Ճանապարհում ենք 2024 թվականը: Չգիտեմ ինչպես բնութագրել մեր վերջին 365 օրերը: Ոմանց համար անձնական հաջողության ու երջանկության օրեր էին դրանք, ոմանց համար՝ կորստի ու ցավի, շատերի համար էլ՝ թե՛ ուրախության եւ թե՛ տխրության: Այս իմաստով կարելի է ասել՝ 2024-ը բոլոր տարիների պես էր՝ հույս ու հավատի, դառնության ու կորստի, ճախրումի ու անկումների մի խառնուրդ: Իսկ եթե հանրային կյանքի վերջին 6 տարվա կտրվածքով դիտարկենք այն, ապա 2024-ը կարելի է համարել 2018-ի տրամաբանական շարունակությունը: Մենք 365 օր շարունակ զբաղված էինք թավշյա խեղկատակության դառը պտուղները քաղելով: Միայն պարտություններ ու կորուստներ` հուսահատության հասցնող պարտություններ եւ հանուն ոչնչի կորուստներ: Սկսեցինք երկրի մասնատումը Կիրանցից ու մասնատելով գնում ենք Սյունիք: Դեկտեմբերի 31-ին մարդը կանգնելու է տոնածառի տակ ու առանց ամաչելու երգի իր «խաղաղության» երգը, թե սահմանազատում ու սահմանագծում ենք արել, որ պետական սահմաններ ունենանք, … Իսկ ո՞ւր է խաղաղության պայմանագիրը, մինչեւ տարեվերջ պետք է ստորագրվեր: Հա՜, պարզվեց՝ մեր Անկախության հռչակագիրն է խանգարում, Սահմանադրությունը, «Զանգեզուրի միջանցքը» չբացվելը, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու «դիմումը» մերժելը: Մի խոսքով՝ հետ նայելու ոչ մի ցանկություն չկա:
Վերջին 6 տարիների նույն հիմար վիճակն է ու դեռ մի բան էլ ավելի, եթե հիշենք Թուրքիայի ուղղությամբ կատարված անտեղի ծամածռություններն ու երկու զույգ մի կենտ դաշնակիցների հետ հարաբերությունների քայքայումը:
Ասում են՝ նույնիսկ ամենադժվար պահերին պետք է առաջ նայել: Նայենք, դեմ չեմ: Իսկ ի՞նչ կա առջեւում… Նույն իշխանությունն է, նույն պարտված երկիրը, նույն կոռուպցիան, նույն բռնատիրությունը, նույն բարոյալքված ու պառակտված հասարակությունը: Այդ ի՞նչ հրաշք պետք է տեղի ունենա, որ վերադառնանք հին ու բարի ժամանակներին, երբ բոլոր առաջավոր ազգերի հետ էինք քայլ բռնում, հավասարը հավասարի նստում, վեր կենում, հարգում ու հարգանք վայելում: Խոսում ես՝ թուրքն է գլխիդ տալիս, չես խոսում՝ ռուսը… Բա 30 տարի անկախություն ունենաս ու մի ապուշի պատճառով էս օ՞րն ընկնես… Թե բա՝ առաջ նայիր: Նայում եմ… 2025-ին իշխանության մսուրքի մոտ կապված անասուններն ավելի կհարստանան, աղքատ եւ ծայրահեղ աղքատ պողոսների թիվն ավելի կմեծանա, ու կամաց-կամաց կհասնենք հուսալքության դուռը: Երկիր չկա, աշխատանք չկա… Փախուստ է ամենուր՝ փախեփախի նախերգանք: Բայց դու առաջ նայիր, ապագա կա… Ապագա միշտ էլ կա, ապառնի ժամանակը դեռ ոչ ոք չի վերացրել: Հարցն այն է, թե ինչպիսին է քո ապագան, եւ արդյոք դու ցանկանո՞ւմ ես այդպիսի ապագա:
Շնորհավոր բոլորիդ Նոր տարին, սիրելի հայրենակիցներ: Շատ էլ ականջ չկախեք իմ այսօրվա դառը խորհրդածություններին: Դուք ձեր անելիքներին ու ծրագրերին նայեք, ձեր գործերին, շարունակեք ուրախանալ ձեր երեխաներով… Թող 2025-ը լավ տարի լինի: Աստծով: