Երեկ մենք նյութ էինք հրապարակել, որ ՀՀ նախագահի աշխատակազմում որոշ վարչության պետերի պաշտոններ դեռեւս թափուր են, չնայած Արմեն Սարգսյանն անցյալ տարի, մարտի 2-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ նախագահ։ Նկատել էինք, որ դեռեւս թափուր են Նախագահի աշխատակազմի արարողակարգի եւ արտաքին կապերի վարչության պետերի պաշտոնները։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր՝ թափուր պաշտոնների վերաբերյալ հարցին արձագանքել են․ «2018 թվականի մայիսի 17-ին «www.president.am» և «careercenter.am» կայքերում հրապարակվել են հայտարարություններ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմում քաղաքացիական ծառայության 23 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին:
Արդյունքում աշխատակազմն ստացել է շուրջ 7000 դիմում: Թափուր պաշտոնների համալրման գործընթացն իրականացնելու համար ստեղծվել էր անկախ փորձագետներից կազմված մասնագիտական խումբ: Վերջինս իր գործունեությունը ծավալել է Աշխատակազմի ղեկավարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրին և ժամանակացույցին համապատասխան: Դիմորդների ընտրության գործընթացը բաղկացած է եղել երեք փուլից՝ դիմորդների անձնական տվյալների (СV) մուտքագրում, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանության ստուգման հիման վրա թեստավորում և հարցազրույց: Վերը նշված փուլերը հաղթահարելուց հետո՝ յուրաքանչյուր պաշտոնի համար կազմվել է 5-7 թեկնածուից բաղկացած կարճ ցուցակ, որից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմում կազմակերպվել է հարցազրույց նշված թեկնածուների հետ, և կոնկրետ պաշտոնի համալրման վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել:
Գործընթացն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, որի արդյունքում համալրվել է 9 պաշտոն: Ի դեպ, աշխատակազմում ստեղծվել է ընտրության փուլերին մասնակցած և որևէ պաշտոնում չնշանակված անձանց տվյալների շտեմարան, որը հետագայում կծառայի աշխատակազմում առկա այլ թափուր պաշտոնների համալրման համար:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ իրավական ուժ է ստացել պետական մարմինների կայքերում թափուր պաշտոնների համալրման մասին հայտարարությունները հրապարակելու պահանջը: Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է բաց ու թափանցիկ իրականացնել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացը՝ պարբերաբար հայտարարություններ տեղադրելով «www.president.am» կայքում:
Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի արարողակարգի և արտաքին կապերի վարչությունների պետերի թափուր պաշտոններն առայժմ համալրված չեն: Հանրապետության նախագահը դեռևս 2018թ. հունիսին ՀՀ կառավարությանն առաջարկել է շրջանառել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մաիսն» ՀՀ օրենքի նախագիծը (ներկայումս այն գտնվում է շրջանառության մեջ), որով կվերացվի Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնների համալրման հարցում եղած օրենսդրական սահամանափակումը և հնարավորություն կընձեռվի, որպեսզի դիվանագիտական ծառայողները ևս կարողանան պաշտոններ զբաղեցնել Հանրապետության նախագահի աշխատակազմում: Ի դեպ, օրենսդրական այս սահմանափակումը չի տարածվում պետական այլ մարմինների վրա:
Ներկայումս Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների ընդհանուր թիվը 108 է: Շենքային պայմանների բարելավումից հետո նախատեսվում է համալրել նաև մնացած թափուր հաստիքները: