Նախորդ շաբաթ գրել էինք, որ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում Հակակոռուպցիոն կոմիտեն խոշոր չարաշահումներ է բացահայտել՝ 200 միլիոն դրամի չափով։ Մեզ հայտնել էին. «Ի պատասխան ձեր հարցմանը, հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի 2 պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել՝ իշխանական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար»։ Մեր տեղեկություններով՝ երկու մեղադրյալներն են Կոմիտեի գլխավոր քարտուղարն ու գլխավոր հաշվապահը: Նրանք ձերբակալվել էին, հաշվապահին կալանավորել էին, ապա խափանման միջոցը փոխել։
Ի դեպ, մեզ նաեւ ասացին, որ սա նոր քրեական գործ չէ, ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի վերջին։ Նախորդ հրապարակման մեջ մենք թյուրիմացաբար նշել էինք, որ գործը վերաբերում է ԲՈԿ-ին` Բարձրագույն որակավորման կոմիտեին, բայց ԲՈԿ-ը վաղուց լուծարվել է, դրա որոշ ֆունկցիաներ փոխանցվել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին, որի նախագահը Սարգիս Հայոցյանն է: Ի դեպ, այս կոմիտեն գրեթե ԿԳՄՍՆ-ին հավասար լիազորություններ ունի` գիտական հիմնարկների եւ բուհերի կառավարումն ամբողջությամբ նա է իրականացնում: Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ հայտնեցին, որ այս պահին 2 մեղադրյալ կա, որոնց նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։
Հիշեցնենք, որ վերջերս նաեւ որոշ բուհերի նկատմամբ է արշավ սկսվել` աղմկոտ գործեր են քննվում Մանկավարժական համալսարանի հետ կապված, որտեղ պրոռեկտորին ու ռեկտորին են մեղադրանք առաջադրել։ Վերջերս նաեւ կաշառք ստանալու մեղադրանքով ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչ է ձերբակալվել։