Հասարակություն

«Հրապարակ»․ Տնային կալանքից ազատվել է եւ գնացել Ծաղկաձոր

«Հրապարակ»․ Տնային կալանքից ազատվել է եւ գնացել Ծաղկաձոր

Նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «ռազբորկա» էր տեղի ունեցել Գորիսի կենտրոնում․ մի խումբ երիտասարդներ մահակներով ծեծի էին ենթարկել հորը եւ որդուն, հնչել էին կրակոցներ։ Պատահարի հիմքում աղջկա թեմա էր: Ծեծողների մեջ էր նաեւ Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբորորդին՝ Արման Ղուլունցը, նաեւ՝ քրոջ որդին։

Մենք գրել էինք, որ միջադեպից հետո ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ էին ընթանում՝ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքից անցել է մոտ կես տարի, մեզ Գորիսից տեղեկություններ են փոխանցում՝ Արման Ղուլունցը մի քանի ամիս տնային կալանքի տակ է եղել, վերջերս փոխվել է նրա խափանման միջոցը, եւ, ըստ լուրերի, նա այժմ Ծաղկաձորում հանգստանում է։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից այս գործի մասին շատ սուղ ինֆորմացիա ենք ստանում։ Միայն  հայտնի է, որ գործով 5 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, նրանց՝ բոլորին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշով, բացառությամբ Ջոն Գյուրջյանի, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ կատարել է «զենքի եւ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկայի գործադրմամբ խուլիգանություն», ինչպես նաեւ՝ ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական վարույթով ներկայացրել է կեղծ ապացույց։ 5 մեղադրյալից 3-ի նկատմամբ կիրառվել է գրավը որպես խափանման միջոց, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ 

Ծեծուջարդ իրականացրած, կրակոցներ արձակած ՔՊ-ականի եղբորորդուն «խուլիգանության» մեղադրանք են առաջադրել, ինչը բավականին մեղմ հոդված է՝ կատարված արարքի համար։ Հերթական անգամ տեսնում ենք ընտրովի արդարադատության օրինակ: Ստացվում է, որ կարելի է հրապարակային  կարգով մահակներով մարդ ծեծել, կրակել, բայց մնալ ազատության մեջ եւ մի մեղմ հոդվածով մեղադրվել, իսկ, օրինակ, Արշակ սրբազանի դեպքում՝ առանց հիմնավորման եւ ապացույցի ամիսներ շարունակ պահում են բանտում՝ մարիխուանայի մի կեղծ գործով։ Վերը նշված դատական գործը Գորիսի դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի վարույթում է։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image