Քաղաքականություն

Բարեխոսենք խեղճ հուսարի համար

Բարեխոսենք խեղճ հուսարի համար

Վստահաբար կարելի է ասել, որ «Միասնության թեւերով» քաղաքական դաշտ իջած Արման Թաթոյանն առաջին օրերին համակիրների լավ շրջանակ ուներ: Քիչ չէին մարդիկ, որ, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանի նրա նախընթաց գործունեությունը եւ մարդկային նկարագիրը, պատրաստ էին քաղաքական ճանապարհ գնալ նրա հետ: Քաղաքականության մեջ նոր դեմք էր, իսկ դա բավական էր, որ քաղաքական արդեն եղած դեմքերից «հոգնած» հանրության մի մեծ հատված, այն հատվածը, որ միշտ ասում է՝ ա՜, մեկ է, մասնակցենք ընտրություններին, թե չմասնակցենք, արդյունքը որոշված է վերեւներում, հետաքրքրություն ցուցաբերի նրա հանդեպ: Մի խոսքով՝ սկիզբը խոստումնալից էր, կողքին էլ խելացի մարդիկ կային, եւ Թաթոյանն անգամ կարիք չուներ հատուկ քայլեր անելու քաղաքական դաշտում վխտացող, ներողություն արտահայտությանս համար՝ տարատեսակ քաղաքական բոմժերից տարանջատվելու համար:

Ամեն ինչ լավ էր՝ մինչեւ Արման Թաթոյանի վերջին ասուլիսը: Թե ինչ մեղու կծեց նրան այդ ասուլիսի ժամանակ, չեմ կարող ասել: Ախր, ամեն ինչ այնքան հանկարծակի էր ու այնքան «տապոռային»… Մի՞թե Թաթոյանի նման խելացի եւ կազմակերպված մարդը հաշվի չէր առել նման արձագանքը: Այլապես ինչո՞ւ պետք է հայտարարեր, որ նախկին նախագահները, եթե ուզում են Նիկոլը պարտվի, պետք է դուրս գան քաղաքականությունից եւ չմասնակցեն 26թ. ընտրություններին: Երեկ՝ մեկ, այսօր՝ երկու, մտել ես քաղաքականություն՝ համարյա դժոխք, եւ սկսում ես թրատե՞լ… Մի հատ արի տեսնենք՝ ով ում բարեկամն է, ով ինչ փորացավով է այդ դժոխքում հայտնվել, մարդիկ արած ունեն, չունեն, անելիք ունեն, չունեն… Փոխանակ աջակիցներ փնտրելու, Նիկոլից ավելի Նիկոլ եք ձեւանում, պարոն Թաթոյան: Պաշտոնյաների վիզը կպոկեմ, չգիտեմ ինչեր կանեմ… Որտեղի՞ց իրավաբան մարդուն այսքան պոպուլիզմ, պարոն Թաթոյան:

Ինչեւէ, հետո պարզվեց, որ Արման Թաթոյանին մեղուն ավելի շուտ էր կծել: Պարզողներն էլ սոցիալական կայքերն էին՝ իրենց տեսանելի եւ անտեսանելի հեղինակներով: Ես նրանց այնքան էլ չեմ վստահում, բայց այն, ինչ Թաթոյանի մասին գրվում եւ ասվում էր ասուլիսին հաջորդած ժամերին, կարող էր նաեւ հեռու չլինել իրականությունից: Ավելի ճիշտ՝ մեր կյանքից, մեր տեսածից, մեր պատկերացումներից եւ մեր զգացածից: Պարոն Թաթոյան, Դուք, առանց անուններ տալու, կրկնել էիք Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին՝ քանի նրանք կլինեն, ես կլինեմ վարչապետ: Ո՞վ Ձեզ խորհուրդ տվեց այդպիսի բան անել: Կա՛մ Դուք ինձ այդ «մեղվի» տեղը ցույց կտաք, կա՛մ ես, ինչքան ուժ ունեմ, կմերժեմ Ձեզ: Սոցիալական կայքերը Ձեզ ում դուռն ասես, որ չտարան, ինչ անուն ասես, որ չկպցրին, էլ բան չմնաց, որ չհիշեին ՄԻՊ պաշտոնում Ձեր աշխատած տարիներից: Այնպես արեք, որ ես եւ ինձ նման շատերն այդ ամենին չհավատանք: Թույլ տվեք ինձ հիշել այն Արման Թաթոյանին, որին ընդդիմությունը նույնիսկ ուզում էր միասնական թեկնածու դարձնել, այն Արման Թաթոյանին, որ այն ժամանակ համեստություն ունեցավ եւ հայտարարեց, որ դրա համար ինքը կուզենար ունենալ ՀՀ նախագահների հավանությունը:

Ամենեւին տուրք չտալով սոցիալական կայքերում բարձրացած աղմուկներին՝ կուզենայի պարոն Թաթոյանին երկու բան հուշել: Պարոն Թաթոյան, եթե դեռ չեք փոշմանել քաղաքականություն մտնելու համար, ապա Ձեր թիմին կամ, ինչպես անվանում եք՝ շարժմանը, անկողմնակալ քաղտեխնոլոգներ են պետք՝ մարդիկ, որոնք ոչ միայն Ձեզ կասեն ինչ անել, այլեւ՝ ինչ չանել, ինչ ասել եւ ինչի մասին լռել: Եվ ամենակարեւորը՝ իրենց խորհուրդներով այդ մարդիկ Ձեզ կսովորեցնեն տարբերվել մյուսներից… Եթե անկախ ես, կսովորեցնեն՝ երեւալ ավելի անկախ, եթե ունես սեփական ծրագրեր ու գաղափարներ, կօգնեն՝ դրանք ավելի ցայտուն եւ հասկանալի դարձնել հանրության աչքին: Եվ ապա՝ գործել ընդդիմության դաշտում եւ քարեր նետել ընդդիմության բոստանը՝ նշանակում է լինել ընդդիմության ընդդիմություն, իսկ դա էլ իր հերթին նշանակում է՝ դույլով ջուր կրել իշխանության ջրաղացի համար: Հասկանում եմ, Դուք նոր մարդ եք քաղաքականության մեջ, բայց, միեւնույն է, քաղաքականության մեջ էլ ամեն ինչ սովորում են այբուբենից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image