Ներողություն եմ խնդրում բոլոր ընթերցողներից՝ իշխանական, թե ընդդիմադիր, «Հրապարակի» էջերից իմ երկօրյա բացակայության համար: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, նկատել եք, թե ոչ, բայց ես իսկապես բացակայել եմ: Դե հիմա ո՞ւմ հետ չի պատահում: Բայց ես մեծամիտ չեմ, ու խիղճս էլ հանգիստ է, որ առանց ինձ էլ ընթերցողները կարողացան տեսնել ու լսել հայրենի իշխանությունների վերջին օրերի օյինբազությունները, սեփական գնահատականները տալ դրանց ու անհրաժեշտ հետեւություններ անել: Խոսքը վերաբերում է հովիվների մասին Փաշինյանի հայտարարությունից մինչեւ նրա գլխին «խնձորով տալու» ժամանակահատվածին: Ուրեմն երկրում այսքան բան տեղի ունենար, ու ես բացակայեի՞… Չլսված բան է, բայց ի՞նչ անեի, դիմել էի հոգեբանի, գանգատվել, որ նյարդերս արդեն տեղի են տալիս, նա էլ խորհուրդ էր տվել մի քանի օրով հեռու մնալ ընդհանուր թոհուբոհից: Նույնիսկ Հանրապետության հրապարակի որակյալ ասֆալտն անորակ ասֆալտով փոխարինելու մասին ոչինչ չգրեցի, որպեսզի հոգեբանս չասի՝ հը՜ը՜ը՜, էլի՞ սկսեցիր: Ինչեւէ…
Երեկ իմացա, որ Բուսաբանական այգի է այցելել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Եկել էր ծանոթանալու այգու տարածքում հիմնվող, այսպես կոչված, «կյանքի պուրակի» շինմոնտաժային աշխատանքների ընթացքին: Դա մի շատ սովորական այցելություն էր, եթե հաշվի առնենք այն, որ այդ աշխատանքների պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է: Այսինքն՝ Ավինյանն ի պաշտոնե էլ պարտավոր է վերահսկել կատարվող աշխատանքները: Բայց կգա՞ր, արդյոք, Ավինյանը «կյանքի պուրակի» շինարարություն, եթե իրենից առաջ այնտեղ չլիներ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլին պատմած չլիներ Բուսաբանական այգու անմխիթար վիճակի, այս տարածքում աննախադեպ ծառահատումների, կանաչ տարածքների ոչնչացման, խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակի, ավերակների վերածված շենք-շինությունների մասին: Ավինյանը, փաստորեն, այգի էր եկել ոչ թե ի պաշտոնե, այլ որպեսզի ցրի Արայիկ Հարությունյանի այցից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ առաջացած մռայլ տպավորությունները:
Սա իմ կարծիքն է, իհարկե, եւ ես այդ կարծիքին եմ եկել՝ դիտելով Ավինյանի այցելության մասին պատմող քաղաքապետարանի տեսանյութը: Նիկոլի ստերի մասին շատ էինք լսել, Հ1-ի՝ նույնպես, բայց որ մունիցիպալիտետի տելեն կարողանար այդպես ստել ու այդքան կեղծ գույների մեջ ներկայացնել քաղաքապետին, անհնար էր երեւակայել: Նույնիսկ Ավինյանի ձայնը կար տեսանյութում՝ այս ենք անելու, այն ենք անելու, այս է լինելու, այն է լինելու… Բոլորն ապառնի ժամանակում: Իսկ ներկայում միայն ավերակներ են, փոշու ու կեղտի մեջ քայլող մի քաղաքապետ՝ հետեւից մի քանի հոգու գցած: Ու դարձյալ ես չստացա ինձ հուզող հարցի պատասխանը՝ արա, այ ախմախներ, դուք ուրիշ տեղ չգտա՞ք՝ ձեր այլասերված պատկերին հարիր «կյանքի պուրակ» հիմնելու համար, որ եկաք, Երեւանի բուսաբանական այգին ավերեցիք: Ձեր կառուցելիք ջրավազանները, ծառուղիները, կասկադները, հեծանվուղիները ձեր գլխին կպնեն, այգին ջրահավաք ավազան էլ ուներ, ջրագծեր էլ, ծառուղիներ էլ, հեծանվորդների պակաս էլ չկար: Էս ի՞նչ արեցիք, ինչո՞ւ եք կտրում ծառերն ու հազվագյուտ բուսատեսակները, ինչո՞ւ եք բուլդոզերի տակ տալիս տնկարաններն ու ամեն ինչ, որ ձեր հիմար պլանների մեջ է մտնում: Ասեիք՝ փակում