Գյումրու ավագանու որոշմամբ քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարան է կառուցվելու։ Գործարանի նախագիծը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծում «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերությունը։ Առաջին անգամ նախադեպը չունեցող գործարան Հայաստանում բացվելու է հենց Գյումրիում ։Քաղաքում կենցաղային թափոնների վերամշակման գործարանը կառուցվելու է Բուլվարային թաղամասին մերձակա տարածքում՝ շուրջ 2հա մակերեսով։ Գործարանի նախագիծը Գյումրու ավագանուն անձամբ ներկայացրեց ՌԴ-ից Հայաստան ժամանած «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ընկերության տնօրեն Միխայիլ Բադինը, որի խոսքերով՝ քաղաքում կուտակված տարիների աղբը նույնպես խոստանում են հավաքել, վերամշակել, կզբաղվեն նաև աղբաթափությամբ։
«Մենք գործող գործարան ունենք Ռուսաստանի Դաշնությունում, բայց այն, ինչ պատրաստվում ենք կառուցել Գյումրիում, նախադեպը չունի Հայաստանում։ Գործարանի կառուցումը լիցենզիաների հետ կապված կընթանա փուլ առ փուլ»,-ասաց տնօրենը։
Ավագանու անդամներին հետաքրքրեց, թե ինչ սկզբունքով է աշխատելու գործարանը, ինչպես նաև՝ արդյոք համայնքապետարանի կոմունալ բաժինը կազատվի աղբը հավաքելու պարտավորությունից։
Ավագանու անդամների մտահոգությունը փարատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ նշելով․
«Գործարանը փակ արտադրություն է, աշխատելու է առանց արտանետումների, բացի այդ՝ ամբողջապես լուծվելու է քաղաքն աղբից մաքրելու հարցը՝ հավաքելու են այն ու մշակելու։ Ամենայն հավանականությամբ, աղբը կհավաքեն Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ համատեղ»,-ասաց նա։