայմաններ են ստեղծված գործարարների համար, քան նախկինում էր։ 

«Այո՛, առավել եւս, որ հիմա ընթանում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները,  որոնք ավելի հեշտացնում եւ մեղմ են դարձնում վարչարարությունը եւ ավելի լավ հնարավորություն են ընձեռում մարդկանց՝ իրենց գործարար ջիղն օգտագործելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։
Մեր հաջորդ հարցին, թե՞ Հայաստանում կան միջին խավի ձեւավորման համար անհրաժեշտ նախադրյալներ, Գուրգեն Ասրենյանն արձագանքեց․«Միջին խավի ձեւավորումը երկարատեւ էվոլյուցիոն պրոցես է։ Այդ էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում կան կարեւորագույն պարամետրեր, որոնք պետք է չխախտվեն։ Հայաստանում այդ պարամետրերը անընդհատ խախտվում են։ Ամեն իշխանություն այդ պարամետրերը հարմարեցրել է իրեն, որտեղի՞ց ձեւավորվի այդ միջին խավը։ «Միջին խավ» բառակապակցության հետեւում կան հսկայական պրոցեսներ։ Այդ հսկայական պրոցեսներում կան նաեւ անփոփոխ բաներ, որոնք չպետք է փոխվեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image