Դատելով պաշտոնական հանդիպումներից՝ հայ-չինական հարաբերություններում սկսվում է նոր փուլ։
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Պեկինում մասնակցեց «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, այցի շրջանակում հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Քեցյանի, մի քանի խոշոր ընկերությունների հետ։
Կողմերն այդ ընթացքում քննարկել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես՝ ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերը։
Այս օրերին ՀՀ-ում է գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վան Ին առաջարկել է համատեղ քննարկել նաեւ օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարը։ Վան Ին նշել էր, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ապահովման հարցում։
Որքանո՞վ է կարեւորվում Հայաստանի դերը Չինաստանի համար, արդյո՞ք Չինաստանը Հայաստանի հետ համագործակցությունը պատկերացնում է միայն տնտեսական հարաբերությունների համատեքստում, թե՞ դրանք ավելի շատ տարածաշրջանային համագործակցության համատեքստում են։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Չինաստանը թե՛ քաղաքական ազդեցության, թե՛ տնտեսական ցուցանիշներով աշխարհի առաջին տնտեսությունն է, եւ Հայաստանը պետք է հետաքրքրված լինի Չինաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ եւ դրանք խորացնելու հեռանկարներով։ Նաեւ՝ Չինաստանն առաջատար է որպես գլոբալ պրոեկտներ իրականացնող պետություն։
«Այդ պրոեկտները չեն սահմանափակվում միայն ասիական տարածաշրջանում։ Չինացիներն ակտիվ աշխատում են նաեւ Աֆրիկայում։ Կան օրինակներ նաեւ նախկին ԱՊՀ պետություններում, որտեղ չինացիները բավականին ակտիվ աշխատում են։ Գիտեք, որ վարչապետը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու միջոցառման, եւ այնտեղ հանդիպել է Չինաստանի նախագահի հետ, քննարկվել են լուրջ եւ հավակնոտ ծրագրեր։ Կարեւոր է նաեւ, որ Չինաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան, եւ Հայաստանի քաղաքացիները նույնպես առանց վիզայի կարող են այցելել Չինաստան։ Սա նշանակում է, որ հեշտացվելու են բիզնեսմենների հետ կապերը ճանապարհորդելու տեսանկյունից։ Չինաստանը ՀՀ-ում կառուցում է բավականին մեծ դեսպանատուն, հավանաբար այն երկրորդ ամենամեծ դեսպանությունն է լինելու Հայաստանում։ Իսկ դա նշանակում է, որ թե՛ աշխատակազմի քանակով, թե՛ ներգրավվածության առումով չինացիները հետաքրքրված են ՀՀ-ով։ Սա նույնպես շատ լուրջ եւ կարեւոր ցուցանիշ է»,- ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանը կարծում է, որ տնտեսական հարաբերությունները նույնպես պետք է բարձրանան քաղաքական հարաբերությունների մակարդակի։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հարաբերություններին, ապա քաղաքագետը կարծում է, որ այստեղ էլ քաղաքագետը կարծում է, որ երկու երկրներն ունեն ընդհանուր դիրքորոշումներ։
«Հայաստանը պաշտպանում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Չինաստանն էլ Արցախի հարցում ունի բավականին հավասարակշռված դիրքորոշում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։