Անցյալ շաբաթ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը երկար խոսեց աղջիկ երեխաների հետ կապված սելեկտիվ աբորտների մասին։ Համաձայն վիճակագրության, որը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»։ Խնդիրն իրոք լուրջ է, հատկապես մեր նման փոքր երկրների համար։ Սակայն այս մասին չէ, որ կուզենայինք խոսել։
Օրերս այս թեմայով Մայր Աթոռի մեր բարձրաստիճան աղբյուրներից մեկի հետ զրույց ունեցանք եւ վերջինս պատմեց, որ առաջինը աղջիկ երեխաների հետ կապված սելեկտիվ աբորտների թեման բարձրացրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Այն ժամանակ Բագրատ Սրբազանը եղել է Կանադայի թեմի առաջնորդ։ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ, կարծես, երբ Սերժ Սարգսյանը այցելել էր Մայր Աթոռ` հանդիպելու Հայաստան ժամանած Հայ եկեղեցու եպիսկոպոսներին, նաեւ՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, հանդիպման ժամանակ երբ հարցուպատասխան է սկսվել նախագահ Սարգսյանի ու բարձրաստիճան եկեղեցականների միջեւ, Իրաքի թեմի այն ժամանակվա առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը խոսք է վերցրել ու ներկայացրել Հայաստանից արտագաղթի խնդիրը։ Սերժ Սարգսյանը փորձել է հարցը այնպես ներկայացնել, թե Հայաստանում կյանքը վատ չէ, ուղղակի նրանք, ովքեր արտագաղթում են, ավելի լավ կյանք են ուզում գտնել արտերկրում։ Ավագ Սրբազանից հետո խոսք է վերցրել Բագրատ Սրբազանը, խոսել սելեկտիվ աբորտների թեմայի մասին։
«Բոլորս էինք զարմացած։ Կարելի է ասել, խնդիրն առաջին անգամ բարձրաձայնվեց։ Բագրատ Սրբազանը եթե ճիշտ եմ հիշում, ՄԱԿ վիճակագրություն ներկայացրեց, որի համաձայն Հայաստանը աղջիկ երեխաների հետ կապված սելեկտիվ աբորտների ցուցանիշով աշխարհում առաջատար դիրքեր ուներ ու դա չափազանց լուրջ խնդիր էր։ Չեմ հիշում, թե նախագահ Սարգսյանը ինչ «լղոզեց»` իր խասյաթի համաձայն»,- մանրամասնեց մեր աղբյուրը, սակայն հենց որ հանդիպումն ավարտվեց, կարծեմ` Վիգեն Սարգսյանը, խնդրեց, որ Բագրատ Սրբազանն իրեն փոխանցի խնդրի հետ կապված իր ունեցած տվյալներն ու ուսումնասիրությունները։ Ապա արդեն հարցը սկսեց արծարծվել հայկական մամուլում, սակայն ինչպես շատ այլ կարեւոր հարցեր, մի քանի օր անց, քաղաքական թրենդները դա էլ «կերան» ու այդպես էլ հարցը մնաց «օդում կախված»․- ամփոփեց բարձրաստիճան եկեղեցական մեր աղբյուրը։