Քաղաքականություն

Սփյուռքի նախարարության «շնորհքն» էր, որ չկարողացավ ինտեգրել սիրիահայերին

Սփյուռքի նախարարության «շնորհքն» էր, որ չկարողացավ ինտեգրել սիրիահայերին

Թեեւ պաշտոնապես չի ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, սակայն մամուլում, փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է օպտիմալացման արդյունավետությունը, նպատակահարմարությունը։

Սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն, անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, նշեց․ «Որոշումներն ընդունված չեն, տեղեկատվությունը հոսել է դուրս, քննարկում է սկսվել։ Այն, ինչ մասնագիտական-փորձագիտական քննարկման առարկա է, այդ հարցը փողոցում չեն քննարկում։ Դրանք մասնագետների խնդիրն է։ Միգուցե նախարարության ներկայացուցիչների, մասնագետների, համակարգային մասնագետների, ինստիտուցիոնալ տեսության մասնագետների քննարկան ենթակա հարց է։ Հիմա լուծարում են նախարարությունը։ Կդառնա՞ գործառնող այդ մեխանիզմը, թե՞ ոչ, գործիքակազմը կբավարարի՞, թե՞ ոչ, համակարգը կբավարարի՞ այդ խնդիրները լուծելու համար, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որ պետք է հնչեն»։

Լյուդմիլա Հարությունյանը հիշեցնում է, որ մշակույթի նախարարությունը ստեղծվել էր ազգ-պետության մեջ ինքնության քաղաքականությունն իրականացնելու, արժեքներ դաստիարակելու  համար, իսկ արվեստն այնտեղ մուտք է գործել պատահաբար՝ որպես արժեքներ դաստիարակող ճյուղ։

«Մշակույթն ավելի լայն հասկացություն է եւ պետք է հասնի մինչեւ ինքնություն։ Այդ նախարարությունը ձեւավորում է ինքնության ձեւավորման քաղաքականություն եւ վերահսկում է, որ այդ քաղաքականությունն արդյունավետ իրագործվի։ Մենք մինչ այսօր չենք տեսել դա, մենք տեսել ենք, որ այդ նախարարությունը զբաղվում է պետական միջոցների վերաբաշխմամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ մեր հեռուստատեսության, ԶԼՄ-ների հետ, տեսնում ենք բոլորս․ դրանք չօգնեցին մեր ինքնության ձեւավորմանը։ Դա նշանակում է, որ ինքնության քաղաքականությունը նախարարությունը չկարողացավ իրականացնել եւ անգամ չտեսավ այդ խնդիրը։ Հիմա ասում են, որ պետք է մշակույթի նախարարությունը միավորեն կրթության եւ գիտության նախարարության հետ։ Սրա մեջ կա որոշակի տրամաբանություն։ Կրթությունը եւս ինքություն ձեւավորելու գործիք է։ Ինքնությունը ձեւավորում են հիշողության քաղաքականությամբ եւ կրթության քաղաքականությամբ։ Ինքնության ձեւավորման խնդիրն այդ դեպքում  կունենա հստակ լուծում։ Իսկ որ հայկական ինքնությունն ունի արդիականացման խնդիր՝ դա անտարակույս է»,- նշեց մեր զրուցակիցը։

Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով՝ սփյուռքի նախարարությունը չուներ ձեւակերպված խնդիր։
«Թվում է, թե դա հայկական աշխարհի ամրապնդման քաղաքականությանն էր ուղղված։ Բայց այն դարձել էր միջոցառումներ կազմակերպող նախարարություն։ Բացի նախարարությունից միջոցառումներ կարող են կազմակերպել, օրինակ, գործակալությունները։ Օրինակ՝ Իսրայելի սփյուռքի նախարարությունը սկզբում եղել է ինֆորմացիայի նախարարություն, հետո դարձել է հասարակության եւ սփյուռքի նախարարություն, այնուհետեւ՝ հասարակության, սփյուռքի եւ հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարարություն։ Հիմա այն դարձել է ինֆորմացիայի եւ սփյուռքի նախարարություն։ Ունեցել է նաեւ սփյուռքի եւ կապերի նախարարություն։ Եթե միջոցառումից անցնում են քաղաքականության, ապա պետք է կարողանան գտնել այդ նախարարության ձեւը, բովանդակությունը եւ գործիքակազմը։ Եթե միջոցառումներ են անցկացնում, ապա այն պետք է լինի գործակալություն։ Երբ սիրիահայերի ներգաղթի ժամանակ 20 հազար սիրիահայ եկավ Հայաստան, նրանցից մնաց քիչ մասը։ Դա սփյուռքի նախարարության «շնորհքն» էր, որ չկարողացավ այնպիսի քաղաքականություն մշակել, որպեսզի ներգաղթող մեր հայրենակիցներին ինտեգրեինք հայ  հասարակության մեջ։ Սրանից ելնելով՝ կարծում եմ, որ սփյուռքի նախարարությունը կայացած չէ, չի հասկանում խնդիրը, գործիքակազմը չունի։ Իսկ գործակալությունն այդ խնդիրը լիովին կկատարի»,- կարծում է Լյուդմիլա Հարությունյանը։

Նա կրկին հիշեց Իսրայելի օրինակը, որտեղ կա հայրենակիցների եւ ինտեգրացիայի նախարարություն։ 
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ կառավարությունում չկա ժողովրդագրական քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմինը։ Իսկ դա պետք է անի առանձին նախարարությունը կամ կոմիտեն։

«Վերջին երկու տարում մենք տեսել ենք դեմոգրաֆիական քաղաքականության ակտիվություն։ Այսինքն՝ կա մտահոգությունը, կան գործողությունները, բայց չկա այն մարմինը, որը կմշակի եւ կիրականացնի այդ քաղաքականությունը։ Մինչ օրս այն իրականացրել է սոցապնախարարությունը։

Ուզում եմ անդրադառնալ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվանը։ Ի՞նչ է նշանակում «սոցիալական հարց»։ Աշխարհում այն ամենն, ինչ վերաբերում է սուբյեկտներին՝ անձին, խմբին, սոցիալական հարցեր են։ Նախարարության անորոշ անվանումը ցույց է տալիս, որ նախարարությունը չգիտի, թե ինչով պետք է զբաղվի։ Նախարարությունը պետք է զբաղվի սոցիալական պաշտպանությամբ, դա շատ հստակ է։ Ժողովրդավարական երկիրը պարտավոր է սոցիալապես պաշտպանել իր հասարակությանը, պետք է մշակվի քաղաքականություն, թե ում եւ ինչպես է ուզում պաշտպանել, ինչ արդյունքներ է ուզում ստանալ։ Սա շատ հստակ խնդիր է՝ կան մասնագետները, կա գործիքակազմը, կա պատմությունը։ Պետք է հստակեցնել, հանել «սոցիալական հարցեր» արտահայտությունը եւ գրել՝ սոցիալական պաշտպանություն եւ ոչ մի այլ նախարարության հետ չմիավորել»,- մեզ հետ զրույցում նշեց սոցիոլոգը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image