Հասարակություն

Հայաստանից արտագաղթը նվազել է, քանի որ ՌԴ-ում վիճակն է վատացել

Հայաստանից արտագաղթը նվազել է, քանի որ ՌԴ-ում վիճակն է վատացել

Հայաստանում սոցիոլոգները լուրջ անելիք ունեն նաեւ թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված իշխանությունների օրոք։ Եթե նախկին իշխանությունների ժամանակ հստակ էր նրանց գործունեության դաշտը՝ ընտրություններից առաջ հրապարակում էին թվեր ու տոկոսներ՝ նախանշելով, թե քաղաքական որ ուժերն են անցողիկ, որոնք՝ ոչ, ապա ներկա իշխանությունների օրոք չկա այդ խնդիրը։ Կան այլ խնդիրներ։
Սոցիոլոգ, Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, մեր հարցին ի պատասխան, թե որոնք են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, նշում է․ «Առաջնահերթը սոցիալ-տնտեսական հարցերն են, այսինքն՝ գործազրկություն, աշխատատեղեր, աղքատություն, արտագաղթ։ Երկրորդը վերաբերում է կոռուպցիային, օլիգարխիկ մենաշնորհներին եւ այլն։ Երրորդ շերտն արդեն վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պատերազմի վտանգին»։
Թավշյա հեղափոխությունից հետո կա՞ն օլիգարխներ, չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նրանք խոշոր սեփականատերեր են։ Այսօր նախկինում օլիգարխ անվանված անձինք այլեւս չունեն այն արտոնությունները, ինչ ունեին ոչ վաղ անցյալում։
«Ինձ թվում է, որ մենք պարզապես վերանվանում ենք նրանց, օլիգարխներին անվանում ենք սեփականատերեր, բիզնեսմեններ, ուրիշ անուն ենք դնում։ Օլիգարխիան եղել է եւ կա։ Ես չեմ հիշում, որ որեւէ օլիգարխի այնպես ֆինանսաթափեին, որ նա իրեն օլիգարխ չզգա։ Համաձայն եմ, որ այսօր նրանք շատ ավելի համեստ պահվածք են դրսեւորում։ Նույնիսկ ոչ այնքան իրենք են այդպիսի պահվածք դրսեւորում, որքան իրենց շրջապատը՝ թիկնապահներով, մեքենաներով, հատուկ մարդկանցով։ Այսինքն՝ շատ հաճելի է, որ այդ ցուցադրական մասը վերացել է։ Եթե նախկինում շատ ավելի ցայտուն էր դա, հիմա քողարկված է։ Բայց օլիգարխիան հեշտ չի վերացնելը, նրանք շատ խոշոր սեփականատերեր են, միայն ասելով ու գրելով չէ։ Դա վերաբերում է նաեւ կոռուպցիային, որը մի քանի ամսում մի հարվածով չես կարող վերացնել։ Շատ լուրջ միջոցառումներ են պետք դրա համար, այդ թվում նաեւ՝ օրենսդրական դաշտում»,- կարծում է  մեր զրուցակիցը։
Արդյո՞ք արտագաղթը թավշյա հեղափոխությունից հետո համարվում է մարտահրավեր ու սպառնալիք։
«Եթե նախկինում ասում էինք, որ տարեկան մոտ 35 հազար մարդ լքել է Հայաստանը, այսօր արտագաղթի քանակները քչացել են, մասշտաբները՝ նվազել, բայց այն, որպես երեւույթ, կա, շարունակում է մնալ եւ սպառնալիք է մեր անվտանգությանը։ Արտագաղթը հանգեցնում է բնակչության նվազեցման, մենք չունենք աճ։ Կա ծնելիության աճի, վերարտադրման խնդիրը։ Պատահական չէ, որ վարչապետը հայտարարեց, որ հատուկ հանձնաժողով են ստեղծելու, որը զբաղվելու է ժողովրդագրական հարցերով։ Շատ ճիշտ որոշում է, ինչքան շուտ սկսեն, այնքան շուտ կլինեն փոփոխությունները, քանի որ Հայաստանը վերացող երկրների շարքում է դասվել։ Այսինքն՝ Հայաստանի բնակչությունը վերանում է»,- ասաց Գեւորգ Պողոսյանը։
Սոցիոլոգը կարծում է, որ արտագաղթը շարունակում է մնալ մարտահարվեր, եւ եթե թավշյա հեղափոխությունից հետո այն մի քիչ նվազել է, ապա դա չի նշանակում, թե հարցը լուծված է։ 
Իսկ ո՞րն է այսօր արտագաղթի հիմնական պատճառը, երբ իշխանափոխությունից հետո կա պայքար կոռուպցիայի, անարդարությունների դեմ, հաստատվել են նոր խաղի կանոններ, գործում են օրենքները։
Գեւորգ Պողոսյանի կարծիքով՝  «Աշխատատեղերը շատ քիչ են, եղած  աշխատատեղերը չեն բավարարում անհրաժեշտ  եկամուտով։ Հիմնականում մարդիկ արտագաղթում են՝ ելնելով  տնտեսական պատճառներից։ Այն ժամանակ հիմնականում Ռուսաստան էին գնում, այնտեղ այնքան էին վաստակում, որ կարողանում էին պահել իրենց ընտանիքները։ Հիմա ՌԴ-ում վիճակը կտրուկ վատացել է, եւ կարծում եմ, որ արտագաղթի նվազեցման պատճառն այն է, որ ՌԴ գնալն է դժվարացել․ ՌԴ-ն ինքն է գտնվում բավականին ծանր տնտեսական վիճակում։ Իսկ մյուս երկրներ արտագաղթելն էլ բարդ է։ Եթե ՌԴ-ում վիճակը վատացել է, ապա հասկանալի է, թե ինչու է միգրացիան նվազել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image