ենք Բուսաբանական այգին, այդքան դուխ չունեի՞ք: Ավինյանը, թե բա՝ «կյանքի պուրակը» նվիրվելու է մեր բոլոր-բոլոր նահատակներին: Բա չասե՞ս՝ տո ստի մե՞րը… Արա, դու այդ ի՞նչ նահատակների մասին ես խոսում, հլա մի նահատակի անուն տուր, որ նահատակվել է հանուն իրական Հայաստանի… Կարո՞ղ ես: Չես կարող, Նիկոլն էլ չի կարող, ոչ մեկդ չեք կարող: 44-օրյա պատերազմում ոչ մի հայ տղա չի զոհվել հանուն այս քնձռոտ Հայաստանի: Քառօրյա պատերազմում՝ առավել եւս, Արցախյան պատերազմում՝ առավել եւս… Դուք ո՞վ եք, այ մահվան «հրեշտակներ», որ արցախյան պատերազմներում զոհված մեր հերոսների համար «կյանքի պուրակ» կառուցեք:
Ժամկետ են նշում՝ մինչեւ 2026թ. վերջն ավարտելու ենք աշխատանքները: Ժամկետն էլ Նիկոլն է դրել: Այսինքն՝ ստում են: Սա նշանակում է, որ եթե 2026-ի աշնանն ընտրություններ լինեն, իրենք կկարողանան «կյանքի պուրակը» քարոզչանյութ դարձնել, գնալ, նկարվել այնտեղ, ծնկի գալ իրենց պատկերին հարիր ինչ-որ արձանների առաջ՝ իբր հերոսների հիշատակն են հարգում: Այ ողորմելիներ, դրա համար հատուկ տեղ կա, Եռաբլուր է կոչվում, որտեղ, ավաղ, դուք մերժված եք, ու ձեզ ոչ ոք չի սպասում:
Իմ «բացակայության» օրերին, պարզվում է, մի քանի ուշագրավ բաներ էլ են կատարվել: «Հրապարակն» ի մասնավորի գրել էր, որ վերջին օրերին ՀՀ իշխանություններն ակտիվորեն զբաղվել են ուղեղներ լվանալու գործով: Նրանց թիրախը դպրոցահասակ երեխաներն են՝ սկսած 4-րդ դասարանից եւ վերջացրած ԱԺ այցելող դպրոցականներով: Բանախոսներն էլ՝ ընտրովի․ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Վահագն Հովակիմյան… Խեղճ մատաղ սերունդ, դու, ախր, չես էլ հասցրել Հայրենիքի մասին երազել, նորմալ դասագիրք առնել ձեռքդ, քո մայրենի լեզուն սովորել… Ի՞նչ է լինելու քո վերջը, եթե ուսուցիչներդ Նիկոլն ու Ալենն են, յա թե չէ՝ Հովակիմյան Վահագը: Բայց այս խայտառակությունը՝ դեռ մի կողմ, դա ուղղելի է, նորոգելի է: Իսկ ինչպե՞ս նորոգենք Նիկոլ Փաշինյանի մերկ լուսանկարներն ու կլիպները, որ այս օրերին լայնորեն տարածվում են բոլոր սոցցանցերում: Ո՞վ էր տեսել՝ երկրի ղեկավարը մի վարտիքով երեւա հանրությանը: Լավ էր՝ քամի չէր, այլապես վարտիքի փեշերը բարձրացնելու էր, եւ վարչապետական ժողգործիքները հայտնվեին ազատության մեջ: Հետո էլ ասում եք՝ էն Աբո ձյաձյան ինչո՞ւ կատաղեց ու խնձորով տվեց Նիկոլի գլխին: Լավ արեց, ողջունում եմ Աբո ձյաձայի զայրույթն էլ, քաղաքական անհնազանդությունն էլ, նյարդերի պայթյունն էլ… Ափսոս, որ Աբո ձյաձյան ջահել ժամանակ դիպուկահար չի եղել, այլապես Բուսաբանական այգու «կյանքի պուրակը» Նիկոլի պուրակ էր դառնալու: Թե բա՝ խուլիգանություն: Խուլիգանությունը հանրության առաջ մի տրուսիկով կանգնելն է, իսկ Աբո ձյաձյայի արարքը խուլիգանություն կարելի է որակել զուտ այն իմաստով, որ ուղղված է եղել խուլիգանի դեմ: Նույն տրամաբանությամբ՝ նման արարքները կարելի է որակել դավաճանություն, խեղկատակություն, բոզիտղություն եւ այլն:
ՀԳ. Պարոն Ավինյանին. հարգելի ժողընտիր քաղաքապետ, մյուս անգամ Բուսաբանական այգի արի այն ժամերին, երբ ես այնտեղ կլինեմ: Խոստանում եմ քեզ ամեն ինչ պատմել այգու մասին, որի պատասխանատուն իբր դու ես: Սիրով կսպասեմ ձեր մյուս այցելությանը, որը, կարծում եմ, տեղի կունենա ոչ ուշ, քան մետրոյի Աջափնյակ կայարանի բացումը: Ցանկալի է քննարկում այգու ղեկավարության, շինարարների եւ այգու այցելուների մասնակցությամբ:
