ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ընկերները՝ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձան «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ հայտարարելով, որ նա ստախոս է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սեւանի ճանապարհին Սամվել Բաբայանի թիմակիցների ուղղությամբ հնչեցին կրակոցներ, իսկ իրավապահ մարմինները կարճ ժամանակ անց հայտարարեցին, որ միջադեպի մեղավորները բացահայտված են։
Արմեն Մեջլումյանին եւ Արամ Հովակիմյանին զայրացրել է այն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե եղել են կենցաղային, ֆինանսական բնույթի հարցեր։
«Ավտոմեքենայի մեջ եղել ենք ես եւ իմ ընկեր Արամը, երրորդ անձը չի եղել։ Մեր հարցը էն չի, որ այդ մարդկանց ձերբակալեն, մեր հարցն էն ա, թե ով է այդ զակազը տվել։ Ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը։ Երեք ամիս է, ինչ մենք աշխատում ենք Մարտակերտի եւ Քարվաճառի շրջանում, որեւիցե խնդիր չենք ունեցել իր աջակիցների հետ, հանդիպել-զրուցել ենք, ասել, որ մենք մեր թեկնածուին ենք պաշտպանում, դուք՝ ձեր։ Երկրորդը՝ ո՞նց է լինում, որ այդ մարդկանց չես ճանաչում, չես շփվել, կենցաղային որեւէ հարց չի եղել, եւ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ դա կապված է կենցաղայինի հետ։ Կարո՞ղ եք պարզաբանել»,- ասաց Արմեն Մեջլումյանը։
Արմեն Մեջլումյանն էլ շնորհակալություն հայտնեց Սեւանի քննչական մարմնին, որ այսօրվա դրությամբ օպտիմալ եւ օբյեկտիվ քննություն են տանում։ Նա ասաց, որ երեք-չորս ամիս է, ինչ աշխատանք են կատարում, Քարվաճառի, Մարտակերտի շրջանում շփվում են ժողովրդի հետ, ոչ մեկը իրենց չի մոտեցել կենցաղային հարցերով։
Հետո նրանք մեղադրեցին Արայիկ Հարությունյանին, որ չի տիրապետում իր կուսակցության անդամների մասին տեղեկատվությանը, բայց ուզում է Արցախի Հանրապետության նախագահ դառնալ։
Արամ Հովակիմյանն էլ ասաց, որ թող ժողովուրդը որոշի, թե ում է ուզում ընտրել նախագահ, իրենք շփվում են, լսում ժողովրդի կարծիքները, ամեն մեկն իր դարդ ու ցավն է պատմում։
«Սամվել Բաբայանն ամեն գյուղում հանդիպումներ է ունենում, ժողովուրդը մեծ հաճույքով լսում է իր հերոսին, հարցադրումներ ունի։ Իսկ դա հակառակ կողմին դուր չի գալիս»,- ասացին նրանք։
Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանն անդրադարձան նաեւ այն հարցին, որ Արայիկ Հարությունյանը վարչական ռեսուրսներ չի օգտագործում։
«Կրթօջախների տնօրեններին հրահանգում են, որ երեխա չհատկացնեն մեզ աղուհացով դիմավորելու։ Անունները կարող եմ հատ-հատ ասել։ Հիմնադրամ է ստեղծել Արցախում, ճի՞շտ է։ Զոհվածների կարիքները չեն կարողանում հոգալ, բայց ով «Ազատ հայրենիք» կուսակցությունից է, խնդիր չունի գումարների հետ կապված։ Բայց մարդ կա՝ երկրորդ-երրորդ կարգի հաշմանդամ է, չի կարողանում փող վերցնել, իր կարիքները հոգալ։ Գյուղացի, զոհվածի կինն ուղղակի լացում-ճղում է իրեն, որ հնարավորություն տան իրեն ապրելու, տանիքի թիթեղը չի կարողանում փոխել»,- թվարկեցին նրանք։