Քաղաքականություն

Որովհետև կարևորն իրենք են, իրենց պաշտոնները… 

Որովհետև կարևորն իրենք են, իրենց պաշտոնները… 

Հողատարածքները «հատիկ առ հատիկ» վերադարձնում են նախկիններից, բայց բուռ առ բուռ հանձնում թշնամուն: Եթե դրա տրամաբանությամբ շարժվենք ևս մի քանի տարի, ապա նախկինների «թալանածը» չի բավականացնելու, որպեսզի թշնամուն հանձնելիք ունենանք: Բացի դրանից, թշնամական Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության հաստատումից հետո, դեպի ուր տարվում է մեր երկիրը, թշնամին այլևս չպետք է դիտարկվի որպես այդպիսին: Ինչը ենթադրում է, որ ինչ-որ պահից սկսած «հատիկ առ հատիկ» գործընթացը կարող է կազմակերպվել բարեկամ Ադրբեջանի իրավական համակարգի ներկայացուցիչների կողմից: Ինչն այդ գործընթացը կդարձնի առավել արդյունավետ՝ հաշվի առնելով, որ չեն առաջանա, մի կողմից, խոչընդոտներ ազգակցական-կլանային կապերի առումով: Մյուս կողմից, առաջանալու դեպքում դրանք շատ արագ կճնշվեն՝ հաշվի առնելով բռնապետության հաստատման առումով ավելի մեծ առաջընթացը հարևան երկրում: Ինչն էլ, որպես փորձի փոխանակում, կփոխանցվի ՀՀ գործող իշխանությանը:

Իսկ այդ փորձառությունն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև Սպիտակ տանը նախաստորագրված համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ գործող իշխանությունը կարողանա արդյունավետ պայքարել «անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»՝ ըստ հոդված 8-ի: Թե գործնականում ինչ տեսք է ընդունում անհանդուրժողականության, նաև ռասայական ատելության և խտրականության դեմ պայքարը, ցույց է տալիս, ասենք, Անգլիայի օրինակը: Այդ երկրում սևամորթ կամ մահմեդական երիտասարդները կարող են բռնաբարել կամ նույնիսկ սպանել բնիկ անգլուհիներին, սակայն հանցագործության դեմ սոցցանցային գրառումների հեղինակներն անմիջապես կենթարկվեն պատասխանատվության: Թե դա երբ կկատարվի հանցագործների առումով՝ Աստված գիտե: Կամ 14-ամյա անգլուհին ստիպված լինի մոտը դանակ ու կացին պահել իրեն պաշտպանելու համար, սակայն դատապարտվի օրենքի պահանջով (տեսանյութը նախորդ օրն եմ դիտել):

Իսկ թե ինչ պայքար է մղվելու Հայաստանում անջատողականության դեմ՝ դժվարանում եմ ասել: Բայց որ արցախցիների՝ իրենց պապենական ծննդավայրերը վերադառնալու ցանկության արտահայտումը կամ նույնիսկ զուտ նման ցանկություն ունենալը կդիտարկվի որպես անջատողականություն այսուհետ բարեկամ երկրում՝ կասկածի նշույլ չունեմ: Ինչ մնում է բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին, ապա այն 2021-ից տարվում է այդ պետությունում: Եվ եթե մինչև երկու երկրների միջև «բարեկամության համաձայնագրի» կնքումն այն միակողմանի էր, ինչն անընդհատ խնդիրներ էր առաջացնում Ադրբեջանի բռնապետի համար իր գործընկեր Արևմուտքում, ապա դրանից հետո կվերածվի ՀՀ իշխանության հետ համաձայնեցված՝ երկկողմանի գործընթացի: Ինչով էլ կլուծվի անօրինական դատալսումներին ու դատապարտումներին օրինավորության շղարշ տալու խնդիրը: Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ինչ էր նշանակում հարևան երկրի բռնապետի այն պնդումը, թե պայմանագիրն էն գլխից նախագծվել է ադրբեջանական պահանջները կյանքի կոչելու մտադրությամբ:

Ինչ մնում է այդ հանգամանքը ՀՀ գործող իշխանության կողմից գիտակցելուն, ապա դրանում կասկած չունեմ: Եթե ես, որ երբեք պետական պաշտոն չեմ ունեցել, այդ ամենը գիտակցում եմ, ապա յոթ տարի պետություն ղեկավարողները պետք է անմեղսունակ լինեին, որպեսզի դա չհասկանային: Կամ էլ, ինչն այս դեպքում շատ ավելի հավանական է, նրանք գնացել են ադրբեջանական պահանջները բավարարելուն հանուն իշխանության պահպանման՝ թքած ունենալով թե՛ հայոց պետականության, թե՛ Հայաստանի ինքնիշխանության, թե՛ ազգային արժանապատվության և թե՛ մնացած այլ գործոնների վրա: Որովհետև կարևորն իրենք են, իրենց պաշտոնները… Իսկ «հատիկ առ հատիկն» ու «խաղաղության և ոչ խաղաղության» կարգախոսը պողոսների համար է, որպեսզի նրանց կրկին անգամ հիմարացնելով՝ 2026-ին ապահովեն իշխանության վերարտադրությունը:    

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image