Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սանմաքրման աշխատակիցները, որոնք մինչեւ հունիսի 7-ը` համազգեստները հագին, եռանդով մաքրում էին փողոցները, ջրում-քաղհանում կանաչ տարածքները: Նկատեցի՞ք` ինչպես հանկարծ դադարեցին ասֆալտապատման, փոսալցման, սալիկներ փոխելու եւ քաղաքի նորոգման մյուս բոլոր աշխատանքները, որոնք եռանդով իրականացվում էին նախընտրական շրջանում:
Իսկ արձանագրեցի՞ք, թե ինչ արագությամբ նվազեցին առողջապահական անվճար ծառայությունները, ինչ արագությամբ սկսեցին խոսել համավճարների, անվճար դեղերի բացակայության մասին, եւ վիրահատվողների հերթեր գոյացան: Լսեցի՞ք, որ հանրապետությունով մեկ կրճատել են նպաստառուների ցուցակները` հայտարարելով, որ 10 հազարով թոշակի ավելացումը անապահովության միավորները նվազեցրել է, եւ հազարավոր մարդիկ հանրապետությունով մեկ զրկվել են իրենց նպաստից:
Կարծում եմ` լսել եք նաեւ ակցիզային հարկի բարձրացման մասին, որով ծխախոտ, ալկոհոլ գնողների, բենզին գործածողների ծախսերն են մեծանալու: Հեռախոսների IMEL կոդերի կիրառումը եւս նոր հարկային բեռ է ավելացնելու` ե՛ւ բջջայիններ ներկրողների, ե՛ւ գնողների համար:
Սա՝ ընդամենը 20 օրում: Դեռ ինչե՜ր ենք տեսնելու առաջիկայում: Ընտրություններից հետո այս իշխանությունը կամաց «պնդացնելու է ոտը»` նորանոր հարկեր է սահմանելու, նոր բեռ է ավելացնելու սպառողների ուսերին, խուսափելու է իր պարտականությունները կատարելուց, բայց պարտադրելու է ՀՀ քաղաքացիներին, որ սրբորեն կատարեն հարկատուի, քաղաքացու իրենց պարտականությունները:
Այս ամենի մասին մենք զգուշացնում էինք ՀՀ ընտրողին` փորձելով բացատրել, որ չի կարելի նույն անձին երրորդ անգամ պաշտոնավարելու հնարավորություն տալ: