Նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մի խումբ ՔՊ-ականների հետ մասնակցեց կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած ֆեյք պատարագին։ Մի մասը եկեղեցու ներսում «պատարագն» էր ունկնդրում, իսկ մյուսները բակում էին մնացել՝ մոտ 700-750 անձ։ Նրանց մեջ կային մոտ 100 վառ նիկոլականներ, մյուսներն իշխանական քաղաքական գործիչներ էին, անվտանգության աշխատակիցներ, ոստիկանության բացահայտ եւ ծպտյալ ծառայողներ։
Նախորդ կիրակի նկատեցիք, որ Հովհաննավանքի տարածքում, ակնոցն աչքերին, այս ու այն կողմ էր քայլում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ նախկին պետ Սուրեն Թորոսյանը․ մինչ կփորձեինք զրուցել նրա հետ, նա անհետացավ մեր տեսադաշտից։ Սուրեն Թորոսյանը, հիշեցնենք, այդ մարզի ամենամոլի նիկոլականն է, անգամ մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթությունը նորաձեւ է» միջոցառումներին։ Սուրեն Թորոսյանի պաշտոնն այս տարվա սկզբին Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանը բարձրացրել էր․ այդ ժամանակ գրել էինք, որ նա համայնքապետարանի կոմունալ բաժնում աշխատանքի է նշանակվել։
Նշենք նաեւ, որ Սուրեն Թորոսյանի դեմ քրեական գործ կա հարուցված։ Քրգործը վերաբերում է նրան, որ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավանի բնակիչ՝ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ՝ 24-ամյա Ա. Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս դրա արդյունքում ստացել էր ամբուլատոր բուժօգնություն։ Գործն այժմ հայտնվել է փակուղում՝ առաջ չի գնում, քանի որ հանցանք կատարած անձը կարկառուն ՔՊ-ական է, իսկ իրավապահներն այդքան համարձակություն չունեն, որ նրան մեղադրանք առաջադրեն եւ գործն ուղարկեն դատարան։ Ենթադրվում էր, որ այդ դեպքից հետո նման վարք դրսեւորած պաշտոնյան գոնե պետք է ազատվեր ՋՕԸ պետի պաշտոնից, սակայն նրան մի բան էլ առաջ են տարել՝ նոր պաշտոն տալով։
Ի դեպ, Սուրեն Թորոսյանն էլ միանգամայն «ճիշտ» հետեւություն է արել, որ եթե ինքն անպատիժ է մնում, ուրեմն ինչ ուզենա, կանի, եւ սոցիալական ցանցերում շարունակում էր խուլիգանական վարք դրսեւորել՝ հայհոյանքներ գրելով իշխանության ընդդիմախոսների հասցեին։
Երեկ փորձեցինք զրուցել Թորոսյանի հետ, սակայն Թալինի համայնքապետարանի աշխատակիցն ասաց, որ նա աշխատում է Արագածավանի համայնքապետարանում։ Վերջինիս վարչական ղեկավար Արթուր Նազարյանին հարցրինք՝ Ս․ Թորոսյանը համայնքապետարանո՞ւմ է, կարո՞ղ ենք զրուցել նրա հետ։ «Սուրեն Թորոսյանը Թալինի համայնքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատուն է, պետը Հայրապետյանն է, բայց ոչ Արագածավանում, այլ գյուղերում է։ Իրեն տեղափոխել են մարզի մեջ այլ գյուղերում աշխատելու, ինքը նստելավայր չունի, ունեցել է, բայց հիմա չունի, Արագածավանում կոմունալ բաժին ունենք, որին սենյակ է հատկացված, ինքն այդ սենյակում նախկինում նստել է»։
Իսկ թե քանի գյուղ է «հատկացված» Թորոսյանին, որ գյուղերի հետ է նա աշխատում, վարչական ղեկավարն ասաց՝ այդ հարցով պետք է դիմել Թալինի համայնքապետարան։ Իսկ Թալինի համայնքապետարանն այս օրերին զբաղված է առաջիկա կիրակի կայանալիք «մեծ» իրադարձության նախապատրաստությամբ․ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս անգամ պատարագի մասնակցել Թալինի եկեղեցում՝ Տեր Թադե քահանայի մատուցմամբ։ Վերջինս, հիշեցնենք, կարգալույծ արված չէ, բայց անցած շաբաթ մասնակցել է կարգալույծ Արամի պատարագին եւ տարանջատվել Մայր Աթոռից՝ քննադատելով Եկեղեցուն եւ իր աջակցությունը հայտնելով կարգազանց քահանային։