Եվրոպայի խորհուրդը դադարեցրել է Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը, ինչի մասին հայտարարվել է ԵՄ խորհրդի հերթական նիստի ժամանակ: «Եվրոպական խորհուրդը հաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու վրաց ժողովրդին իր եվրոպական ճանապարհին։ Միեւնույն ժամանակ, վերահաստատում է իր լուրջ մտահոգությունը Վրաստանի կառավարության կողմից իրականացվող մի շարք գործողությունների նկատմամբ, որոնք հակասում են այն արժեքներին եւ սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը»,- ասված է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
ԵՄ խորհուրդը հակասություն է ստեղծում վրաց ժողովրդի եւ կառավարության միջեւ` հայտարարելով, որ վրաց ժողովուրդը ձգտում է դեպի Եվրամիություն, մինչդեռ Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են վրաց ժողովրդի ձգտումներին: Այս հայտարարությունն արվել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ փորձ է արվել՝ կանխորոշելու վրաց ժողովրդի ընտրությունը` եթե վրաց ժողովուրդն ուզում է գնալ եվրոպական ճանապարհով, պետք է հրաժարվի այն կառավարությունից, որն իր գործողություններով խանգարում է դրան: Սա ուղիղ միջամտություն է երկրի ներքին գործերին, բայց մեզ համար դա սովորական երեւույթ է, այնպես որ՝ առանձնապես զարմանալ պետք չէ:
Ի տարբերություն ԵՄ իշխանությունների, Ռուսաստանը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ դյուրացրեց Վրաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք՝ ըստ էության, հանելով սահմանին մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը: Վրաստանը 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո խզել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանին մեղադրել Վրաստանի դեմ ուղղակի ագրեսիա իրականացնելու մեջ: Մինչեւ հիմա դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվել, որովհետեւ չեն վերացել ագրեսիայի հետեւանքները, բայց, չնայած դրան, Ռուսաստանը փորձում է իր կողմը գրավել Վրաստանը եւ վրացիներին: Վրաստանի իշխանություններն էլ վերջին տարիներին հետեւողականորեն բարելավում են հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հույս ունեն, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը հետ կվերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ռուսաստանն այս առումով ինչ-որ հուսադրող քայլեր կատարում է, բայց հիմա դժվար է ասել՝ դրանք ընդամենը խա՞յծ են՝ Վրաստանին ԵՄ-ից վերջնականապես կտրելու համար, թե՞ Ռուսաստանն իսկապես պատրաստ է օգնել Վրաստանին՝ վերականգնելու 1991 թ. սահմանները, ինչպես որ դա արեց Ադրբեջանի դեպքում:
Կա մի այլ, անհամեմատ ավելի ակնհայտ իրողություն. Վրաստանը 20 տարի անընդմեջ գնում էր դեպի ԵՄ եւ այդպես էլ չհասավ դրան: Վրաստանի եվրաինտեգրացիան մեծ թափ ստացավ 2004 թվականին, երբ Վարդերի հեղափոխության արդյունքում իշխանության եկավ Միխայիլ Սահակաշվին, չնայած դրանից առաջ էլ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վարում էր Արեւմուտքի հետ մերձեցման քաղաքականություն: 20 տարի Վրաստանը փորձում էր ինտեգրվել Եվրամիությանը, բայց դա որեւէ էական արդյունք չտվեց: Վրաստանի օրենսդրությունը, քաղաքական համակարգն ամբողջովին համապատասխանեցվեցին ԵՄ չափանիշներին, վրացիները կատարում էին բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել էին ԵՄ-ի առաջ, բայց, միեւնույն է` Վրաստանը տնտեսապես չէր ինտեգրվում ԵՄ-ին, ավելին՝ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից անընդհատ մեծանում էր:
