Հասարակություն

«Գարուն»-ը նոր գլխավոր խմբագիր կունենա

«Գարուն»-ը նոր գլխավոր խմբագիր կունենա

Խորհրդային տարիներին իր «ոսկե դարն» ապրած «Գարուն»-ը անկախության տարիներին ստիպված էր  այլ մշակութային, գիտական եւ ոչ եկամտաբեր հանդեսների պես բազում դժվարություններ հաղթահարել՝ իր ընթերցողին չկորցնելու համար։ 
«Գարուն»-ի երկարամյա գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի անժամանակ մահվանից հետո վերջին երեք տարիներին նրան փոխարինում էր Աշոտ Գաբրիելյանը։

Թե ինչու է նա հրաժարվել հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնից՝ չհաջողվեց իմանալ․ Աշոտ Գաբրիելյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Տեղեկացանք միայն, որ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն է լինելու Արմեն Ավանեսյանը։ «Գարուն» ամսագրին պետությունը միայն մասնակի աջակցություն է ցուցաբերում, մնացածը կախված է աջակիցներից, ամսագրի վաճառքից։ 

Արմեն Ավանեսյանը նշեց, որ իրեն առաջարկել են համագործակցել, ինքն էլ համաձայնել է, առաջիկայում, օրեր անց,  պետք է պայմանագիր կնքի «Գարուն» ՍՊԸ-ի հետ։ Ծրագրերի մասին նա առայժմ ձեռնպահ մնաց խոսելուց, ասաց, որ ամեն ինչ դեռ բանավոր պայմանավորվածությունների դաշտում է։ 

«Ամեն խմբագիր իր հետ բերում է իր ոճը, իր դեմքը, իր քաղաքականությունը։ Պետք է ամսագիրն ավելի կրեատիվ դառնա, կարողանանք աշխարհի գրականությունը, մշակույթը ներկայացնել։ Ես ինքս սիրում եմ կատարել հրապարակախոսական շեշտադրումներ, հրապարակագրությունը պետք է ուժեղ լինի, կարողանա հանրությանը հուզող հարցերի պատասխանները տալ։ Եվ ինչո՞ւ ոչ՝ նոր հեղինակներ բացահայտելու համար այն լավագույն հարթակ է։ Պետք է ամսագիրը կարողանա թարմ ություն հաղորդել»,- ասաց Արմեն Ավանեսյանը։
Խմբագրական խորհուրդն էլ փոփոխման փուլում է։ Արմեն Ավանեսյանը խոստանում է փոփոխություններ անել նաեւ այստեղ։ Ոմանք դուրս կմնան, ոմանք էլ կշարունակեն աշխատել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image