Քաղաքականություն

Վենսի խաշլամա

Վենսի խաշլամա

ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան այցի տակ այնքան փակ բաներ կան, որ ինչքան էլ բացենք, էլի բացելու բան կմնա: Մենք՝ տրեխավորներս, ի՞նչ ենք ուզում, առհասարակ… Մեր ձեռքի ափի մեջ մի ամբողջ Ամերիկա՞ տեղավորել: Լավ, էլի: Մեկն ասում է՝ Վենսը եկել է TRIPP-ն առաջ տալու, մյուսը գրել էր՝ Հայաստանն են պոկում Ռուսաստանից, երրորդը, թե՝ ԱՄՆ-ն ուզում է դառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը, չորրորդի կարծիքով՝ եկել էր ընտրություններից առաջ աջակցելու ՀՀ գործող իշխանություններին… Ես էլ նստած՝ նախանձում եմ մեր այդ վերլուծաբաններին ու քաղաքագետներին, որոնք ամեն ինչ գիտեն: Ընդհուպ զարմանում եմ՝ Վենսը, օրինակ, գիտի՞, որ ինքը Հայաստան է եկել ԱՄՆ հարկատուների գումարները մեր առջեւ փռելու: Բայց մերոնցից արդեն ասողներ կան, որ Վենսը 4 միլիարդ էր բերել, 5 միլիարդ էլ մյուս գալուց է բերելու: Գիտակ ենք, հո զոռով չի՞:

Մյուս կողմից էլ՝ Վենսն ամեն օր չէ, որ Հայաստան է գալիս, ու բնական է այս աժիոտաժը: Հետաքրքիր այց էր, անշուշտ: Հավատացեք, որ գործարար Թրամփի վարչակազմը հենց այնպես միլիոններ չէր ծախսի՝ Վենսին Հարավային Կովկաս պտույտների ուղարկելու համար: Շնից մազ պոկող Թրամփը (նա չխորշեց անգամ TRIPP-ում փայ մտնելուց), ձեր կարծիքով, ինչ է, հսկայական էսկադրիլիաների ուղեկցությամբ Վենս կուղարկե՞ր Հայաստան: Ուրեմն տակը մի բան կա: Եկեք դրա անունը դնենք «նոր աշխարհակարգ է ձեւավորվում», բայց չասենք, որ Վենսի այցը հայաստանյան լսարանին էր ուղղված: Ոչ էլ, իմիջիայլոց, Ադրբեջանին էր ուղղված: Այս ամբողջ պատմության մեջ Երեւանն ու Բաքուն ընդամենը բուտաֆորիա են: Այդ քաղաքներում Վենսը մեկական գիշեր քնելուց հետո կվերադառնա ԱՄՆ: Այ, հենց այդ ժամանակ էլ, իմ կարծիքով, կսկսվի ամենահետաքրքիրը:

Ինձ, օրինակ, դուր չեկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այս օրերի տրամադրությունը: ՌԴ պաշտպանության նախարարը հանկարծ հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ, իսկ Իրանից կրկին միացրին տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չտալու մասին ձայնապնակը: Կաթսաները, ինչպես ասում են, սկսեցին եռալ: Իրանը մի փոքր ավելի բացեց փակագծերը՝ սպասեք նոր պատերազմի, զոհերն արդեն նշանակված են: Այս ֆոնին, եթե նկատեցիք, Վենսի այցը միանգամայն այլ իմաստ է ստանում: Կարո՞ղ ենք, օրինակ, ենթադրել, որ Վենսը տարածաշրջան էր եկել ոչ այնքան մի բան տալու, որքան ուզելու նպատակով: Իսկ ի՞նչ կարող էր նա ուզել Հայաստանից ու Ադրբեջանից, եթե հայտնի է, որ ԱՄՆ-ն ուր որ է՝ կամբողջացնի ծովի կողմից Իրանի գլոբալ շրջափակումը: Այո, ԱՄՆ-ին օդուջրի պես նաեւ ցամաքային հենակետ է պետք՝ Իրանին գլոբալ շրջափակման մեջ գցելու համար: Այլ խոսքով՝ Վենսին պետք էր, որ համոզվի՝ Իլհամ Ալիեւը եւ այն մյուս հրաշալի տղան, որոնք վեց ամիս շարունակ Թրամփին ամեն օր շնորհակալություն են հայտնում TRIPP-ի կապակցությամբ, կհամաձայնե՞ն նաեւ իրենց տարածքը տրամադրել՝ Իրանին հարվածելու համար: Ասենք նաեւ, որ այս թեման ԱՄՆ ղեկավարությունը վաղուց է շրջանառում՝ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ դեռ առաջին բանակցությունների օրերից: Այն ժամանակ «կլոր սեղանի» շուրջ էին, մի կողմից՝ Իրանը, մյուս կողմերից՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Հայաստանը եւ Ադրբեջանն այն ժամանակ չհամաձայնեցին բանակցությունների տապալման դեպքում տարածք տրամադրել Արեւմուտքին՝ Իրանին հարվածներ հասցնելու համար: Իսկ այսօ՞ր… Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ են խոստացել տարածաշրջանում դոլարներ թափահարող եւ ռազմավարական գործընկերություն խոստացող Վենսին: Այս մասին իշխանական շրջանակները թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում «խոհեմաբար» լռում են: Մեծամտություն չլինի, բայց նույնիսկ ես եմ գլխի ընկնում, թե 9 միլիարդի անուն լսած ՔՊ-ի ղեկավարն ինչ կարող է ասած լինել Վենսին… Այս օրերին Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա սիրառատ հայտարարություններն ինչի՞ մասին են խոսում: Մտածեք ինքներդ… Արդյոք դրանով չի՞ փորձում այնպես անել, որ շաբաթն ուրբաթից շուտ չգա, եւ ՀԱՊԿ-ը հանկարծ չորոշի Հայաստանը զերծ պահել երրորդ երկրի (այս դեպքում՝ ԱՄՆ-ի) ռազմական «ներխուժումից»:

Թե բա՝ Վենսն էկել ա՝ TRIPP-ն առաջ տալու… Լո՞ւրջ: Ուշքի եկեք, Իրանի հետախուզությունը ձեզ ասել է, որ շուտով խաշլամա է եփվելու, իսկ մսացուներն էլ արդեն հայտնի են:

Եվ վերջում՝ զուտ անձնական մի մտորում: Եթե «հրաշալի տղան» Վենսին ասեր «նյետ», կարող ա՞ Թրամփը «Մադուրո» օպերացիա աներ Հայաստանում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image