Նույնիսկ երբ 2008 թ. պատերազմից հետո Ռուսաստանի հետ հարաբերություները գրեթե սառեցվեցին, Վրաստանը փորձեց իր արտահանումը վերակողմնորոշել ԵՄ, կտրվել Ռուսաստանի շուկայից եւ ազդեցությունից: Բայց մի քանի տարին բավարար եղավ, որ Վրաստանում հասկանան, որ ո՛չ վրացական գինիները, ո՛չ Բորժոմի հանքային ջուրը, ո՛չ էլ վրացական ցիտրուսներն ու գյուղատնտեսական այլ ապրանքներ, որոնք կազմում են վրացական արտահանման հիմնական ապրանքները, ԵՄ շուկայում պահանջարկ չունեն, որեւէ մեկին չեն հետաքրքրում, չեն դիմանում մրցակցությանը: Արդյունքում Վրաստանը սկսեց կամաց, բայց հետեւողականորեն վերականգնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը՝ Ռուսաստանից ներմուծելով իր համար անհրաժեշտ ապրանքներ, որոնք անհամեմատ ավելի էժան են, քան եվրոպականները, եւ իր ապրանքներն արտահանել Ռուսաստան, որտեղ դրանց պահանջարկը կա, եւ մրցունակ են: Իսկ ոչինչ երկրներին այդքան չի մերձեցնում եւ կապում իրար հետ, որքան տնտեսական ընդհանուր շահը, փող աշխատելու հնարավորությունը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր պետության, նրա արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական անելիքն իր բիզնեսի գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ապահովումն է:
Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք մտադիր են ռուսական ցորենը փոխարինել թաիլանդական բրնձով, իսկ ռուսական գազը` ադրբեջանականով, Վրաստանի վարչապետն ասում է, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել տնտեսության 15 եւ գուցե մինչեւ 18 տոկոս անկման, ինչը ծանր կնստի Վրաստանի վրա: Ավելին` Վրաստանը հիմա մեծ ծրագրեր է իրականացնում Չինաստանի հետ, եւ չինական ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդնում՝ Սեւ ծովում Անակլեա խորջրյա նավահանգստի շինարարության համար: Վրացիները երկար տարիներ փորձում էին այդ նավահանգիստը կառուցելու համար ամերիկյան եւ եվրոպական ներդրումներ ներգրավել, համատեղ ընկերություններ ստեղծեցին, բայց արդյունքում համոզվեցին, որ ո՛չ ամերիկացիները եւ ո՛չ էլ ԵՄ-ն պատրաստ չեն գումար ներդնել նման ծախսատար ծրագրի իրականացման մեջ, մինչդեռ Չինաստանը գործում է: Վրաստանի արտահանումը դեպի Չինաստան եւս աճում է, չինացիները հիմա ավելի շատ վրացական գինի են խմում, քան եվրոպացիները:
Հիմա ո՞րն է Եվրամիության ուզածը․ որ Վրաստանում ստեղծվի մի իշխանություն, որը, հաշվի չառնելով Վրաստանի տնտեսական շահերը, հարաբերությունները խզի Արեւելքի`Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, որոնք ԵՄ թշնամի եւ մրցակից երկրներ են, եւ շարունակի ապրել ԵՄ ազդեցության տակ, կատարել այնտեղից իջեցված հրահանգները: Եվրամիությունը Վրաստանի վրա ազդեցության միայն մի լծակ ունի`առանց վիզայի ռեժիմը, եւ եթե Վրաստանում պրոարեւմտյան ընդդիմությունը պարտվի, հնարավոր է, որ Վրաստանը զրկվի նաեւ դրանից: Բայց ի՞նչ է տալիս վիզային ռեժիմի ազատականացումը Վրաստանին․ մեծ հաշվով` ոչինչ, դրանից ավելի շատ օգտվում են ԵՄ երկրները` ավելի մեծ թվով վրացի զբոսաշրջիկներ են այցելում ԵՄ երկրներ, իրենց աշխատած գումարն այնտեղ ծախսելով, ավելի մեծ թվով վրացի աշխատանքային միգրանտներ են գնում Եվրոպա` եվրոպացի ծերերին խնամելու եւ եվրոպական դաշտերում բերքահավաքի մասնակցելու: Բայց եվրոպացիները ցույց են տվել, որ իրենք դիմացինին պատժելու համար պատրաստ են իրենց շահերին դեմ քայլեր կատարել, այնպես, ինչպես հրաժարվեցին ռուսական էժան գազից, հանուն նրա, որ Ռուսաստանը գազի վաճառքից փող չաշխատի: Եվրոպացիներն իրենց գործողություններով եւ հարաբերությունները խզելով, Վրաստանին ստիպում են ավելի մեծ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից, բայց նրանք չեն էլ թաքցնում, որ չեն ցանկանում հարաբերվել ազատ երկրների հետ, որոնք առաջնորդվում են ոչ թե վերադասից իջեցված հրահանգներով, այլ իրենց շահերով, ասում են` ընտրեք եվրոպական գերության կամ ռուսական ստրկության միջեւ: Չնայած նման իրավիճակը պատմական օրինաչափություն է. երբ կայսրություններից որեւէ մեկն այլեւս ի վիճակի չի եղել պահել իր տիրապետության տակ գտնվող երկիրը, նրան ոչ թե անկախություն է շնորհել, այլ հանձնել է մեկ այլ մրցակից գերտերության, շատ դեպքերում՝ առանց պատերազմի, ուղղակի պայմանավորվելով: